ՄՈՍԿՎԱՆ ԿԴԻՄԻ՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ԹԵ՞ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ «ՕՐԵՇՆԻԿ»-ՈՎ
Վերլուծություն
Այն, ինչ հունիսի 1-ին տեղի ունեցավ Ռուսաստանում, մեղմ կլինի ռազմական սրացում համարելը: Ռուսական երկաթուղային համակարգին հարվածելն արդեն իսկ ենթադրում էր ռազմական սուր պատասխան: Սակայն ուկրաինական կողմը հարվածեց նաեւ ռուսական ռազմավարական ռմբակոծիչների օդանավակայաններին: Սա արդեն նշանակում է հարված միջուկային համակարգին, այն է՝ պետության ռազմավարական անվտանգությանը: Դա բազմապատիկ անգամ ավելի լուրջ է, քան քաղաքացիական գնացքին հարվածելը:
ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
Թե ինչ է նշանակում ռուսական միջուկային նշանակության օբյեկտին հարվածելը, քաղաքագետ Սերգեյ Մարկովը մեկնաբանեց միջադեպից շատ չանցած՝ դա ՌԴ միջուկային դոկտրինով՝ միջուկային զենք կիրառելու թույլատրելի պատճառ է: Ավելին, առաջնային տեղում գտնվող պատճառ: Իմաստը պարզ է. նման հարվածը կարող է խախտել գլոբալ միջուկային բալանսը՝ դրանից բխող միանգամայն անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ: Առավել եւս, որ ռուսական (եւ ոչ միայն) փորձագիտական աղբյուրները միանգամից մատնանշեցին Ուկրաինային՝ որպես իրականացնողի եւ Բրիտանիային՝ որպես այս ամենի թիկունքին կանգնած ուժի: Այսինքն, խոսքն այս դեպքում մեկ այլ միջուկային եւ ՆԱՏՕ-ին անդամ պետության կողմից ռուսական միջուկային տրիադայի մասնիկի՝ օդային միջուկային ուժերի դեմ հարված է, եւ այդ պահին որեւէ մեկը չի կարող բացառել, որ հարվածը նաեւ չէր ուղղվի տրիադայի մյուս երկու՝ ցամաքային եւ ծովային մասնիկներին: Առավել եւս, որ դրան նախորդեցին երկաթուղային համակարգի դեմ աղմկոտ հարվածները, որոնք կարող էին ընկալվել` որպես հիմնական հարվածից ուշադրությունը շեղող օպերացիաներ: Հաշվի առնելով, որ միաժամանակ ծավալվեցին խոսակցություններ՝ ռուսական հյուսիսային սուզանավային խոշոր բազայի վրա եւս նման հարձակման մասին: Ու նման իրավիճակներում ռուսական միջուկային դոկտրինը կարող էր նաեւ գործել սահմանված հրահանգներին խստիվ համապատասխան:
Այսինքն, թեեւ չի խոսվում, բայց այն, որ այդ հարձակումն աշխարհն ընդհուպ մոտեցրեց միջուկային ապոկալիպսիսի շեմին, դա հաստատ է: Ռուսաստանը կարող էր հենց նույն պահին առնվազն մեկ-երկու «փոքրիկ» տակտիկական միջուկային լիցք ուղղել դեպի Ուկրաինա: Հաշվի առնելով նաեւ, որ այս պատմության մեկ այլ էական դետալ եւս կա: Այն, որ ուկրաինացիները, թեկուզեւ բրիտանական աջակցությամբ, կարողացան սողանցք գտնել եւ հարվածել ռուսական ռազմավարական ավիացիային, դա դեռ հարցի փոքր կողմն է: Իսկ ավելի մեծ իմաստով, սա նշանակում է մեկ շատ հաստ «կարմիր գիծ» անցնելու նախադեպ: Միջուկային ուժերի հետ նման կատակները վտանգավոր են, ավելին՝ աննախադեպ: Օրինակ, ռուսներն այս պատերազմական թոհուբոհում անգամ մեկ հարված չեն հասցրել ուկրաինական միջուկային օբյեկտներին՝ ատոմակայաններին: Հարվածի փորձ անգամ չի եղել ՆԱՏՕ-ական, այդ թվում՝ բրիտանական նման համակարգերին: Խոշոր հաշվով, ռուսական ռազմավարական ավիացիան հենց այնպես չէ, որ կանգնած էր բաց երկնքի տակ՝ խոցելի վիճակում: Կա ամերիկացիների հետ պայմանագիր. ստրատեգիական ավիացիան պետք է լինի փոխադարձ տեսանելի եւ վերահսկելի: Այն երաշխիքով, որ այն հարվածների չի ենթարկվի: Հենց այդ «հաստ կարմիր գիծն» է, որ այլեւս չի գործում: Գումարած, կա, այսպես ասած, «պատասխանի իրավունք», որը կոնկրետ դեպքում նշանակում է միջուկային ապոկալիպսիս:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐԸ
«Տաք գլխով» պատասխան հարվածը չհաջորդեց: Բայց նաեւ, դա դեռ չի նշանակում, որ պետք է տեղի ունեցածն ավարտված համարել. պատասխան, միանշանակ, լինելու է, եւ հարց է, թե ինչ քանակով եւ տեսքով:
Թե ինչու այս ամենը տեղի ունեցավ, կարելի է հասկանալ: Դեպքի հաջորդ օրը Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն էր, որի շրջանակներում Վաշինգտոնը բուռն ճնշումներ է գործադրում Կիեւի վրա: Այն է՝ համաձայնվել առաջադրված պայմաններին, այլապես ԱՄՆ-ն դուրս կգա ուկրաինական գործընթացից: Բրիտանիայի համար դա նշանակում է աշխարհաքաղաքական խոշոր, կարելի է ասել՝ դարակազմիկ պարտություն: Այն է՝ ռուսներն ի զորու են շատ արագ հաղթել առանց ամերիկյան օգնության մնացած ԱՄՆ-ին, հաշվի առնելով, որ Եվրոպան պարզապես ամերիկյան օգնությունը փոխարինելու պոտենցիալը չունի: Եվ եթե դրան էլ հաջորդեն ԱՄՆ-ՌԴ գլոբալ պայմանավորվածությունները, այն է՝ աշխարհը երեք հիմնական աղդեցության գոտու վերածելու տեսլականը, որի մասին Թրամփն արդեն բացահայտ է խոսում, Բրիտանիան այդ դեպքում պարզապես կդադարի որպես աշխարհաքաղաքական գործոն գոյություն ունենալ:
Այն, որ այդ հարվածներն ուղղված էին ստամբուլյան հանդիպման ձախողմանը, իհարկե, Բրիտանիային «կյանքն է պարտադրում»: Ավելին, նման ծայրահեղ քայլի հասնելը հուշում է, որ այլ միջոցներ պարզապես չեն մնացել: Մյուս կողմից, դա բնական է, Մոսկվայում եւս շատ լավ են հասկանում, ասենք նաեւ Վաշինգտոնում: Եվ այն, որ պետքարտուղար Ռուբինոն շտապեց կապվել Լավրովի հետ, Սպիտակ տունն էլ հավաստիացրեց, որ իրենք որեւէ տեղեկություն չեն ունեցել նման հարձակման մասին, գալիս է հուշելու, որ հարվածը մի կողմից էլ պետք է համարել Թրամփին ուղղված: Վերջապես, որ Մոսկվան, պատասխան հարվածի փոխարեն, իր պատվիրակությունը գործուղեց Ստամբուլ, նորից խոսում է իրավիճակի ռեալ գնահատման մասին. «տաք գլխով» պատասխանը հենց այն սցենարը կլիներ, որն ամենաշատը ցանկանում են Լոնդոնում:
Բայց որ պատասխան լինելու է, վստահ են նաեւ ուկրաինական աղբյուրները. «Մենք սպասում ենք պատասխանի` «Օրեշնիկի» հարվածների տեսքով։ Ռուսաստանի Դաշնության միջուկային անվտանգությանը հասցված հարվածը Կրեմլը կարող է դիտարկել որպես իրենց անվտանգության վրա հարձակում եւ բարձրացնել խաղի նշաձողը։ Ավելին, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ճանաչել է հարձակումները, ինչը Կրեմլին իրավունք է տալիս ցանկացած ցուցադրական պատասխանի։
Ըստ լուրերի՝ Կրեմլը շտապ նիստ է անցկացրել, որը ոչ մի լավ բան չի բերի Ուկրաինային։ Որոշվել է կոշտ պատասխան տալ Կիեւին: Հարվածը կլինի ցուցադրական։ Այսօր նրանք կորոշեն, թե որ թիրախներին հարվածել։
Ավելին, լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային։ Որոշվել է նաեւ, որ ԿԺԴՀ զինվորականները կմասնակցեն ռազմական գործողություններին։ Մեր բոլոր աղբյուրները վստահ են, որ հակամարտությունը կսրվի։ Չմոռանանք, որ Կրեմլը վերջերս փոխել է իր միջուկային դոկտրինը, եւ ըստ դրա, այն կարող է համարձակորեն միջուկային պատասխան տալ Ուկրաինային, ինչը նշանակում է, որ հարցն այն է, թե ինչ կընտրի Մոսկվան: Բոլորը սպասում են Կրեմլի արձագանքին։ Ըստ լուրերի, այն կլինի 72 ժամվա ընթացքում»:
ՈՒՄ ԻՆՉ ԷՐ ՊԵՏՔ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Այդ հետաձգումը, հասկանալի է, կապված էր ստամբուլյան բանակցությունների հետ: Իհարկե, փորձագիտական հանրության մոտ հիմնականում այն կարծիքն է, թե բանակցությունների հետ լուրջ հույսեր պետք չէ կապել: Այսպես, նախօրեին Reuters-ը հրապարակեց Ուկրաինայի խաղաղության պայմանները, որոնք լիովին հակասում են Մոսկվայի կողմից քանիցս հրապարակավ ներկայացված պայմաններին։ Եվ եթե կողմերի պահանջները միմյանցից 180 աստիճանով տարբերվում են, ապա տրամաբանական կլիներ բանակցություններից որեւէ բան չսպասելը: Բայց եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, ի՞նչ իմաստ կունենար բանակցությունների շեմին նման մասշտաբային ավանտյուրա կազմակերպելը: Այսինքն, վերադառնում ենք այն կետին, թե ի՞նչ են Մոսկվան եւ Վաշինգտոնն ակնկալում այդ բանակցություններից, իրականում ո՞րն է դրանց իմաստը:
Թրամփի համար, իհարկե, մեկ գերնպատակ կա՝ ձերբազատվել ուկրաինական ուղղությունից, բայց նաեւ չընկնելով այս ճանապարհին գլոբալիստների սարքած բազում թակարդների մեջ: Դրա իդեալական տարբերակը կլիներ Զելենսկուն պարտադրելը՝ ստորագրել ռուսների առաջադրած ծրագրի տակ, եւ այս հարցում որոշակի լծակներ, իհարկե, Վաշինգտոնն ունի: Բայց եթե այս տարբերակը չաշխատի, ապա ստամբուլյան բանակցությունները ռեալ հիմք են, որ Թրամփը, կողմերին մեղադրելով, թե չեն ցանկանում պայմանավորվել, հայտարարի, որ «ձեռքերը լվանում է»: Առավել եւս, որ Ռուսաստանի միջուկային համակարգին հասցված ուկրաինական հարվածները Թրամփի համար դառնում են շատ լավ բացատրություն նման տարբերակով. եթե առանց մեզ նման ավանտյուրաների եք դիմում՝ աշխարհը հասցնելով միջուկային բախման շեմին, ապա առանց մեր օգնության էլ շարունակեք պատերազմը:
Մոսկվայի համար պայմանները, որոնք ներկայացվել են Ուկրաինային, ցանկացածի նվազագույնն է. չորս մարզերի վերահսկողություն, Ուկրաինայի ոչ ռազմականացված կարգավիճակ եւ այլն: Շատ ավելի ցանկալի է, որ այդ չորս մարզին ավելացնի եւս առնվազն հինգը՝ Սումի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաեւի եւ Օդեսայի: Դրա միակ տարբերակը ռազմականն է: Իսկ այն իրավիճակում, երբ ամերիկացիները դուրս գան խաղից, իսկ Մոսկվան, հաշվի առնելով ուկրաինական վերջին ավանտյուրաները, բարձրացնի կիրառվող զինատեսակների մակարդակը թեկուզեւ մինչեւ «Օրեշնիկի» աստիճան, այդ խնդիրը դառնում է միանգամայն լուծելի: