ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ԵԼՔԸ ՄՆՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՎերլուծությունԻրանի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ նույնքան անորոշ, որքան բախումների մեկնարկային օրն էր: Գոնե երեկվա դրությամբ իրավիճակը տեղավորվում էր այս տրամաբանության մեջ՝ Իսրայելը հարվածեց Իրանի այս օբյեկտին, Իրանը՝ Իսրայելի այս օբյեկտին: Ապա երկար-բարակ քննարկումներ են, թե կողմերից որը քանի հարված հասցրեց, որի հրթիռն ավել լավ պայթեց, որ մեկը դեռ ինչի կարող է հարվածել, ինչին հարվածելն է «տաբու», ում քանի հրթիռ է մնացել (այստեղ ամեն բան արդեն ֆանտազիայի դաշտում է) եւ այլն:
Գլխավոր հարցը, որը կարող է իրավիճակը այս, եթե կարելի է ասել՝ հավասարակշռությունից հանել, վերաբերում է Թրամփին՝ պատերազմի մեջ մտնո՞ւմ է, թե՝ ոչ: Ու այս հարցում էլ, ինչպես առաջին օրը, նույն վիճակն է. միանգամայն հեղինակավոր աղբյուրները հայտարարում են, թե Թրամփը 12 ժամում, 24 ժամում կհարվածի, հետո բացատրում են, թե ինչու չհարվածեց, նոր 12 կամ 24 ժամ են սահմանում: Անմիջապես էլ, թե՝ Թրամփը 1 ժամից, 4 ժամից նիստ է անցկացնելու, որ որոշում կայացնի, թեեւ գոնե երեկ առաջին կեսի դրությամբ որոշում այդպես էլ չկար ու չկար: Ամենատարօրինակն այն է, որ նույն խառնաշփոթը նաեւ Թրամփի հայտարարություններում է: Մեկ՝ մարդ եմ ուղարկում, որ Իրանի հետ բանակցի: Ապա մի քանի ժամից՝ ոչ մի բանակցություն, թող Իրանը գա, կապիտուլացվի: Դեռ խոսքը չավարտած, թե լավ, մի վերջին շանս եմ տալիս: Մի քանի ժամից՝ ամենավերջին շանսն եմ տալիս, ապա, թե՝ ոչ մի շանս, կապիտուլյացիա եմ պահանջում. օրվա մեջ մի քանի անգամ, ու քիչ է մնում, որ արդեն պարսիկները խնդրեն՝ լավ էլի, Թրամփ, հարվածի, պրծնենք…
Իրականում այս խառը պատկերը մեկ բանի մասին է ակնարկում՝ հստակ ծրագիր, թե ինչ է անելու, Թրամփի մոտ այդպես էլ չկա: Մի կողմից, հրեական լոբբին է ակտիվ գործում՝ Վաշինգտոնին մղելով պատերազմի մեջ մտնելու գաղափարի ուղղությամբ: Մյուս կողմից՝ ռեալ իրողություններն են: Այն է, եթե անգամ իսրայելական հարվածներին գումարվեն ամերիկյան հեռահար հարվածները, քիչ շանսեր կան, որ իրավիճակը ներկայացված «մեռյալ կետից» կտեղաշարժվի: Պետք էր շատ արագ հասնել Իրանում ներքին խռովության եւ հեղաշրջման, բայց չստացվեց: Իսկ իրանցիները բազմամյա ճնշումների արդյունքում վաղուց են սովորել այդ ճնշումներին հարմարվել ու հիմա էլ սկսում են այս ռազմական իրավիճակին հարմարվել: Այն է՝ կմտնի՞ Թրամփը պատերազմի մեջ, կարող է բախվել երկրորդ Վիետնամին: Բայց նաեւ, պետք է մի 5 տրիլիոնի չափ փող ծախսել, որը չկա: Պետք են զենքի, հատկապես՝ զինամթերքի մեծ պաշարներ, բայց զինանոցը մաշվել է Ուկրաինայի վրա: Պետք են բազում այլ բաներ, որոնք էլի չկան: Բայց եթե անգամ լինեն, էլի ամեն բան օդային հարվածների դաշտում է, որին, կրկնենք, Իրանը հարմարվում է: Ամենակարեւորը, խնդիրը հնարավոր է լուծել միայն ցամաքային օպերացիայով: Իսկ դրա համար կպահանջվի կրկնակի ավել փող եւ զենք, չհաշված այն հսկայական «ցինկե դագաղները», որոնք անխուսափելիորեն կհոսեն դեպի ԱՄՆ՝ դառնալով ներամերիկյան ծայրահեղ անհանգստությունները խթանող եւս մեկ գործոն:
Այլընտրանքը՝ Իրանի միջուկային համակարգին եւ դրա հիմնական օբյեկտին՝ Բուշերի ատոմակայանին հարվածելն է: Բայց դա էլ կարող է Չեռնոբիլից ավելի վտանգավոր լինել՝ Պարսից ծոցի ողջ հյուսիսային եւ կենտրոնական գոտին, ջրի տարածման հաշվին էլ միգուցե ողջ ծոցը վերածելով ռադիացիոն անապատի. սա էլ տարբերակ չէ:
Այսինքն, ինչպես ենթադրելու առիթներ ունեցել ենք, Թրամփը մտել է ցուգցվանգային վիճակի մեջ եւ ստիպված է օրական մի քանի հակասող հայտարարություն հնչեցնել: Սակայն անգամ այստեղ ռեսուրսը սահմանափակ է. բոլորն են Թրամփից պահանջում պատասխան՝ սկսո՞ւմ ես հարվածել, ու եթե ոչ, բա ի՞նչ է լինելու: Թերեւս, միակ տարբերակն Իրանին ինչ-որ կերպ բանակցությունների մղելն է: Սակայն նախօրեին Թրամփը ցուցադրաբար սկսեց խոսել, որ Մոսկվայի միջնորդությանը չի դիմում. Պուտինը թող իր պատերազմով զբաղվի: Հետեւեց Պուտինի ռեակցիան՝ կարելի է գտնել լուծում, որը կապահովի ինչպես Իրանի, այնպես էլ` Իսրայելի շահերը: Իհարկե, Թրամփը, թերեւս, կսպասի մոտ օրերս կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ մինչ վերջնական որոշում կայացնելը: Բայց այս պահին ակնհայտորեն նրա համար ելքը մնում է հենց Պուտինի առաջարկած միջնորդությունը: