17 համայնքի կտրամադրվի 1 մլրդ 682 մլն դրամ՝ 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Տնտեսություն
Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 682 մլն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր:
«Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 մլրդ 75 մլն դրամ 2025 թվականի ընթացքում»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում է համաֆինանսավորել. դրանք և՛ ավարտված, և՛ ընթացքի մեջ եղող ծրագրեր են: Ըստ այդմ՝ կկառուցվի Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող՝ 17 կմ երկարությամբ գազատարը, որը նախատեսված է 580 տնտեսության համար: Գումար կհատկացվի Գավառում 90 սանի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլի, իսկ Ելփինում՝ 60 սանի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման համար: Մարտունի համայնքի Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարներ են կառուցվում՝ նախատեսված 300 տնտեսության համար, կատարված է աշխատանքների 90 տոկոսը: Գումար կհատկացվի նաև Ծաղկաձորում 2,4 կմ երկարությամբ լուսավորության համակարգի արդիականացման համար, որի աշխատանքներն ավարտված են: