«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է
Մամուլի տեսություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Սամվել Շահրամանյանի նկատմամբ ճնշման բոլոր լծակները գործի է դրել, որպեսզի նա, լինելով Արցախի նախագահի, կարելի է ասել, միակ թեկնածուն, հրաժարվի առաջադրվելուց։ Ճնշման գործիքն էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, որը ՀՀ իշխանական վարչակարգի թերեւս միակ պաշտոնյան է, որն ուղիղ շփման մեջ է Շահրամանյանի հետ՝ որպես նախկին կոլեգայի:
Հիշեցնենք․ Շահրամանյանն Արցախում երկար տարիներ ԱԱԾ-ում է աշխատել։ Մեզ պատմեցին, որ Աբազյանը տեւական ժամանակ է՝ իշխանություններից ուղերձներ է փոխանցում Շահրամանյանին, որ չառաջադրվի, թե իբր` Ալիեւի վերջին ծավալապաշտական հայտարարությունները Հայաստանի նկատմամբ Արցախի քաղաքական վերնախավի այս գործողությունների պատճառով են, մասնավորապես՝ պետական ինստիտուտների գործունեությունը շարունակելու ջանքերի հետ կապված։
Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Շահրամանյանը մի քանի անգամ հարցաքննվել է՝ Արցախի հանձնման ժամանակ սպառազինությունը թշնամուն հանձնելու վարույթով։ Տեղեկություն կար, որ այդ գործով Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է հաղորդում ներկայացրել Շահրամանյանի դեմ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում