ԹՐԱՄՓԻՆ ՀԱՄՈԶԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ, ՄՆՈՒՄ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»
ՎերլուծությունՆման է, որ վերջին օրերին Թրամփի բախտը չի բերում: Նախ իր թիմի կարկառուն անդամներից մեկի` աշխարհի ամենահարուստ մարդ Մասկի հետ կռիվն էր` «էլ հեր ու մեր, քիր ու ախպեր, իմպիչմենտ» ոճի մեջ: Եվ դա դեռ չմարսած`բառացիորեն պայթեց Լոս Անջելեսը:
ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՄԱՅԴԱՆ»
Դատելով ամերիկյան առանցքային քաղաքներից մեկից` Կալիֆոռնիայի մայրաքաղաքից եկող կադրերից, Լոսում իրավիճակը գնալով ավելի ու ավելի է ռազմաճակատ հիշեցնում: Ու ասել, թե այդ կադրերում միայն ապօրինի միգրանտներն են ֆիքսված, որոնք մահու կռիվ են մղում ԱՄՆ-ից չվտարվելու համար, միամտություն կլիներ:
Մյուս կողմից, Թրամփը եւս Լոսի այդ իրողությունների մասին խոսում է, ասես ռազմաճակատի մասին: «Մի ժամանակ ամերիկյան մեծ քաղաք Լոս Անջելեսը գրավվել եւ օկուպացվել է անօրինական ներգաղթյալների եւ հանցագործների կողմից: Այժմ անկարգ, բռնի ամբոխը հարձակվում է մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով խափանել արտաքսման գործողությունները: Ես հրահանգում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու եւ այս միգրանտների անկարգությունները դադարեցնելու համար: Կվերականգնվի կարգուկանոնը, անօրինական ներգաղթյալները կվտարվեն, եւ Լոս Անջելեսը կլինի ազատ»,- պատկերը ներկայացնում է նախագահն իր գրառումներից մեկում: Իսկ այն, որ նա բանակային ուժեր մտցրեց քաղաք, իր հերթին է վկայում իսկական ռազմական վիճակի մասին:
Չնայած, իր նման գնահատականով Թրամփը մի փոքր սխալ պատկեր է նկարագրում կամ չի ուզում ամբողջական իրավիճակը հրապարակավ ներկայացնել: Բանն այն է, որ, կրկնենք, Լոս Անջելեսում ամենեւին էլ միայն միգրանտները չէ, որ այդ բունտի մեջ ներգրավված են: Ավելին, տեղի կադրերը խոսում են նաեւ միանգամայն կոնկրետ, կազմակերպված, մոտիվացված իրավիճակի համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովվածություն ունեցող խմբերի առկայության մասին: Իսկ այն, որ նահանգային ու քաղաքային իշխանությունները, այդ թվում՝ նահանգապետ Գեւին Նյուսոմը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը ոչ միայն, մեղմ ասած, պետք եղածը չարեցին անկարգությունները կանխելու համար, այլ մի բան էլ հրապարակավ ցուցարարներին զորակցություն հայտնեցին` դեմ հանդես գալով Թրամփի միգրացիոն քաղաքականությանը, խոսում է այս ամենի կազմակերպված բնույթի մասին: Ավելին, դժվար չէ նկատել նաեւ տիպիկ «գունավոր հեղափոխություններին» հարիր մեխանիզմներ, ատրիբուտներ, սիմվոլներ եւ այլն:
Կարծես թե այս պատկերն է. այն պահին, երբ հրապարակային դաշտ դուրս եկան Թրամփի թիմում առկա հակասությունները, այն էլ` Թրամփ-Մասկ թեժ լեզվակռվի տեսքով, հակադիր թեւն անմիջապես անցավ մասշտաբային հարձակման: Ու հիմա, անկախ այն բանից, թե ինչ ավարտ կունենան Լոսի այդ անկարգությունները, մեկ է, դա լուրջ հարված էր Թրամփի համար:
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻՆ «ԿԵՆԱՑՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ» ԵՆ
Կարելի է նաեւ կռահել, թե ինչու այս սրացումներն ի հայտ եկան հենց այս պահին: Բավական է նայել այն բախումային օջախներին, որոնք ներկա փուլում առաջնային են թրամփականների եւ գլոբալիստների հարաբերություններում:
Նկատի ունենք ուկրաինական գործընթացը, որի շուրջ վերջին ժամանակներս հանգուցալուծումային զարգացումներ կան: Սկսած Ստամբուլի վերջին բանակցություններից, որի վտանգը գլոբալիստների համար այն կարգի էր, որ գնացին այնպիսի ծայրահեղության, ինչպիսին է ռուսական միջուկային ռազմավարական համակարգի վրա իրականացրած հարձակումը, բնականաբար, լավ հասկանալով, որ նման քայլը միանգամից կարող է տանել միջուկային պատասխանի: Թե ինչու է պետք նման ծայրահեղ սրացումը, պարզ էր ի սկզբանե: Թրամփը Զելենսկուն մտցրել էր մի փակուղի, որից ելքը կա´մ Մոսկվայի ներկայացրած պայմաններով խաղաղության պայմանագիրն էր, կա´մ Վաշինգտոնը հնարավորություն էր ստանում «ձեռքերը լվանալ» Ուկրաինայից: Բայց անգամ ռուսական օդանավակայանի վրա հարձակումը նախատեսվածի պես չաշխատեց, ավելի ճիշտ՝ ռուսները խուսափեցին շատ արագ պատասխանից, դրանով է´լ ավելի իրատեսական դարձնելով ուկրաինական թեմայից Թրամփի հրաժարվելու շանսերը: Ընդ որում, նաեւ իրենց ոչ համաժեք պատասխան հարվածների իրավունք վերապահելով, որն անգամ Թրամփը արդարացված համարելու հնարավորություն ունի:
Հենց այդ սխեմայով էլ վերջին օրերի իրադարձությունները զարգանում են: Թրամփի թիմը չհապաղեց ծանր քննադատության ենթարկել Կիեւին, եւ ողջ դժգոհությունը տեղը տեղին ներկայացվեց ուկրաինական «գորշ կարդինալ» Երմակին, ում կանչել էին Վաշինգտոն: Նաեւ, անգամ Թրամփի մոտ այն ընդգծված միտքը հնչեց, որ ռուսները միանշանակ կպատասխանեն: Վերջապես, այս օրերին, ինչպես փոխնախագահ Վենսը, այնպես էլ թիմի այլ կարկառուն անդամներ առաջին պլան են մղում Ուկրաինային ֆինանսավորելուց հրաժարվելու թեման: Ու հենց այն պահին, երբ լիբերալ աղբյուրներն ու նաեւ Զելենսկին աղմկում են, որ ուկրաինական բանակը մի շարք հիմնական զինատեսակների մասով ծայրահեղ վիճակում է: Այդ թվում՝ հիմնական զինատեսակ դարձած անօդաչուների, հակաօդային պաշտպանության զինամթերքի եւ այլն: Օրինակ, նախօրեին Զելենսկին անձամբ էր բողոքում, թե ԱՄՆ-ն Ուկրաինային դեռ Բայդենի ժամանակներից խոստացած մոտ 20 հազար ՀՕՊ հրթիռներն ուղարկել է Մերձավոր Արեւելք: Ռուսներն էլ այս օրերին զանգվածային հարվածներով մինչեւ վերջ են մաշեցնում ուկրաինական պահեստները: Մինչդեռ հիմնական հարվածները դեռ առջեւում են:
Այսքանից զատ էլ, ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ռուսական ուժերը մտել են Դնեպրոպետրովսկի մարզ, իսկ Մեդվեդեւն ակնարկ հնչեցրեց, որ այս ուղղությամբ հարձակումը կշարունակվի. ««Նրանք (Կիեւի ռեժիմը եւ նրա հովանավորները) զգուշացված էին։ Ով չի ցանկանում բանակցություններում ընդունել պատերազմի իրականությունը, տեղում նոր իրականություն կստանա։ Մեր զինված ուժերը հարձակում են սկսել Դնեպրոպետրովսկի մարզում։ Բանդերական պետության շագրենի կաշին կծկվում է։ Մակաբույծների դեմ ախտահանումը շարունակվում է»։
Այն իրավիճակում, երբ ռուսները մեծ ակտիվությամբ շարունակում են հարձակումը մյուս ճակատներում (Սումիի, Խարկովի մարզեր, Դոնբաս), եւ գրեթե ամենուր ուկրաինական կողմն ունի ուժերի լուրջ խնդիր, եւս մեկ մեծ ճակատ Դնեպրոպետրովսկում բացելն արդեն իսկ չափազանց լուրջ խնդիր է ուկրաինական կողմի համար, առավել եւս, եթե Թրամփը դուրս է գալիս խաղից: Ու նաեւ հաշվի առնելով, որ Դնեպրոպետրովսկն այն հիմնական լոգիստիկ հաբն է, որի հաշվին սնուցվում է ռազմաճակատի հիմնական մասը, այդ ուղղությամբ ռուսների հարձակումը, ինչպես նաեւ ուկրաինական ռազմական աղբյուրներն են խոստովանում, կարող է ճակատագրական դառնալ: Առավել եւս, որ օդանավակայանների վրա հարձակումից հետո ռուսներն արդեն կարող են իրենց թույլ տալ էլ ավելի վտանգավոր զինատեսակներ խաղի մեջ ներքաշել: Վերջապես, պաշտոնական խողովակներով սկսեցին խոսել Դնեպրի կամուրջները ոչնչացնելու հավանականության մասին, ինչից մինչ այս խուսափոմ էին:
ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԸ «ԿՈՒՏԸ ԿԵՐԱ՞Ն»
Այսպիսով, ակնհայտորեն Թրամփն այս փուլում պատրաստվում է մեկ վերջին քայլի՝ փոխնախագահի եւ այլ կողմնակիցների սկսած հարվածների ֆոնին ուկրաինական թեմայից հրաժարվելու մասին հայտարարելուն: Զելենսկու համար դա երկու տարբերակ է թողնում: Կա´մ, անմիջապես հայտարարել բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, որի հիմքում, բնական է, Մոսկվայի հայտնի փաթեթն է դրվելու: Կա´մ մնալ պատերազմի մեջ՝ առանց ԱՄՆ-ի օգնության: Կարող է հույսը դնել Եվրոպայի օգնության վրա, թեեւ անգամ Եվրոպան է խոստովանում, որ բացի այդ հարցով ներքին ծայրահեղ սրված հակասություններից, նաեւ անհրաժեշտ պոտենցիալը պարզապես չկա: Ու թե նման իրավիճակում, ասենք աշնանը, ով իմանա, թե որտեղով կանցնի ռազմաճակատի գիծն, ու այդ նոր իրողություններին համապատասխան, որքանով կփոխվեն ռուսների ներկայիս խաղաղության պայմանները:
Իսկ գլոբալ իմաստով, թե ինչ ազդեցություն կունենա գլոբալիստների համար Ուկրաինայի կորուստը, հայտնի պատմություն է, շատ է խոսվել: Բայց ահա փորձերը՝ Թրամփին ամեն գնով պահել այդ հակամարտության մեջ, գոնե այս պահին էֆեկտիվությամբ չեն փայլում: Որոշ ժամանակ հաջողվեց շահել, բայց այս պահին արդեն ակնհայտ է, որ ավելի անելը գործնականում հնարավոր չէ: Այն է՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թրամփը ոչ թե միայն կարող է Զելենսկուն մեղադրել խաղաղություն չցանկանալու մեջ՝ հանուն սեփական իշխանությունը պահելու, այլ համաշխարհային աղետի սպառնալիք դառնալու մեջ: Ինչի մասին, ի դեպ, օրերս հայտարարեց հեղինակավոր տնտեսագետ, Հարվարդի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, թե՝ Զելենսկու ռեժիմը դուրս է եկել վերահսկողությունից, եւ Կիեւի ահաբեկչական հարձակումները սպառնում են համաշխարհային անվտանգությանը. «Այս փոքր խումբը, որը կառավարում է ռազմական դրության ժամանակ, վտանգում է ամբողջ աշխարհը։ Ահա թե ինչու Միացյալ Նահանգների նախագահը պետք է վերջ դնի այս վարքագծին»:
Արդյունքում, գլոբալիստներին մնում է միայն «գունավոր» մեխանիզմների գործադրումը՝ Թրամփից ազատվելու համար: Իհարկե, դա ճարահատյալ, թույլ քայլի տեսք ունի, որին, թերեւս, գնացին Թրամփ-Մաքս հակամարտության ֆոնին: Բայց կա նաեւ այն հարցը, թե այդ հակամարտությունը որքանո՞վ է ռեալ, եւ արդյոք ընդամենը գլոբալիստներին նման խաղի մեջ ներքաշելու մեխանիզմ չէ՞ր: Առավել եւս, երբ Մոսկվա այցելած Էրոլ Մասկը՝ Իլոնի հայրը, վստահ է, որ իր որդին արագ կհաշտվի Դոնալդ Թրամփի հետ. «Դուք չեք հավատա, բայց դրանում ոչ մի սարսափելի բան չկա… Հավատացեք ինձ, նրանք կհաշտվեն»: