Ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես Գեղամյանի վերջին հարցազրույցը
Տեսանյութեր
Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ: Ընդամենն ամիսուկես առաջ նա դեռ պայքարով լեցուն էր եւ հենց այդ շեշտադրումներով էր նրա վերջին հարցազրույցը: Այո՛, 35-ամյա «Իրավունք»-ի վաղեմի բարեկամն իր վերջին ուղերձները հղեց հենց թերթի միջոցով:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժերի միջեւ առկա քննարկումներին՝ Արտաշես Գեղամյանը կարեւորել էր այն, որ բոլորն ընկալում են, որ սա ազգային, ազատագրական շարժում է, եւ անկախ Հայաստանի հետագա զարգացման աշխարհաքաղաքական տեսլականներից` միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ:
«Սա չարիք է, որը Հայաստանի Հանրապետությունը տանում է կործանման: Իսկ արդեն մանրակրկիտ բացելով, թե ինչպես ազատվել այդ չարիքից, բնականաբար, պետք է նկատի ունենալ, թե որ քաղաքական ուժն ինչպիսի հեռանկար է տեսնում եւ այդ հեռանկարին հասնելու` ինչ գործիքակազմ», - ասում էր Գեղամյանը եւ զգուշավոր լավատեսությամբ ընդգծում էր, որ Բագրատ սրբազանը հավատ է ներշնչում: Նա ուզում էր հավատալ, որ սրբազան շարժումը կհասնի իր նպատակին` այն է` փրկել Հայաստանի Հանրապետության պետականությունը` ազատվելով Նիկոլ Փաշինյան չարիքից:
Ա. Գեղամյանը շեշտում էր, որ այսօր մայր հարցն այն է, որ հետեւողականորեն Փաշինյանն իր ուղեվարների անմիջական ղեկավարմամբ` Հայաստանի Հանրապետության պետականությունը տանում է կործանման, տանում է Թուրքիայի վիլայեթ դարձնելու ուղղությամբ. «Սա է խնդիրը, մնացած բոլոր հարցերը հավատացնում եմ ձեզ` այո՛, իրավունք ունեն հետագայում մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դառնալ, բայց միայն եւ միայն չարիքից ազատվելուց հետո»:
Իսկ թե որոնք էին իր ասած` չարիքից ազատվելու համար լուծման ճանապարհները, ընդգծել էր. «Լուծման ճանապարհները բազում են, բայց դրանց մասին բարձրաձայնելը նշանակում է իսկզբանե զենք տալ Փաշինյանին, որպեսզի նա ամբողջ վարչակազմը, ամբողջ պատժիչ մեքենան նպատակուղղի, որ իսկզբանե չեզոքացնեն այդ լուծման ճանապարհների հետեւորդներին եւ դրա մասին բարձրաձայնողներին»:
Արտաշես Գեղամյանը խոսել էր նաեւ մինչ այսօր ընդդիմության պայքարի անհաջողությունների մասին, մասնավորապես, թե ինչու մայիսի 9-ին, երբ հոծ բազմություն կար հրապարակում եւ վերջնաժամկետ էր տրված Փաշինյանին` հրաժարական տալու, ոչինչ տեղի չունեցավ:
«Սա լուրջ վերլուծության առարկա է: Մենք ձեզ հետ միասին պետք է հաշվի առնենք այն, որ Հայաստանի նման աշխարհաքաղաքական շատ նուրբ եւ բարդ դիրք ունեցող երկրներում իշխանափոխություններն առանց միջազգային ուժի կենտրոնների անմիջական մասնակցության տեղի չեն ունենում: Համաշխարհային քաղաքականության ուժային այսօր երկու կենտրոն կա: Այդ երկու կենտրոնների շահերը մեր տարածաշրջանում խիստ իրարամերժ են: Իմ տեսակետից մենք պետք է հետեւողականորեն տանենք երկիրը Եվրասիական տնտեսական միության, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության հետ առավել խորը ռազմաքաղաքական դաշնության ամրապնդման ճանապարհով` իմանալով, որ ապագան պատկանում է նոր ձեւավորվող աշխարհակարգի այն բեւեռին, որն ընդգրկելու է իր մեջ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը եւ բոլոր այն երկրները, որոնք ԲՐԻԿՍ-ում են», - վստահեցնում էր Արտաշես Մամիկոնիչը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ