Աննան Նիկոլի համար չինական կաթողիկոս կբերի՞
ՎերլուծությունԱսում են՝ լավատեսներն անգլերեն են սովորում, վատատեսները` չինարեն՝ մտածելով, որ Չինաստանը վաղն աշխարհի տերն է լինելու, իսկ իրատեսները` ավտոմատ կալաշնիկով:
Պարզվում է՝ այդ վատատեսների շարքում է նաեւ Նիկոլ Փաշինյանի զուգընկերը՝ Աննա Հակոբյանը: Հավանաբար, տեսնելով, որ կողակցի վարած քաղաքականության վերջում ոչ թե լույս, այլ խոր անդունդ է երեւում, որոշել է ինքն իր գլխի ճարը տեսնել: Վերջինս սեպտեմբերին կմեկնի Չինաստան` երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու «Չինական փիլիսոփայություն» Պեկինի Նորմալ համալսարանում (Beijing Normal University)։ Ծրագիրը դասավանդվում է անգլերեն եւ ներառում է չինական փիլիսոփայական դպրությունների, բարոյագիտության ու քաղաքական տեսության համակողմանի ուսումնասիրություն։ Իսկը իր համար:
Փաստորեն, Աննա Հակոբյանն ինչպես տապալեց իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, նույն ճակատագիրը սպասվում է նրա «Կրթվելը նորաձեւ է» արշավին: Հենց ինքն էր փաստել, որ դեռ սաղմնային փուլում «Կանայք հանուն խաղաղության» արշավը տապալվեց: Ժամանակին նա ծավալուն հոդվածով էր հանդես եկել եւ մուննաթ եկել, որ իր հեղինակած արշավը հանդիպել է «հայ կանանց մեռելային լռությանը»: Այնպես որ, շուտով չի բացառվում, որ նա մի հոդված էլ գրի իր «Կրթվելը նորաձեւ է» արշավի մասին, ասի, որ այն հանդիպեց մարտնչող տգիտությանը, էլի մարդկանց որակի տխմարներ ու ոջիլներ, ինքն էլ թռնի Չինաստան, որտեղ ոջիլները դելիկատես են:
Այս դեպքում՝ ի՞նչ է սպասվում Փաշինյան Նիկոլին սեպտեմբերին: Իհարկե, լավագույն լուծումը կլիներ ճգնավորի կյանքով ապրելն ու ապաշխարելը: Եվ քանի որ երեկ հայտարարեց, թե նոր կաթողիկոսի թեկնածու չունի, այլ կաթողիկոսի նկարագիր ունի, ակնհայտ է, որ ինքն իրենից անդին ավելի սուրբ մարդ չի տեսնում: Մի կուսակրոնության հարցն է, այն էլ լուծվում է ուսումնատենչ Աննայի ինքն իրեն չինական փիլիսոփայությանը տալով: Զավեշտը զավեշտ, բայց ավելի լուրջ էլ այլեւս անիմաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ ու ՔՊ-ականների մեկը մեկից ավելի ֆանտաստիկ մեղադրանքներին ու քննադատություններին՝ առ Մայր Աթոռը: Որքան ավելի ինտենսիվ են դառնում Փաշինյան Նիկոլի հարվածները եկեղեցուն, հավատավոր ժողովուրդն ավելի հաստատուն է դառնում անգամ կյանքով պաշտպանել 1700-ամյա եկեղեցուն: Այնպես որ, ուրիշ տարբերակ չի մնում, քան Նորմալի ուսանողուհի Աննային խնդրել, որ Նիկոլի համար բերի կաթողիկոսի չինական տարբերակը, որովհետեւ միեւնույնն է, այն կեղծ է լինելու:
ԻՄՊԻՉՄԵՆԹԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՆՏՐՎՈՒՄ Է «ՍԿՌԵՊ»
Իսկ ինչ իրական գործընթացներ կան ընդդիմադիր դաշտում, ահա այստեղ ամեն ինչ ավելի խառնիճաղանջ է: Ինչպես արձանագրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր հրապարակած հոդվածում, Հանրապետականի կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացում նոր քայլ անելը կանխատեսելիորեն կրքեր է բորբոքել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր մյուս ճամբարում։ Նա արդարացիորեն նկատում է, որ թե՛ նիկոլականների, թե՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում արմատավորվում էր «իմպիչմենտը մարեց, հանգիստ պատրաստվենք 2026-ի ընտրություններին» մոտեցումը, սակայն կանգնեցին փաստի առաջ, երբ այս պահին կա սկսված գործընթաց եւ վարչապետի թեկնածու՝ ի դեմս Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի:
Ահա սա էլ ստիպեց ԱԺ «Հայաստան» խմբակցությանը հանդես գալ մանկապատանեկան արդարացումներով ու «եթե»-ներով: Սոցցանցերում ի ցույց են դնում իրենց ստորագրությունները, բայց դրա ոչ նախաբանում, ոչ էլ տակը չկա որեւէ գործընթաց: Տպավորություն է, որ խնդիրը մի «սկռեպի» մեջ է, որը պետք էր բերել ու կցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն իսկ նախաձեռնած իմպիչմենթի գործընթացին: Եվ մինչ «Հայաստան» խմբակցությունը նախապայմաններով է առաջնորդվում, թե գնացեք, բերեք պակասող ստորագրությունները, մեր ստորագրությունները կտանք, փաստացի թանկանում է անկախ պատգամավորների՝ Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի, Գեղամ Նազարյանի եւ խորհրդարանում արդեն մոռացված պատգամավոր Իշխան Զաքարյանի ստորագրությունների գինը: Աբսուրդ է չէ՞, երկու ընդդիմադիր խմբակցություն չմիանան իրար ու սպասեն, թե Աղազարյան Հովիկը կտա՞, թե չի տա՞…
Այս իրավիճակում հատկանշական էր ՀՀ քաղաքացի Ռաֆայել Գեւորգյանի գրառումը. «Հայաստան» խմբակցություն, վերադարձրեք իմ ձայնը, որը ձեզ եմ տվել: Ես ուզում էի` նիկոլի հեռացումը, ոչ թե` ձեր շուկայական ամբիցիաների բավարարումը, այ ՔՊ կցորդներ....»:
ՉԳՆԱԼ ԻՄՊԻՉՄԵՆԹԻ ՌԻՍԿԻ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՁՆՎԵԼ
Իմպիչմենթի վերաբերող դրույթներից բխում է մի պարզ, սակայն ծանր հետեւանք՝ եթե նախաձեռնությունը տապալվի, ապա առաջիկա վեց ամսվա ընթացքում նույն հիմքով անհնար կլինի վերակենդանացնել գործընթացը։ Այսինքն՝ ձախողման գինը ոչ միայն ներկա պահին գործող իշխանության պահպանումն է, այլեւ առաջիկա կես տարվա անգործություն՝ օրենսդիր կառույցում։ Սա ռիսկ է՝ մեծագույն ռիսկ, ինչն էլ առաջ է բերում «Հայաստան» խմբակցությունը: Բայց արդյոք այս ռիսկը ավելի վտանգավոր է, քան անգործությունը, որ տեսանք մինչ այս վեց ամիսներին, մինչ այս մեկ տարում, մինչ այս՝ գրեթե հինգ տարի շարունակ։ Ի՞նչ է արել նույն «Հայաստան» խմբակցությունն ու իր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս՝ բացի ընդվզումներից հետո կրկին լռելուց։
Այս համատեքստում պարզ է դառնում, որ ռիսկերը երկուսն են՝ «դինամիկ սխալ» եւ «ստատիկ ձախողում»։ Առաջինը՝ քաղաքական գործողության ձախողումն է, երկրորդը՝ անգործության շարունակումը։ Իսկ եթե իմպիչմենթ ընդհանրապես չնախաձեռնվի, ապա իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ոչ միայն կշարունակի նույն տեմպերով վարել իր արտաքին եւ ներքին քաղաքականությունը, այլեւ կստանա ազդակ, որ ընդդիմադիր դաշտում դե ֆակտո համակերպվել են իր իշխանության գոյության հետ։ Դրանից օգտվելով՝ նա կմտնի հերթական ընտրական փուլ՝ արդեն հստակ կառուցված քարոզչական սցենարով․ «Ինձ հեռացնելու բոլոր փորձերը ձախողվեցին, ժողովուրդը իմ կողքին է», «Ընդդիմությունը ոչինչ չկարողացավ անել, ուրեմն՝ ես եմ լուծումը»։
Եթե այս քարոզչական դաշտում նա մտնի ընտրություններ, ապա մեծ հավանականությամբ՝ դրանց ելքը կանխատեսելի կլինի։ Եվ հետեւանքը կլինի ոչ թե վեց ամիս, այլ հինգ տարի նոր փուլի շարունակություն՝ զիջումների, պարտությունների, սահմանազատումների եւ ներազգային պառակտման խորացմամբ։ Որքան էլ ընդդիմադիր քաղաքական դաշտը զգուշանա սայթաքելուց, այնքան էլ ավելի խոր վտանգ է խուսափելը գործողությունից։ Որովհետեւ եթե լռությունը դառնում է քաղաքական դիրքորոշում, ապա դրանից օգուտ է քաղում ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը։
Ժամանակն է հստակ հասկանալու՝ ինչ էլ լինի, պետք է գործել։ Լռությունը, հետաձգումը կամ «մեր հերթը չէ» մտածողությունը արդեն մի քանի տարի նույն արդյունքն են ունեցել՝ երկիրը գնում է դեպի անդունդ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հերթական ընտրական հաղթանակի։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ