Անհրաժեշտ է ոչ միայն պահպանել պաշտոնական կապերը, այլ դրանք հարստացնել իրական համագործակցային ծրագրերով. Դմիտրի Լիցկայ
Ներքաղաքական
Հայ-ռուսական հարաբերությունները ձեւավորվել են դարերի ընթացքում եւ հիմնված են բազմաշերտ կապերի վրա։ Դրանք ընդգրկում են քաղաքական, ռազմական, տնտեսական եւ մշակութային ոլորտները, ինչի շնորհիվ երկու երկրները երկար տարիներ պահպանել են ռազմավարական գործընկերություն։ Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ ԴՄԻՏՐԻ ԼԻՑԿԱՅԸ:
— Սակայն ժամանակի ընթացքում յուրաքանչյուր հարաբերություն ենթարկվում է փոփոխությունների։ Չնայած դաշնակցային հիմքերին` անհնար է բացառել որոշ տարաձայնություններ եւ մարտահրավերներ, որոնք պետք է լուծվեն կառուցողական երկխոսության եւ փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Անգամ ամենախորքային համագործակցության դեպքում որոշակի տարաձայնություններ անխուսափելի են։ Դա բնական գործընթաց է, որը պետք է դիտարկել որպես զարգացման հնարավորություն, այլ ոչ թե`հակասություն։
— Կայուն համագործակցության զարգացման ուղիներն այժմ արդյո՞ք շարունակական բնույթ են կրում:
— Որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն զարգանալ, անհրաժեշտ է ոչ միայն պահպանել պաշտոնական կապերը, այլեւ դրանք հարստացնել իրական համագործակցային ծրագրերով։ Ներդրումային ծրագրերը, ենթակառուցվածքային նախագծերը, գիտական համագործակցությունը եւ կրթական ծրագրերը կարող են ապահովել այն ամուր կապերը, որոնք կդարձնեն հարաբերությունները ավելի արդյունավետ եւ կենսունակ։
Տնտեսական շահավետ ծրագրերի իրականացումը, էներգետիկայի ոլորտում համատեղ նախաձեռնությունները, ինչպես նաեւ մշակութային փոխանակումը կարող են նպաստել հարաբերությունների խորացմանը։ Միայն այս կերպ կարելի է ստեղծել երկարաժամկետ կայունություն եւ փոխշահավետ համագործակցություն, որը կբխի երկու կողմերի ռազմավարական շահերից։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: