ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Արդեն 9-րդ օրն է, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է անում, որովհետեւ նրա մուտքն արգելել են Հայաստան` առանց որեւէ պարզաբանման: Ուշագրավ է, որ այս հարցում կա դավադիր լռություն թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում: Ինչո՞ւ, ի՞նչ է արել, դեռ դնենք մի կողմ, բայց մարդ է, ում իրենց ժողովրդավար համարող երկու պետություն՝ Հայաստանն ու Ֆրանսիան դանդաղ սպանում են՝ բոլորի աչքի առաջ: Իսկ եթե լուրջ պատճառ կա՝ նրա մուտքն արգելելու, ինչո՞ւ իրավապահ համակարգի որեւէ գերատեսչություն մի հատ հայտարարություն չի անում, մի ռեպորտաժ էլ այդ մասին չի պատրաստում, մենք էլ իմանանք, ինքն էլ: Տավուշում կիրանցիների պայքարին միացած երկու պայմանագրային զինծառայողի խայտառակելու համար արագ-արագ Քննչականը ռեպորտաժ էր պատրաստել, բա եթե հիմքեր ունեն այս մարդուն թույլ չտալու Հայրենիք մտնել, ինչո՞ւ մի ծպտուն չեն հանում: Մի՞թե լրագրողի խոսքի ազատությունը հենց այս պահին մեռնում է` մեր երկիր դեռ չմտած:
Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ սկսել է գանգատվել, այսպես ասած, «արեւմտամետներից»: Չե՞ք հավատում, իհարկե, դժվար է հավատալ, բայց նա ո՛չ ավել, ո՛չ պակաս ասում է. «Իմ դեմ կազմակերպված եւ հստակ ուղղորդված արշավ էր իրականացվում «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից»: Չէ, այսպես որ գնա, շատ շուտով Մարուքյանը «Путин, всегда прав!» գրառմամբ շապիկով հայտնվելու է ՌԴ դեսպանատան դիմաց, միայն թե ոչ մեկ չհիշի, որ նա նույնքան պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար` 44 օրյա պատերազմից հետո` ստանձնելով պաշտոն ու հերթական անգամ սատարելով Նիկոլ Փաշինյանին:
Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Ավետիք Չալաբյանի «ՀԱՅԱՔՎԵ» քաղաքացիական նախաձեռնությունը` մասնավորապես նշելով, թե` «իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ ենք անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից` հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձեւավորմանը մասնակցելու եւ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով»։ Փաստորեն, ընդդիմադիր դաշտում դեռ մարդիկ կա՞ն, որոնք ՔՊ-ական պատգամավորներին փոխանակ խոստանան, որ իրենց մատուցած ծառայությունների համար վաղը չեն դատվի, առաջարկում են` էլի պատգամավոր դառնալ ու մաս կազմել նոր խորհրդարանի իշխող խմբակցության:
Ի դեպ, այն ինչ կատարվում է մեր օրերում, եթե ձեզ թվում է` վատ երազ է, ապա ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ պատրաստ է կմճտելով փաստել, որ, այդուհանդերձ, սա իրականություն է: Համացանցը ողողված է տեսանյութով, որտեղ վերջին օրերին ճանապարհ փակող քաղաքացիներից մեկին բերման ենթարկելիս ոստիկանը ոչ թե իրավաչափ ուժ է կիրառում, այլ` բառիս բուն իմաստով կմճտում է: «Չի կարում խփի, կմճտում ա», - բողոքում էր բերման ենթարկվող քաղաքացին` տեսախցիկների առաջ: Ինչ խոսք, զավեշտ է, բայց կարո՞ղ է ոստիկանը կմճտում է, որ նոր ծիլեր տվող պայքարին աչքով ոչ ոք չտան, թե չէ ավելի լուրջ նման պահվածքը հնարավոր չէ մեկնաբանել: