Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը կարգելվի
Տնտեսություն
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը կարող է ժամանակավորապես արգելել Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Գերատեսչության ստուգումների արդյունքում վնասատուներ են հայտնաբերվել, մտահոգությունները փոխանցվել են ՍԱՏՄ-ին։
Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ից կարող է ժամանակավոր սահմանափակել Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը՝ ընդգծելով, որ մտահոգված է Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումներով։
«Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ» - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընթացիկ տարում Հայաստանում աճեցված ծաղիկների ներկրման կտրուկ աճ է նկատվում։ Այս տարի արդեն ներկրվել է 52 մլն հատ ծաղիկ, ինչը 49,7 տոկոսով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (34,7 մլն հատ)։
Բեռնափոխադրումների ավելացմանը զուգահեռ ավելացել է նաև կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ: Ռոսսելխոզնադզորի կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:
Արդյունքում Ռոսսելխոզնադզորը որոշում է կայացրել՝ եթե իրավիճակն արագորեն չշտկվի, անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա ստիպված է լինելու հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ դեպի Ռուսաստան ծաղիկների ներմուծման համար։