ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՌԵԱԼ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳՆ ԻՐԱՆՈՒՄ
ՎերլուծությունՇարունակում են նորանոր պնդումներ ի հայտ գալ Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքից դեպի Իրան անօդաչուների արձակման մասին: Օրինակ, նախօրեին նման տեղեկություն հայտնեց իրանցի քաղաքագետ Սալար Սեյֆը, թե՝ Իսրայելն ԱԹՍ-ներ է արձակել Նախիջեւանից եւ Ղարաբաղից: Կամ, ասենք, որ անօդաչուներ են արձակվել կասպյան տիրույթից, եւ այդպես շարունակ:
ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՐՐԻ ՌԻՍԿԵՐԸ
Թեեւ Իրանի տարածքին Ադրբեջանից հասցված հարվածների մասին խոսակցություններ կան իրանա-իսրայելյան այս սրացումների հենց առաջին օրվանից, սակայն գոնե իրանական պաշտոնական աղբյուրները դեռ կա´մ կոնկրետ փաստեր չունեն, կա´մ պարզապես խուսափում են այդ թեման առաջին պլան մղել՝ հակամարտության նոր ուղղություն չառաջացնելու համար: Այն հաշվարկով, որ եթե անգամ մեկ նման հաստատված փաստ պաշտոնապես ներկայացվի, ապա Թեհրանն արդեն պարզապես ստիպված է լինելու պատասխանել՝ հարվածներ հասցնելով առնվազն անօդաչուների արձակման գոտիներին: Մյուս կողմից, կարելի է նկատել, որ Ալիեւը եւս աշխատում է առանձնապես աչքի չընկնել որպես իսրայելական դաշնակից կամ Իրանի հակառակորդ, թերեւս հասկանալով, որ դրանով կարող է նախ՝ իր դեմ հանել ողջ իսլամական աշխարհը, գումարած Մոսկվային եւ Պեկինին: Նաեւ, երբ իրանա-իսրայելյան հակամարտության ելքը մնում է առնվազն անորոշ, ապա դրան ուղիղ, առավել եւս՝ հրապարակային դաշտում ինչ-որ կերպ խառնվելը ոչ պակաս անորոշ հետեւանքներով է հղի:
Բայց չնայած այս երկկողմ պաշտոնական լռությանը, ալիեւյան անօդաչուների թեման շարունակում է մնալ օրակարգում: Ըստ այդմ էլ, պատահական չէ, որ իրանական ոչ պաշտոնական աղբյուրները բավականին պերճախոս մեսիջներ պարբերաբար հղում են Բաքվի հասցեին: Կարելի է օրինակ համարել Իրանական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրի նման գրառումը. «Ներկա իրավիճակում, եթե ադրբեջանական պետությունը հետախուզական կամ օպերատիվ աջակցություն ցուցաբերի Իսրայելին, Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջանի, Արդաբիլի եւ Զանջանի արժանապատիվ եւ հպարտ ժողովուրդը երբեք չի մոռանա այս դավաճանությունը: Իսկապե՞ս սա էր նկատի ունենում Ադրբեջանի ղեկավարների շուրթերից այդքան հաճախ լսվող կարգախոսը՝ «մեկ արյուն, մեկ ժողովուրդ»: Իսրայելի կողմից ամենաշատ հարձակման ենթարկված քաղաքը Թավրիզն է։ Մի՞թե Ադրբեջանի ղեկավարների պատիվը չի տուժում այն փաստից, որ իրանցի ադրբեջանցիները նահատակներ են դառնում»: Սա մեկ բան է նշանակում, որ իրանական որոշակի կառույցներ, չնայած ընդհանուր թոհուբոհին, կամ միգուցե ընդհանուր վտանգը գոնե չթերագնահատելու համար ուշադրությամբ հետեւում են ադրբեջանական ուղղությանը: Ավելի կոնկրետ, որ այդ ուղղությունը համարում են վտանգավոր, ըստ այդմ էլ՝ ուշադրության ենթակա:
Ու դա հենց այնպես չէ, հաշվի առնելով այն բավականին մեծաքանակ թյուրքական տարրը, որը բնակվում է Իրանում: Պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկարագրում է նման պատկեր. «Իրանի վրա բազմակողմանի ճնշումը շարունակվում է։ Եվ որքան այն խորանում է, այնքան ավելի ակտիվ կդառնան տարիներ շարունակ մշակված եւ թաքցված թուրք-ադրբեջանական պանթյուրքական խմբավորումները՝ փորձելով ներսից բաժանել եւ ոչնչացնել իրանական պետությունը: Հետեւաբար, պատահական չէ, որ հենց այս օրերին է, որ թուրքական վերլուծական եւ առցանց համայնքն արդեն սկսել է ակտիվորեն քննարկել Իրանում բնակվող թյուրքալեզու քաղաքացիների իրավունքների հարցը: Կից նկարը (լուսանկարում) նման օրինակներից մեկն է. քարտեզի վրա պատկերված են թուրքեր, որոնք ենթադրաբար ապրում են Իրանում, եւ նրանց դրոշները։ Այս քարտեզը հրապարակվել է թուրք ծովակալ Ջիհատ Յայջըի գլխավորած կենտրոնի կողմից, որը համարվում է ամենաազդեցիկ մտածողներից մեկը եւ Թուրքիայի ռազմածովային ռազմավարության՝ «Կապույտ հայրենիք» (Մավի Վաթան) դոկտրինի հեղինակը: Իրանը ներսից բաժանելու առաջնահերթությունը «տրվում է» Իրանի հյուսիս-արեւմուտքում բնակվող թյուրքալեզու ժողովրդին, որոնց Բաքուն եւ Անկարան անվանում են «հարավային ադրբեջանցիներ»։ Սա նույնպես հակահայատյաց գործունեություն է»:
Իհարկե, իրանաբնակ թյուրքական տարրի քանակի հետ կապված կան տարբեր գնահատումներ: Այդ թվում, որ, մասնավորապես` ազերիների կամ Իրանի հյուսիսում բնակվող արեւելյան ադրբեջանցիների թվաքանակը 15-30 միլիոնի կարգի է: Մյուս կողմից, մեծ է նաեւ այն հարցը, թե թյուրքական տարրի մոտ որքանո՞վ է գերիշխող էթնիկ ծագումնաբանությունը կամ հակառակը, որքանո՞վ են իրենց համարում իրանցի: Բայց ամենանվազեցված գնահատումների դեպքում անգամ հնարավոր է Իրանում, այդ թվում, այսպես կոչված՝ Արեւելյան Ադրբեջանում գտնել մի քանի միլիոն մարդ, որոնց մոտ կարող է գերիշխել հենց թյուրքական գործոնը՝ Իրանի մասնատման հենքի վրա: Առավել եւս, եթե դա համեմվի ակտիվ արտաքին քարոզչությամբ եւ իսրայելական փողերով: Այսինքն, ներկա խառնակ ժամանակներում այս ամենն իրոք կարող է Իրանի համար շատ լուրջ ներքին խնդրի վերածվել: Ու հաշվի առնելով, որ նման քայքայիչ գործունեության պարագայում հիմնական շահառուներից մեկը հենց Ալիեւն է, այդ վտանգն առաջին պլանում չպահելը կարող է Թեհրանի գլխին չար կատակ խաղալ:
ՌՈՒՍՆԵՐԸ ՊԵ՞ՏՔ Է ԽԱՌՆՎԵՆ
Մյուս կողմից, ինչ խոսք, Իրանի հյուսիսում թյուրքական տարրի հնարավոր եւ կազմակերպված «բունտը», իհարկե, լուրջ խնդիր է նաեւ Ռուսաստանի համար (Հայաստանի մասին խոսելը երեւի նույնիսկ ավելորդ է): Իրողությունը սա է. թյուրքաբնակ գոտին Իրանի հյուսիսում ընդամենը Արեւելյան Ադրբեջանի համեմատաբար փոքր հատվածով չէ, որ սահմանափակվում է՝ մոտավորապես Նախիջեւանից մինչեւ Ադրբեջանի հարավային սահմանները: Այն տարածվում է Իրանի ողջ հյուսիսով մեկ՝ Թուրքիայի հետ սահմանային գոտուց մինչեւ Կասպից ծովից էլ արեւելք՝ Թուրքմենստանի սահմանները: Այսինքն, այն իրականում Թուրքիան՝ Ադրբեջանին, ապա նաեւ Կենտրոնական Ասիայի թյուրքական հատվածին միացնող ամբողջական շերտ է: Այսպես ասենք՝ պանթյուրքիզմի գաղափարախոսության հիմնական երազանքը: Ու մյուս կողմից, այդ շերտը նաեւ Ռուսաստանի համար է լիովին, անգամ Կասպից ծովով փակում հարավային ուղղությունը: Այն է՝ եթե այս խառը ժամանակներում հնարավոր դառնա այդ շերտը պոկել Իրանից, ապա Մոսկվան պարզապես պետք է մոռանա հարավային ուղղության մասին: Իսկ դա ներկա պահին ռուսների համար լրջագույն խնդիր է: Հաշվի առնելով, որ Արեւմուտքը ներկա պահին Ռուսաստանի համար արդեն վերածվել է փակ գոտու, Մոսկվան հենց հարավային ուղղությունն էր փորձում ակտիվորեն զարգացնել: Ու եթե հանկարծ դա եւս փակվի, ապա, որքան էլ պարադոքսալ հնչի,աշխարհի ամենախոշոր երկիրը՝ անծայրածիր Ռուսաստանը պարզապես կարող է հայտնվել կիսաշրջապատված վիճակում՝ ունենալով միայն Հեռավոր Արեւելքում արտաքին ելք: Իսկ թե դա տնտեսական, քաղաքական եւ բոլոր մնացած իմաստներով ինչ է նշանակում, դժվար չէ հասկանալ:
Որքանո՞վ են Մոսկվայում ռեալ գնահատում նման հեռանկարը: Ճիշտ է, իրանա-իսրայելյան այս սրացումների հենց առաջին պահին տեղի ունեցավ Պուտին-Թրամփ կապը, Ռուսաստանն այդ գործընթացին միջնորդական դերակատարության հայտ ներկայացրեց: Գումարած, կան նաեւ բարձր մակարդակով շփումներ Թուրքիայի, Իրանի եւ այլոց հետ: Բայց այսքանով հանդերձ, գոնե հրապարակային դաշտում Մոսկվայի ինչ-որ արտառոց ակտիվություն դեռ չի նկատվում: Իհարկե, Մոսկվան եւ Թեհրանը պաշտոնապես ռազմական դաշնակիցների կարգավիճակում չեն: Կա ռազմավարական համագործակցության մասին հայտնի պայմանագիրը, որտեղից, սակայն, դուրս թողնվեց (անգամ իրանական աղբյուրներն են խոսում՝ Փեզեշքիանի նախաձեռնությամբ) պատերազմական իրավիճակներում ռազմական անհապաղ օգնության հարցը՝ այն փոխարինելով քաղաքական օգնության տրամադրմամբ: Այն ժամանակ իրանական որոշ աղբյուրներ բացատրում էին, թե Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ է, եւ նման դրույթը կարող է պարտադրել Իրանին՝ ներգրավվել ուկրաինական պատերազմում: Բայց ահա, ներկա պահին Ռուսաստանի պայմանագրային միջամտության դրույթը, թերեւս, առաջին հերթին հենց Իսրայելի համար կդառնար զսպող գործոն՝ Իրանին հարվածելու դեպքում նաեւ Ռուսաստանի հետ անխուսափելի բախման գնալու հեռանկարը հաշվի առնելով:
Այսպիսով, ռուս-իրանական ռազմական համագործակցության նման նվազեցումն էն գլխից կազմակերպված դիտավորությո՞ւն էր. ամեն դեպքում, իրանական մի շարք համեմատաբար արմատական աղբյուրներ վստահեցնում են, թե իրավիճակը կայունանալու դեպքում պետք է անխուսափելիորեն անդրադառնալ նաեւ Փեզեշքիանին: Նաեւ այն պատճառով, որ հենց նրա նախաձեռնությունն էր՝ ամերիկացիների հետ անհասկանալի, միայն վերջնագրերից կազմված բանակցությունների մեջ մտնելը, որը հասցրեց «Իրանը մերժում է ամեն մի առաջարկ» սցենարին, եւ որն էլ Իսրայելի համար դարձավ այս հարձակման առիթը:
Կարճ ասած, իրանա-իսրայելյան այս պատերազմ կոչվածը, թերեւս, դեռ շատ սկանդալային բացահայտումների առիթ կդառնա, որի արմատները միգուցե կհասնեն մինչեւ նախկին նախագահ Ռոհանիի սպանության պատմությունը: Սակայն ներկա իրականությունն այն է, որ Մոսկվան ունի իրանական իրավիճակին միջամտելու բավականին սահմանափակ հնարավորություններ, որոնք հիմնականում սահմանափակված են քաղաքական օժանդակության շրջանակներում: Նշանակո՞ւմ է դա, որ այդ համեմատաբար պասիվ վիճակն է նաեւ ոչ պաշտոնական հարթությունում. Այ, դա այս պահին տեսնելը դժվար է:
Ամեն դեպքում, այս պահին Իրանին սպառնացող հնարավոր վտանգները դեռ մնում են հավանականության դաշտում: Իսկ պրակտիկ տեսանկյունից ռազմական գործողությունները դեռ մնում են օդային հարվածների փոխանակման հարթությունը, որտեղ դժվար է կողմերից մեկին առավելություն տալ: Այսինքն, ռուսների ուղիղ ու բաց միջամտության կարիքն էլ այս պահին դեռ չի երեւում: