Դե ե՛կ, վարդապե՛տ, ու մի՛ խենթանա...
Երեւանցիներն ահազանգում են` Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի առջեւում գտնվող երբեմնի սիրված պուրակը դարձել է «դժգույն ու դժբախտ»: Ահազանգի հետքերով` «Իրավունք»-ն այցելել է պուրակ եւ ականատես եղել, որ իրականում խոտ, թուփ ու ծառ չորացել են` այն էլ Երեւանի հենց սրտում: Քաղաքացիները մտահոգված են, որ, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաք» տեղափոխելով Կոնսերվատորիան, հաջորդ քայլն էլ լինելու է պուրակի բովանդակությունը փոխելը, ընդհուպ` այգում գտնվող Կոմիտասի հուշարձանի ապամոնտաժում: Ինչպես կասեր Սեւակը. «Դե ե՛կ, վարդապետ, ու մի՛ խենթանա»:
«Ժամանակին ուրախանում էինք, որ այգուց սրճարաններն ապամոնտաժվում են, բայց երբ սրճարանները կային, գոնե այգուն տեր էին կանգնում: Հիմա ծառերն արեւից այնպես են վառվել, որ շուտով պուրակն անապատ կդառնա», - մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքացիներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց. «Ավինյանն ասում էր` ասեք, կանենք, ասում ենք` գոնե ծառերը ջրեք»:
Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը Վարդավառին ջրցան մեքենաներն էր ի ցույց դրել, մարդկանց էին ջրում, կինո նկարում, բայց, արի ու տես, որ այգիների համար ջուր չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
