Նոր տեղեկություններ վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանից
Սպորտ
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արագորեն վերականգնվում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղում ստացած ազդրի վնասվածքից, հայտնում է FCInter1908-ը։
36-ամյա ֆուտբոլիստը զգալի առաջընթաց է գրանցել և մոտ է լիարժեք մարզավիճակին՝ գերազանցելով թիմակիցներ Բենժամեն Պավարին և Դավիդե Ֆրատեզիին։
Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղի երկրորդ խաղակեսում։ Ի տարբերություն թիմի ավագ Լաուտարո Մարտինեսի, ով բաց կթողնի «Լացիոյի» դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, Մխիթարյանը, Պավարը և Ֆրատեզին արդեն վերսկսել են լիարժեք մարզումները։ Հայ կիսապաշտպանը, պատրաստ կլինի ոչ միայն «Լացիոյի» դեմ խաղին այլեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։
«Ինտերը» մեծ հույսեր է կապում Մխիթարյանի հետ՝ ակնկալելով նրա ներդրումը կարևոր հանդիպումներում։