«Ժողովուրդ». Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական աբսուրդ գնումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից. քյաբաբ ու իքիբիր:
Առաջին հայացքից ոչ այդքան մեծ գումարի չափով գնումը հետաքրքրաշարժ է այնքանով, որ կառույցը, որը մեծ հաշվով կապ չունի սննդի հետ, ըստ փաստաթղթերի՝ գնել է քյաբաբ եւ արաբաթուրքական ձեւակերպմամբ՝ իքիբիր։
Նախարարությունը «Նարինե Ադամյան» ԱՁ-ի միջոցով ձեռք է բերել 180 հատ քյաբաբ եւ 200 հատ իքիբիր. 234 հազար դրամ՝ 180 հատ քյաբաբի համար, 320 հազար դրամ՝ 200 հատ իքիբիրի համար: Ստացվում է, որ մեկ քյաբաբի արժեքը կազմել է 1.300 դրամ, իսկ իքիբիրինը՝ 1.600 դրամ: Թե ինչ առիթով են գնումը կազմակերպել եւ ում համար են նման որակի հյուրասիրություն նախապատրաստել, պատրաստվել, հայտնի չէ. փաստաթղթերում ոչինչ չկա այդ մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից փորձեց տեղեկանալ, թե ո՞ւմ եւ ինչի՞ համար է կազմակերպվել սա. վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Ամանորից հետո Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել, եւ սնունդը գնվել է տեղի ծառայողների համար։
Իհարկե, լավ կլիներ՝ արաբաթուրքական բառից հրաժարվեին, իքիբիրը պետական հաստատություններում, հաստատվող փաստաթղթերում գոնե փոխարինվեր հայերեն նման կամ համարժեք բառով՝ մանր խորոված, խորոված՝ փոքր կտորներով եւ այլն…»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում