Նիկոլը ցույց տվեց, որ իր թիմը չկայացած է Գյումրիում, եւ ոչինչ են նրանք. Համբարյան
Ներքաղաքական
Գյումրիում ավարտվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի «փրայմերիզը», որն իրենից ենթադրում էր այն, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար պետք է ընտրվի ներքին ընտրության արդյունքում։ Հիշեցնենք նաև, որ Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաեւ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաեւ դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։ Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի ունեցան Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն: Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:
— Այս իշխանությունների կողմից պարզապես հերթական անօրինակությունն էր նման քայլը, որոնք փորձեցին իրենց անօրինակությունները քողարկել, այսպես կոչված, ժողովրդավարական մեթոդներով, որին իրենք անվանում են «փրայմերիզ»։ Իրականում Հայաստանի Հանրապետությունում այդպիսի կարգ չկա, եւ սա ինքնիրավչություն էր՝ գործող իշխանությունների կողմից, իսկ այդ «փրայմերիզ»-ն էլ պարզապես իր հերթին մի շոու էր, քանի որ շուրջ 120 հազար ընտրող ունեցող Գյումրիում ընդամենը 1050 հոգու է հարցում կատարվել եւ 253 ձայն ստացած անձին նշանակել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, դա միայն ի վիճակի էր կատարել հենց այս իշխանությունը։
Եթե ուզում էին ինչ-որ մեկին նշանակել, թող շատ պարզ կերպով ասեին եւ նշանակեին ու ոչ թե այդ «փրայմերիզ»-ն անեին։ Չնայած ես եւս շատ լավ հասկանում եմ, թե իրականում այս ամենն ինչի՞ համար է, ի վերջո, կատարվել։ Շատ լավ գիտենք, որ Նիկոլը մենակ չէր ուզում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակել։ Նիկոլը նաեւ ուզում էր Շիրակի մարզի եւ Գյումրվա սեփական թիմերին հասկացնել, որ նրանք ոչնչություն են ու առանց իրեն՝ շարունակում են մնալ ոչինչ: Ինչպես եղել էին ոչինչ՝ մի քանի տարի առաջ, այդպես էլ հենց հիմա են, որովհետեւ աբսուրդի ժանրից էր, երբ Գյումրի քաղաքում ՔՊ-ի համակիրը հաղթում է ՔՊ-ականներին։ Ահա հենց սրանով էլ Նիկոլը ցույց տվեց, որ իր թիմը չկայացած է Գյումրիում, եւ ոչինչ են նրանք»։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ․Գ․- Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում։