«Փաստ». Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անընդհատ իրավաբանական հանրության կողմից բարձրաձայնվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի չարաշահման, հաճախ՝ կալանքը որպես պատժի միջոց կիրառելու դեպքերի մասին: Օրենքի պահանջը շատ պարզ է՝ այլ խափանման միջոցները պետք է գերակայեն, իսկ կալանքը պիտի լինի բացառություն, սակայն ներկայում Հայաստանում գործնականում ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում:
Ընդ որում, այդպիսի դեպքերի պակաս չկա: Այսպես, օրինակ՝ գործարար Կարեն Հակոբյանը կալանավորված է արդեն 60 օրից ավելի: Կարեն Հակոբյանը նախկինում որևէ արարքի համար չի հետապնդվել, միշտ ներկայացել է քննչականի պահանջով, չի թաքնվել, չի խոչընդոտել, բայց կալանավորված է: Դատարանները, չնայած նրան, որ ակնհայտորեն կալանքի երկարաձգման հիմքեր առկա չեն, պարզապես խուսափում են այլ խափանման միջոց կիրառելուց:
Հակոբյանի փաստաբաններից տեղեկացանք, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս. Պետրոսյանի՝ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքը երկարաձգելու որոշման դեմ արդեն իսկ ներկայացվել է վերաքննիչ բողոք»: