ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Մինչ տավուշցիները շարունակում են պայքարել` տուն ու գյուղ պահելու համար, իշխանական թեւում շնորհավորանքներ են հնչում: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով, մասնավորապես` նշելով. «Հայաստանի համար այս կարեւոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների բարդ շրջանում, պետական եւ քաղաքական գործչի Ձեր հարուստ փորձն անմնացորդ ծառայեցնում եք ՀՀ պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկմանը, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի ժողովրդի, կառավարության եւ անձամբ իմ կողմից»: Իհարկե, նույնիսկ կարելի էր հուզվել այս շնորհավորանքից, բայց հետաքրքիր է, որ Ն. Փաշինյանը դեռ ժողովրդի անունից է հանդես գալիս: Իսկ ամենազարմացնողն այն է, թե այդ որտե՞ղ է Վ. Խաչատուրյանն այդպես անմնացորդ աչքի ընկել ՀՀ պետական շահերի պաշտպանությանն ու սպասարկման գործում, երբ ժողովուրդը նրան հիմնականում հիշում է երեք դրվագով. երբ տաքսի էր կանգնեցնում զբոսաշրջիկների համար, դաշնամուր նվագում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների պատվին եւ լուսանկարվում` Անգլիայի թագուհու հոգեհանգստին:
Ի դեպ, Սյունիքում` Խուստուփ լեռան ստորոտին էլ դաշնամուր է նվագել աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող, դաշնակահար ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԸ: Մի կողմ թողնենք դեռ հարցը, որ մի մարզում գյուղեր են հանձնում, մյուս մարզում էլ համերգ են կազմակերպում: Բայց ուշագրավն այն է, որ բացօթյա համերգի համար նախատեսված դաշնամուրը ուղղաթիռով է բերվել։ Գուցե կգտնվեն մարդիկ, որ կասեն` հնարավորություն ունեն, արել են, հետո՞ ինչ, սակայն տեղին է մեջբերել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի դիտարկումը. «Սյունիքում շուռ եկած «Ուրալի» ջարդուխուրդ եղած զինվորին «Ֆորդով» Մեղրիից բերում են Երեւան, իսկ Համասյան կերպարի համերգի համար ուղղաթիռով դաշնամուր են հասցնում Խուստուփ: Սրանից հետո որ դրամահավաք անելուց լինեք, միանգամից Համասյանից ուզեք, էտքան ունի,որ տեղ չունի ծախսելու»։
Ինչեւէ, վերադառնանք տավուշյան խնդրին. արդեն տեւական ժամանակ է, որ աջ ու ձախ բոլորը եկեղեցուց պահանջում ու հորդորում էին, որ զանգերը ղողանջեն եւ Սարդարապատի փորձով` «Սրբազան քաջերին կանչեն այս արդար մարտին»: Եվ ահա երեկ երկար պայքարից հետո ճանապարհ փակողների հետ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏՅԱՆԸ մտավ 7-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի եւ հնչեցրեց Եկեղեցու զանգերը... Եվ ի՞նչ, ոչինչ, Եկեղեցու վրա մուննաթ եկողներն այդպես էլ արդար մարտի դուրս չեկան: Արդյունքում` պայթեց հերթական փուչիկ, թե ժողովրդին փողոց դուրս գալու համար պակասում է այն, որ Եկեղեցին վարանում է զանգերը հնչեցնել:
Այդուհանդերձ, հույսը վերջինն է մեռնում: Այս առումով ապշեցնող լավատես է դարձել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: «Ներքին զգացողություն ունեմ, որ այս տարվա ապրիլի 23-ի Ջահերով երթը չի լինի պարզապես հերթական քայլերթը` Երեւանի փողոցներով։ Կազմակերպիչները ճիշտ են անում, որ մանրամասներ չեն հայտնում։ Ամեն ինչ թող անակնկալ լինի։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունն իր նպատակին հասավ 2018 թվականի ապրիլի 23-ին։ Վստահ եմ` այդ օրվա խորհուրդը բոլորն են գիտակցում»,- գրել է նա։ Իսկ թե արդյոք ընդդիմությունն ինչ-որ անակնկալ պատրաստե՞լ է, հայտնի կդառնա երեկոյան: