Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով

ՍԻՄ-Լուրեր

Հայրենական մեծ պատերազմից անցել է 80 տարի եւ այսօր էլ հիշում ու խոնարհվում ենք այն մարտիկների առաջ, ովքեր միահամուռ կերպով պահել են հայրենի սահմանները, միասնական պայքարել մեծ գաղափարի համար: Ցավոք, պատերազմի մասնակիցներից շատերն այսօր մեզ հետ չեն եւ նրանց հիշատակը վառ են պահում նրանց կատարած քաջագործությունների պատմությունները: Սակայն, հուրախություն բոլորիս՝ 101-ամյա վետերան ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆՆ ապրում է մեր կողքին, թեեւ իր խոսքերով՝ մի քիչ վատ է լսում եւ դեռ ոտքի վիրավորումը տարիներ ի վեր իրեն հիշեցնել է տալիս պատերազմը: Նախ «Իրավունք TV» -ի տաղավարում հյուրընկալեցինք Հայրենական մեծ պատերազմի մասնակից ՆԵՐՍԵՍ պապին, ապա նրան անակնկալ էր սպասվում հարազատ ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում: ՍԻՄ-ը՝ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ, շնորհավորեցին նրան՝ մեծ հաղթանակի կապակցությամբ արդեն տոնական սեղանի շուրջ:

— Պարոն Սիմոնյան, 80 տարի անց ի՞նչ եք հիշում պատերազմից:

— Դպրոցական էի, երբ իմացանք, որ գերմանացիները հարձակվել են Սովետական միության վրա: Ամբողջ երիտասարդությունը գնաց պատերազմ, ինձ էլ տարան, դպրոցն ավարտեցի եւ անմիջապես գնացի ընկերներիս հետ պատերազմ: Շատ ծանր վիճակ ստեղծվեց: 1942 թվականի աշունն էր եւ անմիջապես անցա Նովորոսիսկի պաշտպանությանը: Յոթ ընկեր էինք, որոնցից չորսը զոհվեցին այդ պաշտպանության ընթացքում: Մեկ տարի պայքարել ենք Նովորոսիսկի ազատագրման համար: Նովորոսիսկի պաշտպանությունը շատ կարեւոր էր, որովհետեւ ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր: Հասել էին Սեւ ծովի ափ: Նովորոսիսկ քաղաքն էլ էր գրավված: Միայն քաղաքի ծայրամասի 1-2 թաղամաս էր մնացել եւ 1943 թվականի սեպտեմբերին ազատագրեցինք եւ ազատագրման հարցում նաեւ մեծ ներդրում ունեցավ մեր հարեւան դիվիզիան, որը հայկական դիվիզիան էր: Այնուհետ անցանք Ղրիմի պաշտպանությանը, որի ընթացքում մեր եւ հայկական դիվիզիան շատ կորուստներ տվեց: Վերջապես Ղրիմի ազատագրումից հետո, անցանք Սեւաստոպոլի ազատագրմանը եւ հենց այդ ժամանակ էլ 1944 թվականի հունվարին, ես ծանր վիրավորում ստացա ոտքի հատվածում:

— Հաճա՞խ եք հիշում Ձեր մարտական ընկերներին:

— Այո, միշտ: Հատկապես զոհված ընկերներիս եմ շատ հիշում եւ. կարելի է ասել, ես ապրում եմ նրանց հիշողություններով: Զոհված ընկերներիցս մեկը շատ խելացի երեխա էր: Անունը Վանիկ էր, նա բոլորից տարբերվում էր իր խելքով, շատ խելացի էր… Մեր ազգը շատ մեծ կորուստ ունեցավ հենց Ղրիմի ազատագրման ժամանակ: Պատերազմից հետո ես երեք անգամ այցելել եմ հատուկ գերեզմանոց, որը կառուցված է Ղրիմում, եւ դա հայկական գերեզմանոց է:

— Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ հաղթել եք՝ Դուք, Ձեր ընկերները…

— Ծանր վիրավորումից հետո, ինձ Ղրիմից տեղափոխեցին Հյուսիսային Կովկաս: Եվ մեկ ամիս պառկած եմ եղել հիվանդանոցում ու 1944 թվականի մայիսին նոր դուրս եմ գրվել հիվանդանոցից, որից հետո տեղափոխվեցի գյուղ՝ Ախալքալաք՝ Բագդանովկա: Գյուղում աշխատեցի, որպես կոլխոզի հաշվետար, այնուհետ ընդունվեցի պետական համալսարան եւ ավարտելուց հետո աշխատեցի մանկավարժ, ու 27 տարի դպրոցի տնօրեն եմ եղել: Հետո տեղափոխվեցի Երեւան: Շատ հաճախ այցելում եմ Մոսկվա, Տյումենից անցյալ տարի հրավերք ստացա, սիրով այցելեցի: Եվ մի քանի օրից կրկին մեկնում եմ Մոսկվա: Տոնի կապակցությամբ են հրավիրել:  

— Դուք ՍԻՄ կուսակցության ամենատարեց ներկայացուցիչն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք հենց ՍԻՄ-ը:

— Մեկ անգամ՝ 30 տարի առաջ, պատահական հանդիպեցի Բաբուխանյան Հայկին, իմացա իրենց ազնիվ նախաձեռնության մասին, որ պայքարում են հայրենիքի համար եւ այդպես բարեկամացա Բաբուխանյանի հետ եւ դարձա կուսակցության անդամ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ