Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է 650 հազար մարդու «Այո»․ Իրավաբանը՝ Փաշինյանի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ
Իրավական
Ենթադրում եմ, որ իրենք փորձ են անելու խորհրդարանական ընտրությունները համատեղել հանրաքվեի հետ, ընդամենը կարող եմ արձանագրել, որ այս պահին Սահմանադրական օրենքով արգելվում է հանրաքվեներ անցկացնել այլ ընտրական գործընթացների հետ: Հետևաբար իրենք պետք է այս օրենքը փոխեն, որպեսզի այդ արգելքը հաղթահարվի,-անդրադառնալով Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Փաշինյանի առաջարկած հանրաքվե անցկացնելուն, ասաց իրավաբան Նորայր Նորիկյանը, ընդգծելով․
-Ես խորապես համոզված եմ, ու սա պետք է լինի կարմիր գիծ առաջիկայի համար. քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, Հայաստանում Սահմանադրության փոփոխություններ չպետք է կատարվեն, որովհետև սա միայն ներհայաստանյան օրակարգ չէ, որքան էլ իրենք փորձում են հակառակն ապացուցել: ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ դրված է նաև մեր թշնամի պետության՝ Ադրբեջանի կողմից, ու Փաշինյանի գլխավորությամբ ցանկացած փոփոխություն Ադրբեջանը դիտարկելու է որպես իր հերթական հաղթանակը՝ անկախ նրանից, թե ինչպիսի բովանդակային փոփոխության է ենթարկվելու ՀՀ Սահմանադրությունը:
Երկրորդ՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է 650 հազար մարդու «Այո», Փաշինյանը կորցրել է լեգիտիմությունը, չունի անհրաժեշտ առաջնորդությունն ու քաղաքական խարիզման, որպեսզի կարողանա նման վստահություն ենթադրող սահմանադրական ակտ իրականացնել ու որակապես նոր Մայր օրենք ընդունել: Հայաստանում որակապես նոր Սահմանադրություն պետք է ընդունել միայն նոր իշխանության օրոք՝ առանց այս իշխանությունների:
Ես բացառում եմ, որ ազնիվ ու արդար գործընթացի միջոցով դա հնարավոր կլինի: Եթե նա նման բան է ուզում անել, ապա թող քաղաքական համարձակություն դրսևորի ու միաժամանակ դնի նաև իր իշխանության վստահության հարցը, որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չանցնելու դեպքում ինքը պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա իշխանությունից: Թող սա անի, եթե այդքան համարձակ ու վստահ է, որ իր ներկայացրած նախագիծը ստանալու է համապատասխան ձայն: