«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը, կոռուպցիոն թեմաներն ու Արփի Դավոյանի մանդատը
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի զայրույթն իր տիրույթից հեռացնելու համար Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Քոչարյանը Արփի Դավոյանի միջոցով անարդարության դեմ բունտ է բարձրացրել իշխող կուսակցության բարձրագույն մարմնում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ վարչության և ակտիվի նիստերից որոշ մանրամասներ են հայտնում, որոնց ընթացքում Արփի Դավոյանը բոլորի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանից «հաշվետվություն» է պահանջել, թե՝ «ինչով կբացատրեք, պարո՛ն վարչապետ, այն իրողությունը, որ բոլոր պատգամավորները ստանում են նույն աշխատավարձը, սակայն կան պատգամավորներ, որոնք ակնհայտորեն առավել բարեկեցիկ են ապրում, թանկարժեք են հագնվում, տուն (տներ) ու մեքենաներ են գնում…»: Նիկոլ Փաշինյանը կլորացրած աչքերով լսել է իրեն ուղղված ակնհայտ ճշմարտությունը և պահանջել՝ ինչ խոսվում է, պետք է ներկայացվի փաստերով:
Նկատենք, որ մինչ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնազրկման վտանգը, նրանք բոլորը «հաշտ» էին կոռուպցիայի հետ, բայց երբ սկսեց երերալ ԱԺ պաշտպանության ԱԱ և ՆԳ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը, Քոչարյանն ու իր ազդեցության տակ գտնվող պատգամավորները հիշեցին կոռուպցիայի, անհավասարության, անարդարության մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանը իր մտերիմների շրջանում մտահոգություն է հայտնել, թե քնում-արթնանում է՝ մանդատից կամավոր հրաժարվելու մասին SMS ստանալու վախով: Նրան վտարվածի պես են թիմում վերաբերվում, դրա համար էլ, որպես արդարադատության նախարարի թեկնածու, 1-2 կողմ ձայն ստացավ 15 հոգանոց վարչության նիստում:
Շարունակելի…»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում