Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ․ Սուրենյան
Հասարակություն
Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։
Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը նշեց, որ հունիսին առանձին օրերին տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է գրանցվել +28․․․+32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռներում՝ +30․․․+34, Արարատում՝ +34․․․+36, Արմավիրում՝ +33․․․+36, Վայոց ձորի լեռներում՝ +25․․․+28, Վայոց ձորի նախալեռներում՝ +33․․․+36, Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31, իսկ Երևանում՝ +34․․․+36 աստիճան։
Անդրադառնալով առաջիկա օրերին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։ Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում։ Հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում արդեն հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։