«ԱՅԴ ՄԵԿ ՍԽԱԼԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԵՌԱԿԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ մեր երկրի ներկայացուցիչները Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ, նվաճել են 3 մեդալ, որից 2 արծաթե և 1 բրոնզե։Այս արդյունքով մեր հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Արծաթե մեդալ են նվաճել անվանի ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը, իսկ բրոնզե մեդալ Վազգեն Թևանյանը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է ազատ ոճի անվանի ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. - 61 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Պայքարը սկսել էի որակավորման փուլից, որտեղ բացարձակ առավելությամբ 11։0 հաշվով առավելության էի հասել Բուլղարիայի ներկայացուցչի Ստիլյան Իջիևի հանդեպ, իսկ քառորդ եզրափակչում 12։2 հաշվով հաղթեցի ազգությամբ մոլդովացի ըմբիշին Լեոնիդ Կոլեսնիկին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում էլ 5։2 հաշվով պարտության մատնեցի Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին։ Ափսոս, եզրափակչում, համառ պայքարում 5։7 հաշվով զիջեցի ռուսաստանցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Զաուր Ուգուևին։ - Արսեն, որն ես համարում հիմնական պատճառը ոսկե մեդալ չնվաճելու։
- Տեխնիկական սխալը։ Մրցակիցս բավականին փորձառու էր, այդ մեկ սխալը ճակատագրական եղավ, ու մրցակիցս օգտվեց իմ այդ սխալից։ Նա ՕԽ չեմպիոն է, Աշխարհի կրկնակի չեմպիոն։
- Արսեն, իսկ որ գոտեմարտը առավել բարդ տրվեց քեզ։
- Անկեղծ ասած, բոլորն էլ դժվար անցան, բայց ամենաբարդը կիսաեզրափակիչն էր, որտեղ հաղթեցի ալբանացուն, նա Աշխարհի չեմպիոն է։ Նաև եզրափակիչ գոտեմարտն էր բարդ։ Կաշխատեմ ուղղել սխալներս, լավ կպարապեմ, որպեսզի աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը կարողանամ ոսկե մեդալ նվաճել։
- Շնորհակալություն, Արսեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
֊Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ