Յուղեր, որոնք օգնում են ձեզ ավելի երկար ապրել
Առողջապահական
Բրիգամի և կանանց բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սոյայի, կանոլայի և ձիթապտղի յուղի օգտագործումը նվազեցնում է մահացու քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը, իսկ կարագը, ընդհակառակը, մեծացնում է այն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում։
Գիտնականներն այս եզրակացություններին են հանգել 200 հազար չափահաս կամավորների առողջական վիճակի դիտարկման արդյունքում։ 30 տարի շարունակ հետազոտողները հետևել են մասնակիցների սննդակարգին՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց կողմից տարբեր տեսակի բուսական և կենդանական յուղերի օգտագործմանը։
Արդյունքները ցույց են տվել, որ ամենաշատ կարագ կերած մասնակիցների մոտ վաղաժամ մահվան վտանգը 15%-ով ավելի բարձր է եղել, քան ամենաքիչ օգտագործած կամավորները: Մյուս կողմից, բուսական յուղերը 16%-ով նվազեցնում էին վաղ մահվան հավանականությունը։ Պարզվել է, որ սոյայի, կանոլայի և ձիթապտղի յուղերը հատկապես օգտակար են սրտանոթային համակարգի համար:
Հետազոտողները նաև պարզել են, որ օրական 10 գրամ կարագը համարժեք բուսական յուղերով փոխարինելը 17%-ով նվազեցնում է մահացու քաղցկեղի և ընդհանուր մահացության ռիսկը։ Գիտնականները ենթադրել են, որ այս ազդեցությունը բացատրվում է բուսական յուղերում հագեցած ճարպերի պարունակության նվազեցմամբ։
Հագեցած ճարպերը կարող են վնասակար լինել առողջության համար, եթե դրանք շատ օգտագործվեն: Դրանք կապված են սրտանոթային հիվանդությունների, գիրության և այլ պաթոլոգիաների զարգացման հետ։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի