«Փաստ». Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. <Ամերիկացի հանրահայտ միլիարդատեր Իլոն Մասկը, մեղմ ասած, սենսացիոն հայտարարություն է արել՝ մասնավորաբար գրելով. «USAID-ն հանցավոր կազմակերպություն է: Ժամանակն է, որ այն մահանա... Գիտե՞ք, արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»:
Հիմա, փաստորեն, Իլոն Մասկն է հայտարարում, որ USAID-ն ամենևին էլ այն «գովազդային ժպիտը» չէ, որով ներկայանում է, այլ «հանցավոր կազմակերպություն», հետախուզական ծածկույթ, «կենսաբանական զենքն» ու համաճարակի տարածման նպաստող, ի վերջո՝ «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»:
Չգիտենք, թե Ամերիկան՝ ինչպես, բայց որ Հայաստանում, հատկապես Փաշինյանի իշխանավարման շրջանի Հայաստանում USAID-ի գործունեությունը «մութ կողմեր» ունի, բազմիցս են նշել տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ: Հետաքրքիր է, թե Իլոն Մասկի հայտարարությունն արդյոք բավարա՞ր հիմք է, որպեսզի համապատասխան ծառայություններն ստուգեն, թե ինչո՞վ է մեր երկրում զբաղված եղել USAID-ն, հատկապես ինչե՞ր է զարգացրել, ի՞նչ ՀԿ-ներ է «ծաղկեցրել», դրանցից քանիսն ի՞նչ «գործի» մեջ է ներգրավված և այլն:
Ի դեպ, երեկ նոր վերլուծական հոդված է ներկայացրել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի քաղաքականության փոփոխությանը USAID-ի հանդեպ և այդ կազմակերպության ապագա գործունեությանը ՀՀ-ում։ Նշվում է, որ USAID-ն տարիներ շարունակ ՀՀ-ում ձևավորել է ԱՄՆ-ին լոյալ փորձագիտական շրջանակներ, որոնք կարող են դառնալ ապագա իշխանության մաս՝ սպասարկելով Սպիտակ տան շահերը ՀՀ-ում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունում «արմատական խանգարվածներ» են աշխատում։ USAID-ն Միացյալ Նահանգների դաշնային կառավարության գործակալություն է, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար։ Այն գործում է Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ նաև Հայաստանում»,-գրում են հեղինակները և նշում, որ USAID-ն տասնամյակներ շարունակ ծառայել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը, որպես, այսպես կոչված, soft power՝ փափուկ ուժ։ Այդ կազմակերպությունն իր գործունեությունն է ծավալել նաև ՀՀ-ում՝ համագործակցելով բազմաթիվ ՀԿ-ների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ։
Ալիքի հեղինակները գրում են, որ USAID-ին փոխկապակցում են նաև ամերիկյան հատուկ ծառայությունների, մասնավորապես Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Կան բազմաթիվ փաստեր, թե ինչպես է այդ կազմակերպությունը նպաստել, մասնակցել հետխորհրդային տարբեր երկրներում, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների իրականացմանը, որը նպատակ է ունեցել փոխել տվյալ երկրների արտաքին քաղաքական ուղենիշը՝ ՌԴ-ի հետ կապերի խզում և դեպի ՆԱՏՕ ու ԵՄ արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն։
«Թրամփն ու նրա հավատարիմ թիմակից Մասկը կոշտ քննադատության են ենթարկում այդ կազմակերպությունն, ու հասկանալի է, որ այդ կազմակերպությունն ենթարկվելու է լուրջ փոփոխությունների, սակայն ակնհայտ է, որ Սպիտակ տունը չի ցանկանա ոչնչացնել նմանատիպ կազմակերպությունը, քանի որ այն ստեղծել է ցանց աշխարհի տարբեր երկրներում և նպաստում է ամերիկյան գեոպոլիտիկ շահերի սպասարկմանը»,-գրում է «Հանրապետության հրապարակը»։
Հիշեցվում է նաև, որ վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ գրեթե 25-ամյա համագործակցության դադարեցման մասին։ Ըստ հեղինակների, Ադրբեջանը, հավանաբար, Ալիևի իշխանության համար վտանգ է զգացել այդ կազմակերպությունից և չեզոքացրել է այդ կազմակերպության միջոցով ԱՄՆ-ի հնարավորություններն ազդելու Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում