Մեծ կորուստ՝ դերասան Կարեն Հովհաննիսյանի ընտանիքում Հայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը Ես ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ. Տիկնիզյան Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել Կճոյանին զանգեք, «Բենթլիով» գա, իրա ժողովրդին հանգստացնի. Մեսրոպ Մանուկյան Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցի Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Շենքը ջրում եք, սնկի պես բո՞յ ա առնում, նախնական ուրիշ չափով հարկեր են նշվում, հետո աճում են Չեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը Երկրաշարժ Կասպից ծովում

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս6)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am)

Այսպիսով, 1999թ. հոկտեմբերին ամերիկյան մի քանի խիստ բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան կատարած այցելությունները միանշանակ վկայում են, որ այդ ժամանակահատվածում Ղարաբաղի շուրջ Հեյդար Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան բանակցությունները հասել էին կուլմինացիոն կետի: Հասկանալի է նաեւ, թե ինչու էին հենց այդ օրերին ամերիկացիներն այդքան վճռական տրամադրված. 1999թ. նոյեմբերյան ԵԱՀԿ գագաթնաժողովում նախատեսված էր լուծել աշխարհաքաղաքական նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերջնականապես պետք է Ռուսաստանին դուրս մղեին Հարավկովկասյան տարածաշրջանից ու դեպի կասպյան տարածաշրջանի նավթային ու գազային պաշարները տանող ուղիները դնեին ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ:

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

Անշուշտ, Ռուսաստանը շրջանցող նավթագազամուղերի ծրագրերը 1999թ.-ին չէ, որ ի հայտ էին եկել: Այդ մասին արեւմտյան նավթային մագնատները մտորում էին դեռ այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը գոյություն ուներ: Ծրագրերն ավելի իրատեսական դարձան ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո եւ գործնական հուն մտան արդեն 1992-1993թթ.-ին:

Այդ փուլում լիակատար քաոսային վիճակում հայտնված Ռուսաստանում քաղաքական որոշակի շրջանակներ հստակ գիտակցում էին այն հսկայական վտանգը, որը սպառնում էր` ընդհուպ մինչեւ ռուսական պետականության ամբողջականությանը, եթե տրանսկասպյան նավթագազամուղային ծրագրերն իրականություն դառնային: Ըստ այդմ էլ, 1990-ականների սկզբներին փորձում էին դրանք արգելակել հիմնականում Ադրբեջանի վրա ներազդելով, որպեսզի վերջինս հրաժարվեր Արեւմուտքի հետ կնքել իր նավթային հանքավայրերը շահագործելու պայմանագրեր: Ընդ որում, ազդեցության հիմնական գործիքներից մեկը ղարաբաղյան պատերազմն էր: Բերենք ընդամենը երկու փաստ. 1993թ.-ի հունիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նախատեսում էր «Բրիթիշ Պետրոլիումի» եւ այլ էներգետիկ գերհսկաների հետ Լոնդոնում կնքել իր երկրի նավթային պաշարները շահագործելու մասին գլոբալ պայմանագիր: Չհաջողվեց, քանի որ նույն տարվա հունիսի 4-ին ՌԴ-ից լուրջ ռազմական օժանդակություն ստացած եւ միանշանակ ռուսական ազդեցության տակ գտնվող գնդապետ Սուրետ Հուսեյնովը ապստամբություն կազմակերպեց ու իշխանությունից զրկեց Էլչիբեյին: Նույն պայմանագիրը 1994թ.-ի հոկտեմբերին Բաքվում պատրաստվում էր ստորագրել Հեյդար Ալիեւը, եւ դրա նախաշեմին նույն Հուսեյնովը կրկին հեղաշրջման փորձ կատարեց: Սակայն արդեն չկար այն կարեւորագույն գործոնը` ղարաբաղյան պատերազմը, որն առաջին հեղաշրջման ժամանակ այնքան օգնեց Հուսեյնովին. երկրորդ փորձը ձախողվեց, եւ Ալիեւը ստորագրեց «Նավթային մեծ համաձայնագիրը», որն ապահովեց բրիտանական փողերի մուտքն (եւ ոչ միայն) ու ամրացումը Ադչբեջանում:

Եվ ահա 1990-ականների վերջերին ընթացքի մեջ էր այն փուլը, որի ընթացքում պետք էր ուղիներ գտնել «Նավթային մեծ համաձայնագրով» նախատեսված էներգետիկ հոսքերը Եվրոպա հասցնելու համար: Ընդ որում, դեռ այն օրերին էին մասնագետները մատնանշում, որ շատ ավելի հարմար եւ էժան ուղի կարող էր լինել Ռուսաստանի տարածքով տարանցումը. Կա´մ Չեչնիայով, կա´մ Դաղստանով: Սակայն ամբողջ հարցը հենց Ռուսաստանը շրջանցելու մեջ էր, ուստիեւ հիմնական շեշտը դրված էր Հարավային Կովկաս-Թուրքիա-Եվրոպա տարբերակի վրա: Գումարելով դրան չեչենական ապստամբությունը, թերեւս, լիովին հասկանալի է դառնում, թե նավթագազամուղային այդ ծրագրերի հաջողության դեպքում ԱՄՆ-ն ինչ հսկայական քաղաքական առավելություններ էր ստանում, իսկ Ռուսաստանն ինչ կործանարար վիճակում էր հայտնվում: Եվ ահա այս հարցով վերջին մեխը խփվելու էր հենց Ստամբուլում` ԵԱՀԿ գագաթնաժողովում:

Ամենաուշագրավն այն էր, որ Ստամբուլում նավթատարերի պայմանագրերն ամենեւին էլ առաջին պլանում չէին «ցուցադրվում»: Հիմնական շեշտադրումներից մեկը Չեչնիան էր, այսինքն` ՌԴ նախագահ Բորիս Ելցինից ակնկալվում էր, որ նա կստանձնի «չեչեն ժողովրդի իրավունքները հարգելու» կամ այդ կարգի այլ պարտավորություններ: Սակայն Ելցինն այս անգամ համառեց, ինչը, թերեւս, իր խորքային բացատրությունն ունի: Մասնավորապես, որ այդ ժամանակահատվածում ռուսական պետականամետ ուժերը սկսել էին իրենց նախկին դիրքերը վերականգնել, օրինակ` վարչապետի պաշտոնին արդեն Վլադիմիր Պուտինն էր: Արդյունքում` Ելցինը, «Ռոյթեր» գործակալության այդ օրերի բնորոշմամբ. «Դուռը շրխկացնելով հեռացավ Ստամբուլից` հայտարարելով, որ գնում է Չեչնիայի խնդրով զբաղվելու...»: Նույն տարեվերջին էլ Ելցինը հրաժարվեց նախագահի պաշտոնից, իշխանության եկավ Վ. Պուտինը, եւ դա հետագայում հիմնովին փոխեց պատմության ընթացքը:

Բայց ամեն դեպքում Ստամբուլում գագաթնաժողովի բացման առաջին իսկ օրը` նոյեմբերի 18-ին, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրվեց Բաքու-Ջեյհանի մասին համաձայնագիր: Դա տեղի ունեցավ մի տեսակ աննկատ, առանց ավելորդ շքեղությունների: Այն աստիճան, որ գագաթնաժողովի ընթացքը լուսաբանող ռուս լրագրողներից մեկը գրում է. «Ես ուշադիր ուսումնասիրեցի ռուսական եւ օտարերկրյա մամուլի մեկնաբանությունները. գրեթե ոչինչ չկար»: Միայն հատուկենտ հրապարակումներ, այն էլ` մատնանշվում էր պայմանագրի ստորագրման բուն փաստը...

Ի դեպ, գագաթնաժողովում Ռոբերտ Քոչարյանը իր ստորագրությունը դրեց մեկ կարեւորագույն փաստաթղթի տակ, որին պետք է առանձին անդրադառնալ:

ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ «ՄԵՂՐԻԻ ՄԻՋԱՆՑՔԸ»

Այսպիսով, հենց Ստամբուլում տրվեց Ռուսաստանը շրջանցող տրանսկասպյան առաջին խողովակաշարի կառուցման մեկնարկը: Այն, այնուամենայնիվ, անցնելու էր Վրաստանով եւ ոչ Հայաստանով: Բայց երկու կարեւոր հանգամանք. նախատեսվում էր կառուցել օրական առավելագույնը 1 մլն բարել թողունակությամբ նավթամուղ, որը բավականին համեստ ծավալ է, առավել եւս, երբ կային նաեւ Կենտրոնական Ասիայի ռեսուրսները տեղափոխելու ծրագրերը: Բացի այդ, 1990-ականներին գերիշխում էր այն համոզմունքը, որ կասպյան տարածաշրջանում կենտրոնացված է Սաուդյան Արաբիայի պաշարներին համարժեք նավթ, որը. «Կարող է 21-րդ դարում դառնալ Արեւմուտքի վառելիքի հիմնական բազան»: Իսկ այդ դեպքում, Բաքու-Ջեյհանից զատ, պետք է կառուցվեին այլ` մի քանի անգամ ավելի հզոր, ընդհանուր հաշվարկով օրական 6-7 մլն բարել (եթե ոչ ավելի շատ) թողունակությամբ այլ խողովակաշարեր: Իսկ դրա լավագույն եւ էժան ուղիներից մեկը, այն օրերի արեւմտյան մասնագիտական հրապարակումներից մեկի համաձայն, համարվում էր. «Ադրբեջանից` Քուռ-Արաքսի հովտով դեպի Մեղրի, ապա` Նախիջեւան-Թուրքիա ուղղությամբ դեպի Միջերկրական ծով ճանապարհը»:

Նույն աղբյուրը նկատում է նաեւ, որ Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռանալուց հետո «որեւէ բարդություն չի հարուցի նաեւ իրանական խնդրի կարգավորումը»: Իսկ այդ պարագայում արդեն նաեւ իրանական նավթային հոսքերը մոտավորապես` «Նախիջեւանի հատվածում կարող են միանալ Ադրբեջանից եկող խողովակաշարերին, ինչը ծախսային առումով էական խնայողությունների հնարավորություն կտա»:

Այս մեգածրագրերի համար պետք էր լուծել մեկ «չնչին» հարց. Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնել ու արագորեն լուծել ղարաբաղյան բանակցությունների, այդ թվում` Ղարաբաղից հարավ ընկած եւ Արաքսին ափամերձ տարածքների, ապա` Մեղրիի հարցը: Այսինքն` կրկին գալիս-հասնում ենք «Մեղրիի միջանցքի» խնդրին:

Երկրորդ հանգամանքը. «Հոկտեմբերի 27»-ը շեշտակիորեն փոխեց բանակցային գործընթացի ընթացքը: Ինչպե՞ս, ի՞նչ նախատեսված կամ չնախատեսված մեխանիզմներ սկսեցին գործել եւ այլն: Այս հարցերի պատասխանները, անշուշտ, հնարավորություն կտան նաեւ որոշակի պատկերացումներ կազմել «Հոկտեմբերի 27»-ի էության մասին, լուրջ վերլուծության կարիք ունեն: Սակայն գլխավոր փաստն այն է, որ, եթե 1999թ.-ի ապրիլի 26-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո մինչեւ հոկտեմբեր Քոչարյանն ու Ալիեւը դեմ առ դեմ ֆորմատով եւս 4 հանդիպում ունեցան, ապա հոկտեմբերից հետո բանակցային գործընթացը սկսեց ակտիվ փուլ մտնել միայն մեկ տարի անց` 2000թ.ի վերջերին, մինչեւ որ 2001թ.-ի հունվարի 26-ին Փարիզում տեղի ունեցավ Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Դրա առանձնահատկությունն այն էր, որ շատ չանցած սկսվեցին պաշտոնական խոսակցություններ, այսպես կոչված, «Փարիզյան սկզբունքների» մասին, որը, թերեւս, մեր այս ուսումնասիրությունների հիմնական մեխն է:

Բայց մինչ այդ, այսինքն`«Հոկտեմբերի 27-ից» հետո, երկու էական հանգամանքներ էլ նկատվեցին: Առաջինը. 1999թ.-ի դեկտեմբերի 17-ին, այսինքն` «Հոկտեմբերի 27»-ից գործնականում անմիջապես հետո, ղարաբաղյան զինված ուժերի հրամանատարի պաշտոնից ազատվեց Սամվել Բաբայանը, ու մինչ այժմ էլ չկա այն հստակ բացատրությունը, թե ինչու: Շատ չանցած`2000թ.-ի մարտի 22-ին, տեղի ունեցավ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ մահափորձը, որը կազմակերպելու մեջ մեղադրվեց ու ձերբակալվեց Ս. Բաբայանը: Անկախ այս պատմության պատճառներից, նկատենք, որ այսպիսով չեզոքացվեց այն ռազմական գործիչը, ով Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ռեալ կարող էր ստանձնել, այսպես ասենք, բանակի նկատմամբ վերահսկողական ֆունկցիաները:

Երկրորդը. 2000թ.-ի մարտի 25-ին ՌԴ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը, ով անմիջապես էլ գերակտիվ գործողություններ սկսեց ինչպես Չեչնիայում, այնպես էլ էականորեն բարձրացրեց հարավկովկասյան գործընթացներում ՌԴ-ի մասնակցության մակարդակը:

(Շարունակելի)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեծ կորուստ՝ դերասան Կարեն Հովհաննիսյանի ընտանիքումՀայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը«Ազա՛տ արձակեք Սամվել Կարապետյանին և Սրբազաններին»․ բողոքի ակցիա՝ ՌԴ-ում գտնվող Փաշինյանի դեմԵս ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ. ՏիկնիզյանԲմբուլներդ քամուն կտամ, եթե հանկարծ մանկապարտեզներից խոսեք․ Մանուկյանը՝ ՔՊ-ականներինՄայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսելԿճոյանին զանգեք, «Բենթլիով» գա, իրա ժողովրդին հանգստացնի. Մեսրոպ ՄանուկյանՎրաստանի քաղաքներից մեկում տեղադրված գլխավոր եղևնին այրվել էՍարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցիԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըՇենքը ջրում եք, սնկի պես բո՞յ ա առնում, նախնական ուրիշ չափով հարկեր են նշվում, հետո աճում ենՉեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերըԵրկրաշարժ Կասպից ծովումԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՁյուն, քամու ուժգնացում. եղանակն այս օրերինԴեկտեմբերի 23-ի տարադրամի փոխարժեքըTurkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի ՀայաստանԸնթացիկ տարվա վերջին նիստըՓակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներըՁեւ չկա Հայկը պիտի լինի ցուցակի «կլյուչեվոյ» տեղերում. Ավինյանը ներքին պայքար է մղում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված