«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ հուզական ելույթով՝ մեղադրելով ԶԼՄ-ներին իր 3 ամյա երեխային «թիրախավորելու» համար։
«3 տարեկան իմ երեխայի վրա հոդված տպեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո…., – հայտարարեց Նորատուսցի պատգամավորը:
Իսկ ինչ էր գրվել լրատվամիջոցների կողմից, ավելի կոնկրետ՝ «Հրապարակ» օրաթերթի կողմից 2022 թվականի մայիսի 15-ին: Ըստ օրաթերթի՝ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։
Փաստորեն, այս հրապարակումը Նարեկ Գրիգորյանը համարում է երեխային թիրախավորել:
Իհարկե, ծնողները կարող են ընտրել երեխայի ցանկացած անուն, բայց մամուլին մեղադրել թիրախավորման մեջ խիստ վտանգավոր է, քանի որ ստացվում է, թե իշխանությունն է փորձում սահմանել՝ ինչ կարելի է լուսաբանել, իսկ ինչ՝ ոչ։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ շփոթում են քննադատությունը «թիրախավորման» հետ։ Հանրային գործիչ լինելը ենթադրում է հանրային վերահսկողության ենթարկվել։ Իսկ եթե որոշ տեղեկություններ կարող են դառնալ հանրային հետաքրքրության առարկա, ապա լրագրողները պարտավոր են դրանք ներկայացնել՝ առանց վախենալու «զգացմունքային» հակահարվածներից, որը երեկ արեց Նարեկ Գրիգորյանը: Ի վերջո, պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ»։