«Հրապարակ». Գոնե պետքարտուղարն ընդունի
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև երեկ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարեց, որ ԱՄՆ այցի ժամանակ նորընտիր նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն մեր տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները բոլոր հնարավոր խողովակներով փորձել են հանդիպում կազմակերպել Թրամփի և Փաշինյանի միջև: Գործի են դրվել ողջ ԱԳՆ-ն, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, նման խնդրանքով դիմել են ԱՄՆ ազդեցիկ հայազգի հանրապետականներին և այլն: Սակայն չի ստացվել: Փորձում են գոնե նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպում կազմակերպել:
Բայց ինչեր չես անի աթոռը պահելու և դրսից աջակցություն ստանալու համար: Ի դեպ, փետրվարի 3-ին նախատեսվում է հանդիպում հայ համայնքի հետ դեսպանատանը, որին մասնակցության հրավերներ են ուղարկվել Վաշինգտոնում և շրջակա տարածքում բնակվող հայերին: Սակայն շատերը հրաժարվում են մասնակցել` բոյկոտելով այն, քանի որ մտավախություն ունեն, որ կրկին ցեղասպանության թեմայով է խոսելու, մտադիր են բողոքի ակցիաներ կազմակերպել»: