«Ժողովուրդ». Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրացավ 1 ամիսը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց Մհեր Սահակյանի հետ, ինչ հանգամանքներում նրա մեքենան հայտնվեց ձորի խորքում, ինչպես մահացավ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նշանակված փորձաքննությունների մասով եզրակացությունները դեռ չեն ստացել։ Սա նշանակում է, որ 1 ամիս անց դեռ առեղծված է մնում պատգամավորի մահը։
Դեպքից 1 ամիս անց կարեւոր հարցերը մնում են անպատասխան։ Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը: Ո՞ւմ հետ է եղել:
Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։
Ո՞ւմ հետ էր խոսել վերջին անգամ, ի՞նչ էր ասել։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով: Հնարավո՞ր է՝ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ քինախնդրություն դրսեւորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 31-ին, հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետեւ ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանից:
2024 թվականի ապրիլի 16-ին նրան զինված դիմակավորված անձինք մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին, միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը: Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում