«ԹՈՒՐՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼԸ ՊԱՏՎԻ ՀԱՐՑ ԷՐ». ԿՅՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆ
Սպորտ
Վերջերս Հունգարիայի Էստերգոմ քաղաքում կայացած Կյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը հաջող են հանդես եկել Հայաստանի կյոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի հավաքականի անդամները։ Մեր մարզիկները նվաճել են 12 մեդալ, որից 5 ոսկե, 2 արծաթե ու 5 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է ոսկե մեդալակիր, արդեն Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, լավագույն մարզիկ ճանաչված ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Մինուս 65 կգ քաշային կարգում եմ հանդես եկել ։Երեք մենամարտ ունեցա։ Մեկնարկում վաղաժամ թուրք մրցակցիս հաղթեցի, հետո կրկին վաղաժամ իսպանացի մրցակցիս, եզրափակչում մյուս թուրք մրցակցիս եմ պարտության մատնել միավորների առավելությամբ։ Թուրք հակառակորդներին հաղթելը դա պատվի հարց էր ինձ համար։ Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ նրանց և ճանաչվել այս ԵԱ֊ի լավագույն մարզիկ, սա իսկապես շատ պարտավորեցնող է ինձ համար, կաշխատեմ ԱԱ-ին էլ հաղթել։
Իսկ ահա Հայաստանի Կյոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ ՍՊԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ այսպես մեկնաբանեց մրցաշարը.
- Սա բոլորիս կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքն եմ համարում։ Թիմային հաշվարկում չորրորդ տեղն ենք գրավել։ Ճիշտ է, ավելի լավ կարող էինք հանդես գալ, սակայն ես դժգոհ չեմ ու կաշխատենք ուղղել սխալները, որպեսզի հաջորդ մրցաշարերում ավելի լավ հանդես գան մեր մարզիկները։ Այս Եվրոպայի առաջնությանը ոսկե մեդալ նվաճեցին Վարդան Ադամյանը, նա թուրք մարզիկներին հաղթեց վաղաժամ, ճանաչվեց լավագույն մարզիկ։ Ալեն Հովհաննիսյանը ևս թուրքին հաղթեց, Արեն Խուդոյանը, Տիգրան Ալավերդյանը, Գոռ Կիրակոսյանը։ Արծաթե մեդալ նվաճեց Քաջիկ Ոսկանյանը։ Նա սկզբից նոկաուտով հաղթեց երկու լեհ հակառակորդներին, հետո ուկրաինացի մարզիկին։ Ափսոս եզրափակչում զիջեց Հունգարիայի ներկայացուցչին, սակայն շատ մոտ էր ոսկե մեդալին։ Այս տարի կկայանա նաև Աշխարհի գավաթի խաղարկությունը և Աշխարհի առաջնությունը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


