Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում, խուզարկություններ են, փակ են դպրոցները, եկեղեցիները.Իրավիճակը Սիրայում
Հանդիպում
Սիրայում այս օրերին փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթության նախարարությունն այս երկու օրերին քաղաքում ընդհանրապես փակ է հայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչև իրավիճակը կմեղմանա, -անդրադառնալով Սիրայում առկա իրողություններին, ասաց Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը, նկատելով.
-Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան բացատրել է, որ տեղի ունեցածը սպասված խնդիրների շրջանակում է, նկատի ունենալով Լաթաքիայում տարաձայնություններ սերմանելու և շփոթություն առաջացնելու փորձերը նախկին իշխանության կողմնակիցների կողմից: Իր հերթին, Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օսմանը կոչ է արել դադարեցնել, այսպես ասած, աղանդավորության հրահրումը, ընդգծելով, որ կան անձինք, ովքեր ապավինում են աղանդավորությանը և հրահրել են անցյալ հինգշաբթի ապստամբությունը սիրիական ափերի մի քանի շրջաններում, որտեղ ալավիական աղանդավորների մեծամասնությունը սկսել է հակամարտություն և լարվածություն:
Նույնն է վիճակը Տարտուսում և Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխվել են Հալեպ՝ անվտանգության նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիվ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակվում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսվում և լարված է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար ավելի հանգիստ է:
Անվտանգության ուժեր են տարածված քաղաքում և խուզարկություններ, գործողություններ են իրականացնում վտանգավոր երևույթները կանխելու համար: Ընդհանրապես՝ քաղաքում մարդիկ զգուշություն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: