«Ուրիշի երեխա չկա, եթե որեւէ մեկն ունի խնդիր, այդ խնդիրը բոլորինս պետք է լինի»
ՏեսանյութերԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՍ ՆՇՎԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԵՎԱՅԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու հոգեւոր հովիվ, Արժանապատիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ընտանիքում երկու դուստրերից հետո՝ ծնվեց երրորդ զավակը՝ Մոնթեն, որը, ունենալով Դաունի համախտանիշ, դարձավ Հայաստանի «արեւ երեխաների» բարեկամն ու դեսպանը: Իր որդու ծնունդից հետո՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը որոշեց հիմնել «Արեւ-երեխաներ» կազմակերպությունը՝ կանգնելով Դաունի համախտանիշ ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների կողքին, նեցուկ լինելով՝ ինչով կարող է:
Այս տարի Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը՝ մարտի 21-ը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ նշանավորվեց «Արեւի աշխարհ» երաժշտական եւ «Տես աշխարհը՝ բոլորի աչքերով» սոցիալական տեսահոլովակների պրեմիերայով ու համերգային ծրագրով՝ նվիրված «Արեւ-երեխաներ»-ին:
«ԱՐԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՉԶՍՊՎԱԾ ՍԵՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԻՆՁ ՈՒԺ ՈՒ ԷՆԵՐԳԻԱ ԷՐ ՏԱԼԻՍ»
Մի ողջ աստղաբույլ է նկարահանվել «Արեւի աշխարհ» տեսահոլովակում՝ Արսեն Գրիգորյան (Մրո), Սոֆի Մխեյան, Էրիկ Կարապետյան, Սոնա Ռուբենյան, Արամ MP3, Հասմիկ Բաղդասարյան: Առանձնահատուկ ու արեւային այս տեսահոլավակի ռեժիսորը ՎԱՀԵ ՅԱՆՆ է:
«Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով տեսահոլովակի նկարահանման մանրամասներին՝ Վահե Յանը նախ ընդգծեց՝ ամեն ինչի հիմքը սերն է. «Մենք նախապատրաստական աշխատանքներից սկսած՝ մինչեւ վերջին շտրիխը ուղղորդվեցինք միայն ու միայն սիրով, որովհետեւ երբ այցելեցի երեխաներին եւ տեսա ու զգացի այդ հեքիաթային աշխարհը, ցանկացա, որ տեսահոլովակի մեջ նույնպես այդ հեքիաթը փոխանցեմ: Եվ մենք ստեղծեցինք ինչ-որ մի հեքիաթային մթնոլորտ, որտեղ էլ տեղի էին ունենում գործողությունները»:
Ռեժիսորն անկեղծացավ, որ նկարահանումները տեւել են բավական երկար. «Տրամաբանորեն պետք է շատ հոգնեի, բայց ընդհանրապես չէի հոգնում, որովհետեւ արեւ երեխաների անթաքույց, չզսպված սերն անընդհատ ինձ ուժ ու էներգիա էր տալիս: Եվ ոչ միայն ինձ, այլ նաեւ մեր արտիստներին ու, իրոք, մենք աշխատում էինք առանց հոգնելու ու ժպիտով»:
Վահե Յանի գնահատմամբ՝ նման թեմատիկան մի քիչ նուրբ է եւ շատ ուշադիր պետք է աշխատել. «Մի թեթեւ սխալ գործողություն, եւ կարող ես շեղվել, կարող է դառնալ նման թեման ծիծաղելի կամ բավականից ավել պաթետիկ: Դրա համար նաեւ շատ կարեւոր էր, որ երեխաները ինձ ներս թողեցին իրենց աշխարհ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Եթե երեխաներն իրենց աշխարհ ինձ ներս չթողնեին, չէի կարող այսպիսի տեսահոլովակ ստանալ: Զուտ կլինեի նկարահանող, բայց ես իրենց մի մասն էի, իրենցից ստանում էի սերը ու նույն ձեւ այն փոխանցում ե՛ւ իրենց, ե՛ւ կադրին եւ այսօր արդեն նաեւ հանրությանը»:
Ունենալով արդեն արեւ երեխաների հետ աշխատելու փորձ՝ Վահե Յանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ հոլովակը կունենա շարունակություն, թե ինչ ձեւաչափով, փակագծեր չբացեց:
«ՇԱՏ -ՇԱՏԵՐԸ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՆԵՆ ՏԿԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ»
Նշենք, որ «Արեւի աշխարհ» երգի երաժշտության հեղինակը Սուսաննա Հովհաննիսյանն է, իսկ խոսքերը գրել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:
Խոսելով «Արեւ-երեխաներ» կազմակերպության մասին՝ նա ցավով ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում բարեգործության կողքին կանգնած տեսնում ենք միշտ նույն մարդկանց, երգիչ-երգչուհիների առումով էլ է հիմնականում նույն պատկերը:
«Բարեգործությունը պետք է լինի վարակիչ: Այս տեսահոլովակը եւս մեկ օրինակ է, որ մենք բոլորս միասին ենք, կարեորը՝ տկարության համախտանիշ չունենք, իսկ շատ- շատերը մեր հանրության մեջ ունեն տկարության համախտանիշ: Փառք Աստծո, այս երեխաների դեմքին ժպիտ կա, իրենք այդպես են ծնված՝ ժպիտն իր արեւային պայծառությամբ դաջված է իրենց դեմքին: Շնորհակալ եմ Տեր Գրիգորին, որ այս ամենի մասնիկը դարձա, ու արեւ երեխաների «Արեւի աշխարհ» երգը ծնվեց: Յուրաքանչյուր առանձնահատկություն պիտի վերցնի իր վրա մի դրոշակակիր, որ կարողանա այդ նավն առաջ տանել: Տեր Գրիգորը եւ Մոնթեն դարձան դրոշակակիր, որովհետեւ նրանցով հազարավոր ծնողներ կարողանում են գնալ առաջ», - նշեց Ավետ Բարսեղյանը:
«ԽՆԴՐԵՑԻ, ՈՐ ԵՐԳԸ ԼԻՆԻ ՈՉ ԹԵ ՄՈՆԹԵԻՆԸ, ԱՅԼ՝ ԲՈԼՈՐ ԱՐԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆԸ»
Իսկ թե ինչպես ծնվեցին «Արեւի աշխարհ» երգի բառերը, որը հետո ունեցավ իր երաժշտությունն ու տեսահոլովակը, փակագծեր բացեց ՏԵՐ ԳՐԻԳՈՐ քահանա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
«Եթե չեմ սխալվում 7 տարի առաջ էր, Ավետը հերթական անգամ այցելել էր Զորավոր եկեղեցի, Մոնթեն ինձ հետ էր, ինքը Մոնթեի կարգավիճակի մասին չգիտեր, խոսեցինք, իմացավ, բաժանվեցինք: Հաջորդ օրն առավոտյան ժամը՝ 8-ին կամ 8:30 էր, եկել էի պատրաստվելու ժամերգությանը, եւ Ավետը իր հատուկ կնիքով մի ծրար բերեց ինձ, որը մինչեւ հիմա պահում եմ: Ասաց, որ գիշերը չի քնել, Մոնթեի համար մի բանաստեղծություն է գրել՝ «Արեւի աշխարհ», որտեղ հիմնական մեխը ձեռքդ տուրն է: Եվ քանի որ Մոնթեն համարվում է ներկայացուցիչը արեւ երեխաների, խնդրեցի, որ երգը լինի բոլոր արեւներինը: Երգը ձայնագրվեց 3-4 տարի առաջ, եւ հիմա էլ կարողացանք նաեւ տեսահոլովակ ունենալ», - պատմեց Տեր հայրը:
Թերեւս տեղին է ամփոփել նյութը դերասանուհի, հաղորդավարուհի եւ արեւ երեխաների բարեկամ ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ դիպուկ խոսքերով. «Ես չունեմ երեխա, չունեմ արեւ երեխա, բայց ո՞վ է որոշել, թե որ երեխան ումն է… Ուրիշի երեխա չկա՛, գոնե ոչ ինձ համար ու ոչ Հայաստանում, ուրեմն՝ եթե որեւէ մեկն ունի խնդիր, այդ խնդիրը բոլորինս պետք է լինի: Եվ եթե որեւէ մեկն ունի իր մեջ սեր, այդ սերը բոլորին պետք է հասնի»:
Նյութը եւ միջոցառման տեսանյութերը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ




