«Փաստ». Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»
Մամուլի տեսություն![«Փաստ». Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»](/timthumb.php?src=disc/23-05-24/f7ccea32a028fb3e8aad220caec21e2b.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս, անդրադառնալով Կիրանցի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականների տրամադրման փաստին՝ արդարադատության նախարարությունը այսպիսի պարզաբանում էր տարածել. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»:
Այսպիսի մեկնաբանությունը մասնագետների շրջանում, շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տվել: Շատ փորձագետներ նշում են, որ նման կերպ իշխանությունները կարող են «արդարացնել» իրենց կողմից հետագայում Հայաստանի այլ տարածքների զիջումը Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ նշել է, որ Հայաստանի 29800 քկմ (հետագայում՝ արդեն 29743 քկմ) տարածքի մեջ «չեն մտնում Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը», ստացվում է, որ, ի մասնավորի, Տիգրանաշենի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականները ևս տրվել են «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»: Այսինքն, փաշինյանական «սահմանազատման» հաջորդ փուլում տիգրանաշենցիներին կարող են ասել, որ ձեր վկայականները վավեր չեն, պետք է դուրս գաք ձեր տներից: