Այդ ո՞ր արժանիքների համար են Մելիքբեկյանին բրթում առաջ. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Կառավարության հերթական նիստում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ բացահայտել է, թե ինչպես է ստացել իր վարորդական իրավունքի վկայականը։ Նրա խոսքով՝ երբ վարորդական իրավունք է ստացել, հայտնի լրագրող էր: «Այն ժամանակ հայտնի լրագրող էի, ծնկաչոք աղաչեի էլ՝ չէին թողնի քննություն տայի։ 300 մետրի վրա բերին տվին, ասին՝ «գնա ստեղից, հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեր հետ»,- ասում է նա ու փաստում՝ մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ Փաշինյան Նիկոլի ո՛չ դիպլոմն է օրինական, ո՛չ ամուսնությունը, ո՛չ էլ վարորդական իրավունքը, տո որ Սահմանադրական դատարանն իր տեղում լիներ, վաղուց կպարզվեր, որ իր նստած աթոռին էլ է ապօրինի հասել:
Ֆուտբոլասերներ, լա՞վ եք: Դե բռնվեք, չընկնեք լուրը կարդալիս: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆՆ ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ։ 7 տեղին (4 տարվա պաշտոնավարում) հավակնում էր 11 թեկնածու։ Ընտրությունը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսում։ Մինչ հայաստանյան ֆուտբոլասերները պահանջում են վերջինիս հրաժարականը, պարզվում է՝ Մելիքբեկյանը ստանալու է 16 հազար դոլար լրացուցիչ աշխատավարձ՝ այն էլ 4 տարի շարունակ: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197․000 եվրո է` 200 եվրո օրապահիկով։ Ահա, թե ինչի է բերում մի քանի օր աղմկելն ու հետեւողականություն չցուցաբերելը՝ հրաժարականի պահանջի հարցում: «Վովա Փաշինյանի անվան ֆուտբոլի հաջորդ հուշամրցաշարը կկազմակերպի ՈՒԵՖԱ-ն, որպեսզի արդարացվի Արմեն Մելիքբեկյանի ամսական 16 հազար դոլար լրացուցիչ աշխատավարձի ստացումը»,- հեգնել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով, որ Մելիքբեկյանը վերջերս Փաշինյան Նիկոլի հետ Իջեւանում մասնակցում էր վերջինիս հորը նվիրված ո՛չ ավել, ո՛չ պակաս մրցաշարին: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արժանիքների համար են ՈՒԵՖԱ-ում Մելիքբեկյանին բրթում առաջ:
Զարմանալիորեն, Գյումրիի ընտրությունների նախընտրական քարոզարշավին ու դրանից հետո՝ ձեն-ծպտուն չի հանում ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է. որ իրեն այս հարցը չի հետաքրքրում։ «Քաղաքական հարցերով չեմ զբաղվում։ Իմ միակ կանոնը հետեւյալն է՝ ամեն ազգ արժանի է իր ընտրած ղեկավարին… Ես ո՛չ ընդդիմություն եմ ճանաչում, ո՛չ ՔՊ, ո՛չ ՍՊ, ո՛չ ԼՊ, ոչ մի բան… ես քաղաքականությունից հեռացել եմ, հասկանո՞ւմ եք, ես գործ չունեմ, որովհետեւ այնքան զզվելի բան է ինձ համար քաղաքականությունը, ու ես առնվազն չեմ ուզում խառնվել դրան», - նշել է 80-ամյա ժողովրդական արտիստը։ Իհարկե, ուրախ ենք, որ օր ծերության Ծատուրյանը հասկացավ, որ ով-ով, բայց ինքը քաղաքական հարցերով չպետք է զբաղվի: Միայն թե, նա մոռանում է, որ քաղաքականությունն այսքան զզվելի է դարձել նաեւ իր ջանքերով: Երբ Փաշինյանով խանդավառված` ասում էր, թե «Նիկոլը պետք է ընդդիմությանը գյուլլի, մեկ օրով Ստալին դառնա», երբ թույն ու թարախ էր տարածում իր բոլոր հարցազրույցներով, ինչո՞ւ այն ժամանակ լեզուն չէր կծում ու ասում, որ քաղաքականությունը զզվելի բան է, ինքն էլ չի զբաղվում դրանով:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը