Պետություն ա կորել, չեք տեսե՞լ
Վերլուծություն
Ազգային ժողովում բորբոքված կրքերն ի ցույց դրեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ողջ «կեղտոտ սավանը»: Այլեւս անցյալում է ՔՊ-ի կուռ շարքերի մասին խոսակցությունները, հիմա եկել է միմյանց դիմակազերծելու ժամանակը: Ու այստեղ խոսքն ամենեւին էլ միջանձնային հարաբերությունների մասին չէ, այլ, պարզապես, ՔՊ-ին իշխանության բերած արեւմտյան տերերը սկսել են չվստահել Նիկոլ Փաշինյանին: Իսկ արդյունքում ձեւավորվել են ճամբարներ՝ երդվյալ նիկոլականների ու ջերմեռանդ արեւմտասորոսականների: Ո՞վ կհաղթի նյարդերի այս պայքարում, դժվար է ասել, բայց ոմանց նյարդերը ժամանակից շուտ արդեն տեղի են տալիս: Ընդ որում՝ միմյանց դեմ կոմպրոմատների պակաս ոչ ոք չունի, չէ որ ոչ մեկն էլ սուրբ չէր, երբ փողոցից հայտնվեցին Նիկոլի ճամբարում, ապա սողոսկեցին գործադիր, օրենսդիր մարմիններ, իրավապահ համակարգ:
Երեկ երեկոյան արդեն իսկ սկսեցին շրջանառվել լուրեր, թե ՔՊ-ականները հիմա էլ մտադիր են պահանջել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հրաժարականը: ՔՊ-ականները չեն մարսում այն, որ Քյարամյանը Ազգային ժողովում ի պատասխան իշխանական օրենսդիրների ճնշումների՝ երեսներին շխկացրեց հետեւյալը. «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եւ եթե եղել է այդպիսին, ուրեմն՝ ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»: Նիստը վարող ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասվածն անարձագանք չթողեց. «Դուք ԱԺ-ում եք, եւ այդ տղայական խոսակցությունը էստեղ չի անցում»: Քյարամյանն էլ տակ չմնաց. «Տղայական չի, հանկարծ չորակեք իմ խոսակցությունը: Տղայականը ազդարարման համակարգին «գործ տալ» ասելն է»: Նման բան ասել էր նույն ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, որի «պորտը» տեղը դրեց Քննչական կոմիտեի նախագահը:
ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԱՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎԻԿԸ
Արգիշտի Քյարամյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս նաեւ հայտնեց, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու` ավտոմեքենաների գործով իրեն զանգահարել են. «Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում»: Քյարամյանը խոսեց կոռուպցիայից, հիշեցինք Աղազարյանի հետ կապված եւս մի մութ պատմություն:
Բոլորովին վերջերս NEWS.am-ի տեղեկություններով՝ Հ. Աղազարյանը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Խոսքը Հայաստանից սահմանված ընթացակարգերի խախտմամբ մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տրված ենթադրյալ հովանավորչության դեպքի մասին էր, որն առնչվում էր պատգամավորի անվան հետ: Աղբյուրը նշել էր, թե՝ դեպքի առնչությամբ քրեական վարույթ կա հարուցված: Այս տեղեկությունից անցան շաբաթներ, բայց այդպես էլ չիմացանք, թե Հովիկ Աղազարյանն ինչ երեսով էր ժամանակին ասում, որ՝ «Եթե պարզվի` Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն սխեմաներում է, կինքնահրկիզվեմ», իսկ իր մասով՝ լռում: Լավ, իբրեւ հավատարիմ նիկոլական, Հովիկ Աղազարյանի եւ իր որդու վարքագիծը պարզ է, իսկ ո՞վ է «դուխ» տվել Քյարամյանին, կամ՝ ո՞ր դեսպանատունը…
ՆԵՈԼԵՎՈՆԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Ժամանակին ՀՀՇ-ականներն ասում էին՝ «Մեր դեմ խաղ չկա», իսկ այսօր նեոլեւոնիզմի շրջանում ասում են. «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել»: Ի՞նչ ասես, քուչի բազար, ուրիշ ոչինչ: Միայն թե ուզում ես շեղել այս մարդկանց իրենց ինտրիգներից ու հայտնի ֆիլմի պես հարցնել՝ «Տղե՛րք, պետություն ա կորել, չե՞ք տեսել»… Այո, այն բարդակը, որը տիրում է խորհրդարանում, պետության լինելիության մասին չէ, որ փաստում է: Ու ո՞վ պետք է ՀՀ քաղաքացուն պաշտպանի, սրա՞նք: Նախկինում, երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասում էր. «Ես Վովան եմ Գասպարյան», ներկայացվում էր սարսափազդու գեղարվեստականությամբ, իսկ ահա հիմա հասել ենք այն օրին, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը, բառիս բուն իմաստով, «կուռաժիտ» է լինում ԱԺ ամբիոնից: Ակնհայտ է, որ այս ամենը չի կարող պատահականություն լինել: Թունդ արեւմտամետ Քյարամյանը հենց այնպես չէր որոշել Ազգային ժողովում «մխել» անձեռնամխելիներին: Իսկ բանը հասավ նույնիսկ նկատողությունների:
«Պարոն Քյարամյան, առնվազն ինձ համար անհասկանալի ու անընդունելի է Ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու պատգամավորին դիմելը, նման տոնով պատգամավորի հետ խոսելը, Դուք խոսում եք ԱԺ պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք ու Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ հասկանո՞ւմ եք որտեղ եք գտնվում եւ նման ոճով եք խոսում, թե՞ հակառակը։ Ես ձեզ առաջարկում եմ՝ փոխել ձեր խոսեալոճը եւ առավել եւս ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք Ազգային ժողովի պատագամավորների հետ»,- իր խոսքում նշեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ մոռանալով Նիկոլ Փաշինյանի մատ թափ տալը հենց նույն ամբիոնից:
Իսկ Հովիկ Աղազարյանը թեպետ ասաց, որ ինչ ասում են, հավայի չեն ասում, բայց ստացվեց ինչպես միշտ. «Նույնիսկ ինքը՝ պարոն Քյարամյանն, իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել: Ճնշումը եղել է էն, որ պարոն Աղազարյանն այդ գործով շատ հետաքրքրված է: Տվյալ անձնավորությունը ասել է, որ պարոն Աղազարյանը բոլոր գործերով էլ շահագրգռված է: Չէ, ասել է՝ էդ գործով առավել շահագրգռված է: Պարոն Քյարամյան, 200 տարի պատգամավոր եմ, ամբողջ աշխարհը գիտի իմ ունեցվածքի մասին: Դուք այստեղ գեղեցիկ, շատ կիրթ ձեւով պատասխանում եք Լեւոն Քոչարյանի հարցին, ով ունի լիքը բիզնեսներ, իր եղբայրը էլի լիքը բիզնեսներ ունի: Էն սկսնակ բիզնեսներին հենց սկզբից մորթում ենք, որ չաճեն, դառնան լեւոնքոչարյաններ: Որքանո՞վ է դա ճիշտ: Դա ճիշտ չի: Պարոն Քյարամյան, ես ձեզ հետ անձնական բան չունեմ: Որ ասում ենք՝ սպարտիվկայով եւ ավտոյի բանալին մատին ֆռռացնելով չի կարելի քննչական գործողություն իրականացնել, հո հավայի չե՞նք ասում: Դա ճնշման ձեւ է»:
Ու այս ողջ պատմության մեջ ամենազավեշտն այն է, որ բոլորը ճիշտ են, իրար այնպիսի ջանասիրությամբ են «փուռը տալիս», որ ընդդիմությանը մնում է միայն վերցնել ադիբուդին, հարմար տեղավորվել էկրանների առաջ ու վայելել խորհրդարանական նիստերի թոք-շոուն:
ՆԻԿՈԼԻ «ՁԵՌՔԻՑ ՔՊ-Ն ԳՆՈՒՄ Է»
Այն, որ ժրել են մանր ու խոշոր կալիբրի ՔՊ-ականները, հուշում է այն մասին, որ Փաշինյան Նիկոլն այլեւս չի տիրապետում իրավիճակին: Նա ո՛չ կարողանում է սանձել, ո՛չ էլ իմիտացիա ստեղծել, թե իշխանական բուրգում ամեն ինչ նորմալ է: Երեկ նույնիսկ տեղի չի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստը, որը կայանում է ամեն երեքշաբթի: Գնալով ատամ են ցույց տալիս ՔՊ-ական պատգամավորները: Նրանք էլ առաջվանը չեն, ցույց են տալիս իրենց իրական դեմքը, խառնվում Փաշինյան Նիկոլ-Աննա Հակոբյան զույգի գործերին: Ինչպես եղավ, ՀՀ արդարադատության նախարարի մինչ այս պահը թափուր մնացած պաշտոնի հարցում: Ամեն մեկը փորձեց բրդել իր թեկնածուին, իսկ նշանակում չկա ու չկա: Սա, իհարկե, երկար շարունակվել չի կարող, մնում է միայն ընդդիմությունը կարողանա ճիշտ ժամանակին գործել: Իսկ դրա համար, ինչպես պնդում է նախկին քաղբանտարկյալ, ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, պետք է օրակարգ, ծրագիր, վճռականություն:
«Այս երեք պարտադիր կետերից նույնիսկ մեկի բացակայությունն ընդդիմադիր առաջնորդին դարձնում է շարքային զավզակ: Այս երեք պարտադիր կետերից նույնիսկ մեկի բացակայությունն ընդդիմադիրին դարձնում է իշխանության հանցակից: Այս երեք պարտադիր կետերից նույնիսկ մեկի բացակայությունն ընդդիմադիր դաշտը դեֆորմացնում է եւ բացառում որեւէ համախմբում», - արդարացիորեն ընդգծում է Մալյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ