Բագրատ սրբազանը եւ քրհետապնդման ներքո գտնվող մյուս անձինք հո Շվարցենեգերը, Ռեմբոն ու Ֆանտոմասը չե՞ն…
ՎերլուծությունԱսում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի… 1994 թվականի դեկտեմբերին ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթում գրում էի Երեւանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության առիթով այն ժամանակվա ՀՀՇ- ական իշխանությունների, ավելի որոշակի՝ նրանց գրպանում գտնվող իրավապահ մարմինների, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանի ղեկավարած Ազգային անվտանգության պետական վարչության կողմից ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանի նկատմամբ սկսված անհիմն, ապօրինի քրեական հետապնդման, նրա ձերբակալման, կալանավորման, նրան առաջադրված շինծու մեղադրանքի մասին, ինչը պետք է գնահատել որպես անձի նկատմամբ կատարված հանցագործություն:
Միքայել Մանուկյանին շուրջ 1 տարի ապօրինի կալանքի տակ պահելուց հետո ստիպված եղան ազատ արձակել, իսկ հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նա չէր Համբարձում Գալստյանին սպանողը ու չկային նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ: Իսկ թե ովքեր էին Համբարձում Գալստյանին սպանողները կամ սպանության պատվիրատուները, դժվար չէ հասկանալ՝ դիտելով «Փաստինֆո»-ի սկանդալային տեսանյութը, որում նշվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր Թելման Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի անունները, ինչպես նաեւ այն մասին, որ ՆԳՆ 6-րդ եւ 7-րդ վարչությունների բազմաթիվ ծառայողներ 8 ավտոմեքենաներով հետեւել, հետապնդել են Համբարձում Գալստյանին, ինչը նկատվել է նրա կողմից եւ ահազանգվել Լեւոեւ Տեր-Պետրոսյանին եւ այլոց:
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԱՅՍՕՐ ԿԱՐԾԵՍ ՆՈՒՅՆՆ Է ԿՐԿՆՎՈՒՄ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Հիմա՝ Միքայել Մանուկյանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդումից, նրան մեղադրանք առաջադրելուց, կալանավորելուց ավելի քան 30 տարի հետո, 2008թ. մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի «աջ ձեռք» Նիկոլ հայադավի գրպանում գտնվող քննչական կոմիտեի (ՔԿ) կողմից, կարծես, նույնը կրկնվում է Միքայել Մանուկյանի դաշնակցական ընկերների, գործընկերների եւ այլոց նկատմամբ՝ նրանց մեղադրանքներ առաջադրելով ահաբեկչություն եւ զավթելու եղանակով իշխանության յուրացում նախապատրաստելու հոդվածներով:
Հայաստանի քննչական կոմիտեն հունիսի 25-ի առավոտյան ժամը 09:09-ին իր պաշտոնական կայքում հանդես եկավ շռնդալից վերնագրով տեղեկատվությամբ՝ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:
Ըստ նույն հաղորդագրության` «Վ․Գ․-ն (Վազգեն Գալստանյանը՝ ՀԱՍԵ Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը.- Ա. Հ.) եւ հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու… գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (իրականում՝ Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության.- Ա. Հ.) աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով»:
Եթե ընտրված նպատակին հասնելու մեթոդը մի կողմ թողնենք, ապա ինքնին հասկանալի է, որ խոսքը զավթված իշխանությունը զավթելու, ավելի ճիշտ, Հայաստանում տապալված սահմանադրական կարգը վերականգնելու մասին է: Բայց, ի վերջո, ճշմարտությո՞ւնն է ներկայացնում քննչական կոմիտեի վերոնշյալ հաղորդագրությունը, թե տեղեկություններ շինծու քրեական գործից կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ հանրային քրեական վարույթից…
Հնարավոր է, որ Քննչական կոմիտեն ներկայացնում է իրականությունը, բայց չափազանցված կամ ծայրահեղ չափազանցված կերպով:
Հնարավոր է նաեւ, որ քննչական կոմիտեն մեր հանրությանը եւ արտաքին աշխարհին տեղեկություններ է հրամցնում ամբողջովին շինծու հանրային քրեական վարույթից կամ քրեական հետապնդումից, որն այս դեպքում արդեն պետք է համարել քրեականի անվան ներքո կամ քրեական պիտակավորմամբ քաղաքական հետապնդում:
Վերոնշյալ երեք տարբերակից յուրաքանչյուրն էլ հնարավոր է, բայց անձամբ ես հակված եմ կարծելու, որ գործ ունենք տարբերակներից վերջին երկուսի, հատկապես, վերջինի հետ: Եվ ահա թե ինչու…
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ, ԹԵ ԲԱԳՐԱՏ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԱՆԽԵԼՔ ԷԻՆ, ԱՅՆ ԷԼ՝ ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆԻ…
Առաջին միտքը, որը ծագեց ՔԿ-ի վերոնշյալ հաղորդագրության ընթերցումից հետո, հետեւյալն էր. արդյոք կարելի՞ է հավատալ, թե Բագրատ Գալստանյանը՝ ճեմարան ավարտած, աշխարհ տեսած, արքեպիսկոպոսի հոգեւոր կոչում ունեցող, Իգոր Սարգսյանը՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ժամանակին պետական բարձր պաշտոն զբաղեցրած (Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, հետագայում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, Արցախյան ազատամարտի մասնակից), Դավիթ Գալստյանը՝ Արցախի ԱԺ պատգամավոր, ինչպես նաեւ կալանավորված մյուս անձինք անխելք էին, եւ այն էլ այնքան՝ չհասկանալու համար, որ Հայաստանում, որտեղ թե՛ կուսակցությունների ներսում, թե՛ ընդհանրապես հասարակության մեջ շատ զարգացած է գործակալական ցանցը, մինչեւ 6250 մարդու ընդգրկմամբ (ինչպիսին ներկայացված է ՔԿ-ի հրապարակած տեղեկատվությամբ՝ մինչեւ 25 անձից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր) նման գործողություն նախապատրաստել- իրականացնելն անհնար է… Անձամբ ես չեմ հավատում:
«ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է»- Ն ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԱՅՍՊԵՍ ՊԵՏՔ Է ՇԱՐԱԴՐԵԼ՝ ՆԻԿՈԼԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՒՐԻՇ Է
Համացանցն այսօր լայն հնարավորություններ է տալիս` ամբողջ աշխարհում տեղի ունեցածի առումով, հետաքրքրող տեղեկատվությունը փնտրելու, գտնելու: Հետեւաբար համաշխարհային պատմության մեջ գտեք գեթ մեկ օրինակ այնպիսի ահաբեկչական գործողություններով իշխանությունը զավթելու կամ, թեկուզ, դրա փորձի, ինչպիսին ներկայացված է ՔԿ-ի հիշյալ հաղորդմամբ: Չե՛ք գտնի: Ինչպե՞ս չհիշել «Գրանդ Քենդի» ընկերության գովազդային կարգախոսը՝ «Մերն ուրիշ է»…
Քննչական կոմիտեն իր վերոնշյալ հաղորդագրությունից ավելի քան 5 ժամ հետո հանդես եկավ մեկ այլ հաղորդագրությամբ, ըստ որի, «Հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր», «այդ թվում՝ հրազեն եւ ռազմամթերք…» (տվյալ հաղորդագրության մեջ պայթուցիկների, պայթուցիկ սարքերի, նռնակների մասին բառ անգամ չկա, խոսքն ընդամենը ճայթուկների մասին է, որոնք ցանկացած քաղաքացի միանգամայն օրինական կերպով կարող է ձեռք բերել «Սուրմալու», «Փեթակ» եւ այլ առեւտրավայրերից):
Բոլորն էլ հասկանում են, որ հրազենը եւ ռազմամթերքն ամենակարեւորն են ահաբեկչության, իշխանության զավթման, պետական հեղաշրջման գործում, առանց դրանց ի՞նչ իշխանության զավթում…
Բավականաչափ ճանաչելով Նիկոլին ու նրա գրպանում գտնվող իրավապահ համակարգը, չեմ կարծում, թե նրանք հասարակության եւ արտաքին աշխարհի վրա տպավորություն թողնելու նպատակով, ինչպես նաեւ իբրեւ հիմնավորում առաջադրված մեղադրանքների, չէին ցուցադրի այն ամբողջ արսենալը, որը, ըստ ՔԿ- ի վերոնշյալ հաղորդագրության, հայտնաբերվել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ» իրականացված ավելի քան 9 տասնյակ խուզարկությունների արդյունքում:
Բայց ահա ՔԿ-ի տվյալ հաղորդագրությանն ուղեկցող լուսանկարը եւ հաղորդագրության մեջ ներառված հղմամբ տեսանյութը, որոնցում, իբրեւ հրազեն ու զինամթերք, պատկերված են ընդամենը 3 ինքնաձիգ, մեկ որսորդական հրացան, մեկ լուսազդանշանային հրթիռի արձակիչ, ընդհանուրը մեկ տասնյակից քիչ ավելի ատրճանակի եւ ինքնաձիգի պահունակներ: Սրանցո՞վ էին իշխանությունը զավթելու՝ Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի (չարախմբի) այն իշխանությունը, որը պահվում է հարկատուներիս հաշվին վարձատրվող ավելի քան 17 հազար ոստիկաններով եւ ենիչերիներով… Այո, մերը (տվյալ դեպքում ձերը՝ Նիկոլի իշխանությանը, նրա գրպանում գտնվող քննչական կոմիտեինը) իսկապես ուրիշ է…
ՔԿ-ում սթափ մտածողություն ունեցող որեւէ մեկը չի՞ գտնվել իշխանազավթման գործով վերոնշյալ հաղորդագրությունները «թխելիս» ու դրանց հրապարակման թույլտվությունը տալիս…
ՊՊԾ գունդը գրաված, գնդի ողջ զինանոցին տիրացած «Սասնա ծռեր» խմբի անդամները չկարողացան իշխանությունը զավթել, Բագրատ Գալստանյանը եւ կալանավորված մյուս անձի՞նք էին դա կարողանալու անել վերոնշյալ չորս հրազենով ու զինամթերքով…
Կարո՞ղ է քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում սույն քրեական վարույթը նախաձեռնածներն ու քննողները որպես քննիչներ աշխատանքի ընդունված ֆանտաստիկայի եւ էքշն ժանրի ֆիլմերի սցենարիստներ են, որոնք Բագրատ Գալստանյանին ու մյուսներին պատկերացրել եւ, ըստ էության, ներկայացրել են առավել, քան նույնիսկ Շվարցենեգերն ու Ռեմբոն են…
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼԸ, ԴՐԱՆՑ ՉՎՍՏԱՀԵԼԸ ԼԻՈՎԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է
Եվ, այսուհանդերձ, ՔԿ-ի հաղորդագրությանը չհավատալու առաջին պատճառն այն է, որ տվյալ մարմինն իրականում քաղաքականապես անկախ չէ, թեեւ օրենսդրությամբ ու պաշտոնապես պետք է չեզոք եւ անկախ լինի քաղաքական առումով:
Ինչպես եւ ՆԳՆ-ն, ՆԳՆ ոստիկանությունը եւ իրավապահ այլ մարմիններ, այսօրվա Հայաստանում քննչական կոմիտեն նույնպես գտնվում է Նիկոլ հայադավի գրպանում, իսկ ասվածի լավագույն ապացույցն այն է, որ Նիկոլը եւ իր ոհմակի անդամները, չնայած նրանց կողմից պետական դավաճանության եւ այլ հանցանքների վերաբերյալ մամուլում հրապարակված, ինչպես նաեւ գլխավոր դատախազությանը եւ իրավապահ այլ մարմինների պաշտոնապես հանձնված հանցագործությունների մասին հաղորդումներին, առ այսօր ձերբակալված, կալանավորված չեն, եւ գտնվելով ոչ թե ճաղերի հետեւում, այլ ազատության մեջ, շարունակում են նորանոր չարագործություններ կատարել, նորանոր հակազգային ու հակապետական ուղղվածություն ունեցող հանցագործություններ:
ԻՍԿ ՀԵՆՑ ԻՆՔԸ՝ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ, ՄԻՆՉ ԱՅԺՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԻՐԱՎԱՀՊԱՏԱԿ ՎԱՐՔԱԳԻ՞Ծ Է ԴՐՍԵՎՈՐԵԼ…
Որքան էլ զավեշտական է, հենց այս քննչական կոմիտեն է իր վերոնշյալ հաղորդագրության վերջում քաղաքացիներին հորդորում «դրսեւորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»: Իսկ հենց ինքը՝ Հայաստանի քննչական կոմիտեն, մինչ այժմ բացառապես իրավահպատակ վարքագի՞ծ է դրսեւորել ու դրսեւորում, որ նույնը հորդորում է այլոց: Չէ, չեղավ, ինչ-որ արդար չէ, պարոնայք ու տիկնայք…
Քննչական կոմիտեն, ինչպես եւ Նիկոլի իշխանության ընթացքում Հայաստանի մյուս իրավապահ մարմինները գրեթե ամբողջությամբ զուրկ են հանրային վստահությունից, հետեւաբար, ի՞նչ խոսք կարող է լինել հատկապես ընդդիմության, ընդդիմադիր գործիչների վերաբերյալ նրանց հրապարակած հաղորդագրություններին հավատալու մասին…
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ