«Փաստ». Կադրային շարժերի ավանտյուրիզմը
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին վեց տարվա ընթացքում կադրային փոփոխությունների պակաս չենք ունեցել։ Բայց, բնականաբար, կադրային փոփոխությունների շրջապտույտից իրավիճակը չի փոխվել, քանի որ պետական կառավարման բուրգի գագաթին շարունակում է կանգնած լինել Նիկոլ Փաշինյանը։ Մնացյալն, ինչպես ասում են, ածանցյալ է: Ընդհանուր առմամբ, նրա վարած կադրային քաղաքականության մեջ տրամաբանություն գտնելն անհնար է, քանի որ այնպիսի անհասկանալի ազատումներ, նշանակումներ ու «ռակիրովկաներ» կարող են արվել, որ դժվար կլինի հասկանալ, թե կոնկրետ ինչ սկզբունքներով է կադրային քաղաքականությունն իրականացվում։ Օրինակ՝ կրթության գործոնն ընդհանրապես չի աշխատում։
Ինքը՝ Փաշինյանը, այս իրավիճակը պարզաբանում է նաև այն հանգամանքով, թե քաղաքական թիմի ներկայացուցիչներ պետք է նշանակվեն, քանի որ եթե համակարգի ներսից են նշանակվում, ապա այդ մարդիկ չեն փորձում քաղաքական պատասխանատվություն ստանձնել, իսկ ազատվելուց հետո էլ համալրում են ընդդիմության շարքերը։ Դրա համար էլ շատ դեպքերում այդ համակարգերի ներսում ներքին դիմադրություն է առաջանում, քանի որ նախարարությունների ու ստորաբաժանումների հնաբնակների շրջանում, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ են կուտակել տվյալ ոլորտում, ուղղակի դժգոհություններ են առաջ գալիս, այդ թվում՝ իջեցված անտրամաբանական հրահանգներից։ Եղել են նաև դեպքեր, որ մի շարք աշխատողներ էլ լքել են պետական համակարգը։ Մեկ այլ հարց է, որ պետական կառավարման ապարատում բարձիթողի վիճակ է, որտեղ ամենակարևոր մոտիվացիան պետության հաշվին աշխատավարձ ու պարգևավճարներ ստանալն է դարձել։
Օրերս էլ Փաշինյանը հանկարծ քնից զարթնեց ու «հասկացավ», որ բողոքներ կան իրավապահներից, քանի որ երկրում դեռ «թպրտացողներ» կան, որոնք վերևից են նայում պետությանն ու ժողովրդին, ու կոշտ հանձնարարականներ տվեց իրավապահ մարմինների ղեկավարներին։ Իսկ դրանից մի քանի օր հետո էլ մի ժամվա մեջ հանկարծ պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Թե ինչու, դա այլ քննարկման հարց է: Հիմնականը, կարծես, այս պահին այն է, որ արտաքին՝ արևմտյան հանձնարարությունները կատարելուց զատ, այս գործընթացով Փաշինյանը փորձում է ինչ-որ քննարկումների դաշտ ստեղծել, թե իբր նոր իմիջով է հանդես գալիս... Դե, սափրվելն արդեն տեսանք»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում