«Ժողովուրդ». Տղամարդկություն ունեցիր, հրապարակիր ձայնագրությունը, չենք հերքելու մեր գրածը
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել: Նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային իր գործընկերների առջեւ, որպեսզի հավատան, որ չի արել այդքան ռուսատյաց հայտարարություններ: ԱԺ-ից մեզ լուրեր փոխանցեցին, որ ՌԴ-ից պահանջել են ԱԺ նախագահից կա՛մ հերքել ու դատի տալ լրատվամիջոցին կա՛մ խոստովանել, որ ասել է այդ խոսքերը: Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հետ կանգնել իր խոսքերից:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս միջադեպը, նոր մանրամասներ է պարզել դրա վերաբերյալ: Այն, որ Ալեն Սիմոնյանի եւ բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացված դռնփակ հանդիպումը անցել է խիստ հակառուսական մթնոլորտում, դրա մասին փաստում են նաեւ այդ երկրների տարածած պաշտոնական հաղորդագրությունները: Լատվիայի Սայեմայի (Ազգային ժողով) պաշտոնական էջում հանդիպումից հետո հետեւյալ ռելիզն է տարածվել. ««Այն երկրները, որոնք ձգտում են ազատվել Ռուսաստանի ուղեծրից, անխուսափելիորեն կբախվեն նրա դիմադրությանն ու սադրանքներին։ Սա պետք է ընդունել հանգիստ վճռականությամբ եւ լուծել՝ հստակ կենտրոնանալով սահմանված նպատակների վրա»: Այս մասին ընդգծել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան ուրբաթ՝ հունվարի 24-ին, Երեւանում Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նույն հաղորդագրության մեջ կարդում ենք. «Որպես եվրոպական հաջող ինտեգրման էական նախադրյալներ՝ երկրների ներկայացուցիչները կարեւորել են տարածաշրջանի հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը, ռուսաստանյան ռազմական անձնակազմի դուրսբերումը Հայաստանից եւ առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացումը։ Ներկայումս Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կողմնորոշվել դեպի Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամները»:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի պատրաստվում հերքում տեղադրել կամ հեռացնել մեր հրապարակումը, ինչպես ակնկալում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային ժողով, որպեսզի ԱԺ-ն տրամադրի այդ օրվա հանդիպման ձայնագրությունը, քանի որ խորհրդարանի նախագահն իր հայտարարության մեջ գրել է, որ տեսաձայնագրություն կա: Մենք պահանջել ենք տրամադրել ողջ հանդիպման տեսագրությունը` առանց մոնտաժի: Եթե Ալեն Սիմոնյանը այդքան վստահ է իր պնդումներում, պետք է տրամադրի մեզ այդ ձայնագրությունը:
Հիշեցնենք, որ խոսքը նույն Ալեն Սիմոնյանի մասին է, որը 2023 թվականի ապրիլի 3-ին հրահանգեց իր թիկնապահներին ոլորել քաղաքացու ձեռքերը եւ թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա:
Շարունակելի…»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում