ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Չնայած նրան, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները երաշխավորություն էին ներկայացրել դատարան` ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, սակայն դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց այն: Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ եւս երեք ամիս: Այսքանից հետո զարմանալի է, թե էլ քանի՞ կոպեկի արժեք ունի այս գումարման խորհրդարանում պատգամավորի մանդատը պահելը, երբ անգամ մի դատավորի համար 30 պատգամավորի կողմից երաշխավորագիրը բավարար հեղինակություն չէր: Այս առումով դժվար է չհամաձայնել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ, ում կարծիքով` «Արմեն Աշոտյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատությանը հասնելու համար Ազգային ժողովի 30 պատգամավորները ոչ թե պետք էր դատարանի երաշխավորագրեր ներկայացնեին, այլ սկսեին ՀՀ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց»։
Ընդհանրապես` երկիրը դարձել ոչ թե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում` իրական, այլ` դատարանից դատարան Հայաստան: Այսօր կհրապարակվի քաղբանտարկյալ ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻ վերաբերյալ շինծու գործով վերդիկտը: Ուղնուծուծով քաղաքական գործ քննելով հանդերձ` դատավոր Սուսաննա Գզոգյանը երեկ Մալյանի «վերջին» խոսքը դեռ չհնչեցրած` որոշեց գրաքննության ենթարկել այն` համոզելով, որ ոչ մի թթու-կծու խոսք չասի:
Ոչ միայն զավեշտալի, այլ զվարճալի է, թե ինչպես հերթական անգամ իշխանությունը «գցեց»` իրենց քաղաքագետ ու քաղտեխնոլոգ հռչակած գրպանային «սազանդարներին»: Մինչ վերջիններս ջանք ու եռանդ չէին խնայում` ապացուցելու անհնարինը, թե ինչ լավ է լինելու ռուսական շուկան եվրոպականով փոխարինելը, փոխվարչապետ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ռուսական պետական «Ռիա Նովոստի» գործակալությանը վստահեցրել է, որ «ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ»։ Ավելին, ըստ Գրիգորյանի` «Առեւտրատնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու քաղաքականութունն ուղղված չէ որեւէ միությունների, առավել եւս ԵԱՏՄ-ի դեմ»: Իհարկե, ոչ պակաս ուշագրավ է այս հարցում Մհեր Գրիգորյանի ինքնավստահությունը: Տեսնես հիշո՞ւմ է, որ ինքը ներկայացնում է մի իշխանություն, որը ժամանակին խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց էր սկսել:
Ի դեպ, մինչ Հայաստանը նետվում է մեկ Արեւմուտքի ու Միացյալ Նահանգների գիրկը, Ուկրաինայի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ է ապշեցնող հայտարարությամբ հանդես եկել: Անգամ Զելենսկին է հասկացել, որ մի օր ուշ, թե մի օր շուտ Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները նրան «փուռն» են տալու: Ուկրաինայի նախագահը ո՛չ ավել, ո՛չ պակաս մուննաթ է եկել վերջիններիս վրա, թե` «հարկավոր են ՀՕՊ եւ այլ պաշտպանական աջակցություն, այլ ոչ թե աչքփակոցի եւ երկար բանավեճեր»: Ընդ որում` Զելենսկին «երկար բանավեճերի» մասին խոսում է այն պահին, երբ ամերիկյան Կոնգրեսը նախկինի պես չի կարողանում որոշում ընդունել Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական օգնության հերթական փաթեթի տրամադրման մասին` մոտ 60 մլրդ դոլարի չափով։ Իսկ Հայաստանում ոմանք լուրջ դեմքով քննարկում են, թե ՀԱՊԿ-ից դուրս գանք, 5-10 րոպեում ամերիկյան տանկերը լինելու են հրապարակում: