Եթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից. Մեսրոպ Մանուկյան
Ներքաղաքական
Ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղիղ եթերում ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար ՄԵՍՐՈՊ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
— Պարոն Մանուկյան, երեկվանից մամուլում շրջանառվում են լուրեր Նոր Նորքի թաղապետի հրաժարականի վերաբերյալ: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ հրապարակային քաղաքացի ծեծելուց միայն 15 օր անց է հրաժարականի մասին խոսվում:
— Վերջին զարգացումների համատեքստում կարեւոր եմ համարում հստակեցնել իմ դիրքորոշումը։ Անձամբ ինձ համար բացարձակապես կարեւոր չէ՝ կհեռացնեն, թե կպահեն թաղապետին։ Այս որոշումը ոչ թե վերաբերում է ինձ, այլ միայն եւ միայն իրենց՝ այն մարդկանց կամ ուժերին, որոնք ստանձնել են որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։ Իրականում՝ այս գործընթացում նրանք ցույց տվեցին իրենց կերպարը, դեմքը եւ այն արժեհամակարգը, որի կրողն են։ Ուստի՝ պահեն, թե հանեն, ինձ համար ոչինչ չի փոխվում. նրանք արդեն իսկ բացահայտել են իրենց իրական էությունը։
Խոսելով, այսպես կոչված, «15 օրվա» մասին՝ չեմ կարող անտեսել մի շատ պարզ ու տրամաբանական հարց. եթե իրենք անկեղծ են իրենց համոզմունքների մեջ եւ իսկապես հանդես են գալիս որոշ արժեքների դիրքերից, ապա ինչո՞ւ չեն գնում մինչեւ վերջ։ Եթե պաշտոնը նրանց համար արժեք չունի, ապա ինչո՞ւ են այդքան ամուր կառչել դրանից։ Արդյոք պաշտոնը կամ աթոռը այսքան քաղցր ու անփոխարինելի՞ է, որ նրանց՝ այդպես կոչված՝ արժեքային ուժը, չի կարողանում հրաժարվել դրանից։ Թե՞ իրականում կուսակցությունը պարզապես չի կարողանում կտրվել իշխանական լծակներից։ Այս ամենը, խոստովանեմ, ինձ համար խիստ անհասկանալի է։ Հակասությունները տեսանելի են՝ ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական քայլերի միջեւ։ Իսկ հանրությունն ուշադիր է. նա տեսնում է ոչ միայն ասածը, այլեւ՝ արվածը։
Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել՝ ես երբեք որեւէ պահանջ չեմ ներկայացրել կոնկրետ պաշտոնյաների հեռացման վերաբերյալ։ Ընդհակառակը՝ ես կողմ եմ եղել, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը, որպեսզի հասարակությունը հնարավորություն ունենա տեսնելու նրանց իրական դեմքը։ Ի վերջո, դիմակը երկար չի կարող մնալ՝ ամեն ինչ իր ժամանակին բացահայտվում է։ Բայց եթե իրենք իսկապես համոզված են, որ պետք է հեռացնեն այդ պաշտոնյային, ապա ինչո՞ւ չեն անում դա։ Այս հարցը մնում է անպատասխան։ Եվ հենց այս չպատասխանված հարցերն են, որ օր օրի խորացնում են անվստահությունը։
— Ամեն դեպքում, եթե հրաժարական լինի, կբավարարվե՞ք դրանով, թե՞ պահանջելու եք, որ, ի վերջո, պատասխանատվության ենթարկվի քաղաքացի ծեծելու համար:
— Տեսեք, քաղաքացի ծեծելու դեպքի հասցեատերը ես չեմ։ Այլ խոսքով՝ այդ քաղաքացու նկատմամբ բռնության ենթադրյալ դեպքի կենտրոնում ես չեմ գտնվում։ Այսինքն՝ բողոքարկման իրավունքն ու իրավական գործողությունների նախաձեռնման որոշումը պատկանում է հենց այդ քաղաքացուն։ Այնուամենայնիվ, որպես քաղաքացի, իմ կարծիքն ունեմ եւ կարող եմ ասել, որ եթե առերեւույթ խուլիգանություն է տեղի ունեցել, ապա այն պետք է ստանա իր իրավական գնահատականը՝ օրենքի ամբողջ խստությամբ։
Այս պահին հարցը ոչ միայն տվյալ միջադեպն է, այլեւ այն, թե արդյոք պետությունն ունի կամք գործելու՝ օրենքի պահանջներին համապատասխան։ Այսինքն՝ այստեղ առաջանում է հարց՝ արդյոք մենք ապրում ենք իրավական պետությունում, թե՝ ոչ։ Եվ եթե իրենք իսկապես կարծում են, որ իրենց գործողությունները արդարացի են, թող ցույց տան իրենց իրական դեմքը՝ կհարուցե՞ն քրեական գործ, թե՝ ոչ, կկալանավորե՞ն մեղադրյալին, թե՝ ոչ։ Դա արդեն իրենց որոշելիքն է։ Այսօր իշխանությունն իրենց ձեռքերում է, եւ հենց իրենք պետք է պատասխան տան հասարակությանը արդյոք կարող են արդարություն ապահովել, թե՝ ոչ։ Իրենց վրա է դրված ապացուցելու բեռը։
— Ի՞նչ եք կարծում՝ Նոր Նորքի թաղապետին աշխատանքից ազատելը կարո՞ղ է դառնալ «Հանրապետություն»-ՔՊ կոալիցիոն գործընկերների համագործակցության ավարտ:
— Ես անձամբ այնքան էլ չեմ հավատում, թե այս ամենը շուտով կավարտվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ ունի իր համար շատ հարմար «հաճախորդներ»՝ այսպես կոչված ընդդիմադիրներ, ովքեր իրականում ծառայում են միայն իրենց շահերին։ Նրանք դուրս են գալիս, ճառեր են ասում ընդդիմադիր դաշտում, ցուցադրաբար քննադատում իշխանությանը, բայց վերջում համագործակցում են «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Իրականում նրանց նպատակը իշխանության դեմ պայքարը չէ, այլ այդ «լափամանից» օգտվելը, որը նրանց համար միշտ քաղցր ու շահավետ է եղել։ Սա քաղաքականության ձեւ է, որտեղ սկզբունքները վաղուց փոխարինվել են անձնական շահերով։
— Այդուհանդերձ, ի՞նչը կարող էր ստիպել, որ միայն հիմա քննարկվի Նոր Նորքի թաղապետի հրաժարականի հարցը եւ ոչ թե, օրինակ, տասը օր առաջ:
— Այս հարցում իմ կարծիքը կարող է որոշ չափով սուբյեկտիվ հնչել, քանի որ իրադարձությունները, իմ դիտարկմամբ, անցան մի քանի փուլով։ Սկզբում նրանք փորձեցին ուժ ցուցադրել՝ ճնշում գործադրելով եւ շանտաժի տարրերով։ Դրանից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը, իմ համոզմամբ, հասկացավ, որ խնդիրն առկա է ոչ միայն իրենց կառույցում, այլ նաեւ իր անձնական քաղաքական դիրքում։ Ակնհայտ դարձավ, որ նրանք եւս պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, եւ այդ համատեքստում իրենց քայլերն ու արձագանքները քաղաքականապես, մեղմ ասած, անհաս էին։
Իրենք, ըստ էության, պատրաստվում են ընտրություններին, ու այս ամենն արվել է հենց այդ նպատակի համատեքստում։ Սակայն, պետք է նշել, որ այդ քայլերը չեն կարող փրկել նրանց հեղինակությունը։ Եթե իրենց թաղապետը՝ ում ես այս պահին ընկալում եմ որպես ենթադրյալ տուժող (չմոռանանք, որ ինձ եւս մեղադրանք է առաջադրված՝ հինգ տարվա ազատազրկման պահանջով), քաղաքականորեն հասուն անձ լիներ, ապա հենց առաջին իսկ օրը պետք է հանդես գար հստակ ու համարձակ հայտարարությամբ։ Սակայն դրա փոխարեն՝ մենք ականատես եղանք մի տեսակ բեմականացման՝ փորձելով ստեղծել նոր «դիկտատուրայի» մթնոլորտ, իբր՝ «մեզ հնարավոր չէ հեռացնել», «մենք մնում ենք մեր տեղում», եւ այլ նմանօրինակ մոտեցումներ։ Ի վերջո, նրանք հասկացան, որ սա է միակ ընդունելի ելքը։ Ընդհանուր առմամբ, այս ամենը, որքան էլ զավեշտալի ու հակասական լինի, իրենց հաշվարկված քայլերից էր՝ ուղղված առաջիկա քաղաքական գործընթացներին։
— Իսկ Նոր Նորքի հնարավոր նոր թաղապետի մասին ի՞նչ կարծիք ունեք: Ասում են, թե Տիգրան Տեր-Մարգարյանին փոխարինելու է ԵԿՄ-ից Մարատ Սեւոյանը:
— Եթե ինչ-որ բան դեռ հաստատված չէ, ապա իսկապես դժվար է արտահայտել կարծիք: Հատկապես, եթե խոսքը մարդու մասին է, որի գոյությունն այդ պաշտոնում դեռ պետք է հաստատվի, ուստի՝ արդեն հարց է առաջացնում՝ արդյոք այդ մասին խոսելը ճիշտ կլինի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ես այդ մարդուն անձամբ ճանաչում եմ, ապա այդ խոսքն արդեն ունի իր ուժը, քանի որ այն հիմք է տալիս առավել վստահ ու հիմնավորված կարծիք արտահայտելու համար։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ