«Փաստ». «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդը», ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին»:
Այս հայտարարությանն արձագանքել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ առողջության հետ կապված և իր ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չի անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին, սակայն իր համբերության բաժակը լցվել է:
Բալասանյանը նաև նշել է, որ «Սև բերդ» ամրոցն իր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից. «Այնպես որ, «Սև բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից»:
Գյումրու նախկին քաղաքապետը նշել է, որ առողջական խնդիրները կարգավորվելուն պես վերադառնալու է Գյումրի, և իր հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին իրավական և քաղաքական պատասխանը տալու է. «Իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով «իրավական գործընթացը»՝ դատաքննությունը, մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում