ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆ
Արխիվ 12-16
Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված է այդ տարածաշրջանում անկայունության գոտի ստեղծելուն: Այս մասին, ըստ ռուսական Ինտերֆաքս գործակալության, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 28-ից Վրաստանում անցկացվում են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ըստ առկա տեղեկությունների, միջոցառմանը մասնակցում են ռազմական բլոկի գործընկեր 17 երկրներ, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Այսպիսով, դաշինքը շարունակում է Հարավային Կովկասի հանրապետությունները իր ազդեցության ուղեծիր ներքաշելու ընթացքը»,- հայտարարել է Զախարովան։
Նա նշել է, որ «որպես կանոն, փոխգործակցության նման ձևաչափերի միջոցով է, որ ՆԱՏՕ-ն տարածաշրջանային ուժերին պարտադրում է իր չափանիշներն ու գաղափարախոսությունը, պայմաններ է ստեղծում պաշտպանական համալիրի վերափոխման, զինված ուժերի զարգացման և արտաքին քաղաքականության գործընթացի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար»։
«Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա: Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված չէ անվտանգության ամրապնդմանը, այլ այնտեղ անկայունության և ռազմաքաղաքական լարվածության գոտի ստեղծելուն», - ընդգծել է Զախարովան։
Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ հանրապետությունները «վճռական մոտեցում կցուցաբերեն նման միջոցառումներին մասնակցելու հարցում»։