«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար:
2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջեւ կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը:
Ինչպես Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտնել՝ խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 34,5 հազար շահառուի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում տալ:
Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարգավորի խնդիրը եւ հնարավորություն կտա արցախցիներին ստանալու իրենց հասանելիք գումարը:
Եթե ՔՊ-ն մերժի այն, ինչը շատ հավանական է, ապա ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում