ԻՆՉՈՒ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՓՈԽԵԼԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԴԱՐՁԱՎ ԳԵՐԽՆԴԻՐ
Վերլուծություն
Թե ինչու է Նիկոլն այսպես թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ), կարծես թե հասկանում են բոլորը: Խնդիրն այս պահին այն է, թե դեպի ուր է այս իրավիճակը զարգանալու:
ՓԱՇԱԶԱԴԵԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Այն, որ Նիկոլը սկսեց ՀԱԵ-ն թիրախավորել Ալիեւի կրոնական մանկլավիկի՝ Փաշազադեի հայտնի հայտարարությունից հետո, ամեն ինչի մասին արդեն խոսում է: Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Փաշազադեն հանկարծ «որոշեց», որ Էջմիածինը ադրբեջանական է, իսկ ՀԱԵ-ն ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանին սպառնացող վտանգ: Բայց նրա խոսքում նման ակնարկներ էլ կային. «Եթե հայկական պետությունը քաղաքական անգործունակության պատճառով գոյություն չունենա, ապա Հայ ազգային եկեղեցին կարող է շարունակել զորահավաք կենտրոնի առաքելությունը՝ ստեղծելով եւ ղեկավարելով Վատիկանի նման Գրիգորյան կրոնական պետություն»:
«Եթե հայկական պետությունը գոյություն չունենա…» միտքն արդեն իսկ բացահայտ սպառնալիք է՝ ուղղված Հայաստանին: Ավելին, սա ալիեւյան ծրագրերի ուիղ բացահայտումն է: Բայց նաեւ, Փաշազադեն այդ հարցում հիմնական վտանգ է համարում հենց ՀԱԵ-ն: Այսինքն, Փաշազադեի ասածները կարելի է ձեւակերպել նաեւ այսպես՝ Հայկական պետականության վերացման հիմնական խոչընդոտը ՀԱԵ-ն է:
Եվ ահա, գործնականում անմիջապես էլ Նիկոլը, կողակցի հետ միասին, «որոշեց», որ ՀԱԵ-ն ընդամենը «չուլան» է: Ու միանգամից էլ անցավ բաց գրոհի՝ սկսելով «դոմփելուց» եւ հասնելով Վեհափառի պաշտոնանկության թեմային: Ու հասկանալի է, Նիկոլի ուշքնումիտքն իրականում ամենեւին էլ այն չէ, թե ինչ վարքուբարք է տիրում ՀԱԵ-ի ներսում: Քաղաքական իմաստով պատկերը սա է. կա Ադրբեջանից Հայաստանին ուղղված բացահայտ սպառնալիք, որում հիմնական թիրախը դարձրել են ՀԱԵ-ին: Եվ երբ այդ նույն պահին պետության ղեկավար կոչվածը, փոխանակ թշնամուն պատասխանի, աշխարհով մեկ աղմուկ բարձրացնի, դաշնակիցներից օգնություն խնդիր, իր հերթին է թիրախավորում ՀԱԵ-ին, ապա դժվար թե որեւէ ողջամիտ մարդ դրանում առնվազն թշնամուն ձայնակցի, ու իրականում համաձայնեցված խաղ չտեսնի:
Այսպիսով, ստանում ենք նման պատկեր. տեւական ժամանակ Նիկոլը հայաստանյան հանրության ուշադրությունը տանում էր «խաղաղության օրակարգի» եւ «խաղաղության պայմանագրի» կեղծ օրակարգի ուղղությամբ: Ընդ որում, միաժամանակ ծայրահեղ վատթարացման հասցնելով երկրի անվտանգության հիմնական բաղադրիչները, այն է՝ տնտեսությունը, դաշնակիցների հետ հարաբերությունները, լոգիստիկաները՝ անհրաժեշտության դեպքում դաշնակիցներից արագ օգնություն ստանալու համար, դեռ էն գլխից ոչնչացվեց երկրապահ համակարգը, ներքին մարտունակ տրամադրությունները՝ ընդդեմ ընդհանուր թշնամու, Սփյուռքի հետ կապերը եւ այդպես շարունակ: Հիմա էլ հասցվում է հիմնական հարվածներից մեկը՝ ի դեմս ՀԱԵ-ի: Այն իմաստով, որ ներկա պահին եկեղեցին միակ կառույցն է, որը կարող է ոչ միայն ներքին, այլ արտաքին թշնամու դեմ միասնական ճակատ ստեղծել՝ կազմված հայաստանյան հանրությունից, Սփյուռքից եւ դաշնակիցներից: Ու այս նույն ժամանակահատվածում թշնամին շարունակում է արագորեն զինվել, Հայաստանը շարունակաբար շրջապատել ռազմական համակարգերով (որի վերջին դետալներից մեկն էլ Լաչինի օդանավակայանն է), ընդլայնել եւ համակարգել դաշնակիցների հետ կապերը եւ այդպես շարունակ:
Մի խոսքով, բազում այն հայտարարությունները, որ Նիկոլի կառավարման ամեն մի ավելորդ օրը նոր հարված է Հայաստանի համար, թերեւս հասկանում են բոլորը:
ԻՆՉՈ՞Ւ ՀԻՄԱ
Սակայն գանք մյուս հարցին. իսկ ինչո՞ւ հենց հիմա ձեռնարկվեց վերջին՝ ՀԱԵ-ի դեմ ուղղված այս արշավանքը: Մեկ դետալ միանգամից կարելի է ընդգծել. գալիք տարի ընտրություններ են եւ, անկախ ցանկացած զարգացման տարբերակից, Նիկոլն իր ներկա մոնոպոլ դիրքը պահելու հնարավորություն գործնականում չունի: Նա, իհարկե, դա բոլորից էլ լավ է հասկանում, հասկանում են նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում. ըստ ամենայնի, Հայաստանի կառավարման համակարգում իրողություններ են փոխվելու: Ըստ այդմ, եթե պետք է ինչ-որ բան անել, ուրեմն դա արվելու է մինչեւ այդ փոփոխությունները:
Երկրորդը, որ ոչ պակաս, միգուցե էլ ավելի կարեւոր է: Այն է՝ փոխվում է աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Այն գործընթացները, որոնք ընթանում են ռուս-ամերիկյան ուղղությամբ, երկու ամենահավանական ելք ունեն՝ կա´մ գնում են Երրորդ համաշխարհայինի, կա´մ Թրամփի ասած՝ «աշխարհը ազդեցության երեք գոտու բաժանելու» տարբերակն է: Բրիտանացիները, ճիշտ է, կատաղած են, հայտարարում են զինվելու մասին: Բայց աշխարհի առաջատար բանակներից մեկը դառնալու համար, ինչպիսին էր Բրիտանիան 80 տարի առաջ, պետք է ստեղծել հիպերձայնային հրթիռային համակարգ եւ գոնե մի 1000-ի չափ միջուկային մարտագլխիկ կուտակել, այն է՝ գոնե մի 10 տարի ժամանակ: Եթե անգամ հաջողվի, մեկ է, էլի դա տեղավորվում է նշված երկու տարբերակների մեջ՝ ավելի հավանական դարձնելով Երրորդ համաշխարհայինի տարբերակը: Սրան դեռ կհասնենք: Մինչ այդ, ֆիքսենք՝ այս պահին հատկապես մեծ է «աշխարհը ազդեցության երեք գոտու բաժանելու» տարբերակը, որը ենթադրում է, որ հարավկովկասյան ուղղությունը կմնա ռուսական ազդեցության գոտում: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ շատ արագ, ընդհուպ՝ այս տարվա ընթացքում, որի դեպքում Նիկոլի փոխվել-չփոխվելն անգամ աշխարհաքաղաքական իմաստով որեւէ դեր չի ունենում. տարածաշրջանի կառուցվածը որոշողը մնում է Մոսկվան:
Սա, իհարկե, Ալիեւի համար լուրջ մտածելու հարց է: Բանն այն է, որ Մոսկվայում ներկայումս գերիշխում է ԽՍՀՄ-ի ժամանակներում եղած ստատուս-քվոյի վերադարձը, որը մասնավորապես ենթադրում է արցախահայերով բնակեցված Արցախ: Ընդ որում, մի շարք պարամետրեր դեռ էն գլխից էին դա ձեռնտու սցենար դարձրել Մոսկվայի համար: Ու դրան էլ գումարվում են նոր փաստարկներ: Մասնավորապես, այն հակառուսական կեցվածքը, որը ներկա փուլում ստանձնել է Ալիեւը, Ռուսաստանում ազդեցություն հավաքող ազգայնական դաշտի մոտ երբեմնի դաշնակցի կերպարից նրան վերածում են թշնամու կերպարի, եւ այդ միտումը բառացիորեն աչքի առաջ խորանում է:
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՓԱԿԵԼ
Ահա այս ֆոնին կարելի է հիշեցնել Փաշազադեի արտահայտություններից մեկը եւս: Մեղադրելով ՀԱԵ-ին, նա հասավ նաեւ նման մտքի. «Ղարաբաղում ստեղծվել է Արցախի թեմը, իսկ Ռուսաստանում՝ Նոր Նախիջեւանի թեմը…»: Ու ինչո՞ւ է նա միացնում այդ երկու թեմերը:
Այն, որ ալիեւյան այս գրոհը սկսվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի շրջագայության ֆոնին, իհարկե, դժվար թե պատահական լինի: Խոսքը Վեհափառի նախաձեռնությամբ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Շվեյցարիայում կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգեւոր, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողովի մասին է: Սա ունեցավ մեկ հիմնական ազդակ՝ ՀԱԵ-ն Արցախը համարում է բռնազավթված, արցախահայությանը՝ բռնի հայրենազրկված, եւ այդ հարցը պահում է առաջին պլանում: Ի դեպ, մինչ այդ էլ Վեհափառն այցելեց Մինսկ՝ այնտեղ առաջին Հայ եկեղեցու օծման առիթով, եւ, ըստ ամենայնի, ոչ միայն:
Եվ ահա, երբ այս այցից ընդամենը երկու-երեք օր անց Փաշազադեն սկսում է հարձակումը ՀԱԵ-ի վրա՝ հատուկ ընդգծելով Արցախի եւ Նոր Նախիջեւանի թեմերի անունները (Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մասնակցում էր այդ այցին), ապա այս ամենը հազիվ թե պատահականություն լիներ:
Ընդհանրական իմաստով ստանում ենք մոտավորապես նման պատկեր: Նիկոլն իր իշխանության ողջ ժամանակահատվածում ամեն ինչ արեց, որ Արցախում հայ չմնա, եւ դրա հանգուցալուծումը դարձավ Պրահայում արեւմտյան գլոբալիստների անմիջական մասնակցությամբ նրա կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Ու հիմա էլ, հետեւողականորեն առաջ տանելով «խաղաղության պայմանագիր» կոչված սցենարը, կարող են նաեւ այդ մակարդակով հաստատել Արցախի այդ կարգավիճակը: Բայց դա բերել է խնդիրներ, որոնք լուծել չի կարող: Այդ թվում՝ կա հարյուր հազարի կարգի արցախահայություն, որն այդպես էլ չի փոխում քաղաքացիությունը՝ պահելով Արցախի ժառանգորդի կարգավիճակը: Փաստ, որը կդառնա օրակարգային, եթե դրա թիկունքին համապատասխան աշխարհաքաղաքական ուժ կանգնի: Իսկ նման ուժ, իհարկե, կարող է դառնալ Ռուսաստանը հենց այն պահին, երբ տարածաշրջանային վերահսկողությունը կվերցնի: Իսկ մինչ այդ, այս գործընթացի մեջ է մնում Հայոց եկեղեցին, որը, ի տարբերություն Նիկոլի, ի լուր աշխարհի խոսում է ինչպես Արցախի, այնպես էլ՝ արցախահայության իրավունքներից: Պետք է այս խնդիրը վերացնել, այլապես այն հետեւողական ծրագիրը, որը 2018թ.-ից առաջ են տանում, չգիտես ինչ վերջաբանի կհասնի: Իսկ դրա տարբերակներից է կա´մ Ալիեւի բացահայտ ներխուժումը Հայաստան, որը մեծ հարց է, թե ինչ ավարտ կունենա, կա´մ, որ կարողանան Հայաստանում իրականացնել Կաթողիկոսի փոփոխություն: Եվ այն, որ Նիկոլը, թեժացնելով եկեղեցու թեման, հասավ հենց դրան՝ Կաթողիկոսին փոխելու «գաղափարին», պատահական չէ: Այլ հարց է՝ ինչպե՞ս: