ՄՈՍԿՎԱՅԻ ՌԵԱԿՑԻԱՆ ԴԵՌ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԷ
ՎերլուծությունՆերկա իրավիճակում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=316838&l=am), ի տարբերություն Թուրքիայի, կովկասյան ուղղությունը Իրանի համար կարծես թե դառնում է էլ ավելի կարեւոր: Մի կողմից, Ադրբեջանի հայտնի խնդիրն է, եւ այն, որ նախագահ Փեզեշքիանը զինադադարից հետո շտապեց կապի մեջ մտնել Ալիեւի հետ, դրա վկայումներից մեկն է:
Մյուս կողմից, Հայաստանի հարցում եւս Իրանում մռայլ տրամադրություններ կան: Համառ խոսակցությունները, որ Իրան իսրայելական անօդաչուները մտել են Մեղրիի տարածքով, չեն դադարում: Ավելին, նոր մեկնաբանություններով, թե դրա համա՞ր էր, որ Մեղրիից դուրս բերեցին ռուս սահմանապահներին, նաեւ, թե այնտեղ ինչ-որ ֆրանսիացիներ են եղել: Իրականությանը համապատասխանում են այս խոսակցությունները, թե՝ ոչ, դեռ հարցի մի կողմն է: Շատ ավելի լուրջ է, որ Իրանում այդ մասին խոսակցություններ կան փորձագիտական մակարդակով, ասել է թե` Թեհրանում նման կասկածները խորը հիմքերի վրա են: Ու ժամանակներն էլ այնպիսին են, որ ամեն մի կասկած դառնալու է միանգամայն լուրջ ուշադրության, մեծ հավանականությամբ՝ նաեւ համապատասխան գործողությունների առաջարկ: Այսինքն, որ Իրանը շատ ավելի սուր է արձագանքելու հայաստանյան ուղղությանը, դա, թերեւս, հաստատ է:
Մյուս կողմից, նաեւ ռուսների մոտ հայաստանյան ուղղության հանդեպ ուշադրությունը գնալով միայն սրվում է, առավել եւս՝ Սամվել Կարապետյանի ձերբակալության ֆոնին: Ճիշտ է, այս օրերին ընթացող նիկոլյան ձերբակալությունները Պեսկովը պաշտոնապես ներկայացրեց, որպես «Հայաստանի ներքին գործ», բայց նաեւ հասկանալի է, որ ՌԴ քաղաքացի հանդիսացող Կարապետյանի պարագայում նման ձեւակերպումը պարզապես չի կարող աշխատել: Ընդ որում, դա է հիմնավորում նաեւ փաստը, որ նիկոլյան թեման դարձել է ամենօրյա ոչ միայն ռուսական ընդհանրական իմաստով՝ տեղեկատվական դաշտում, այլ նաեւ այն ողջ սրությամբ մերձկրեմլյան համարում ունեցող ռեսուրսների ուշադրության հիմնական կիզակետերից մեկն է դարձել, որը չի կարող պատահական լինել:
Չնայած դրան, իրականությունն այն է, որ գնալով սրվող խնդիրներ են Ռուսաստանի ողջ հարավային պարամետրով մեկ՝ Թուրքիայից սկսած, մինչեւ Չինաստանի սահմանները, որի արդյունքում հնարավոր է կորցնել հարավային ողջ լոգիստիկան: Բանը հասել է նրան, որ ռուսական լուրջ փորձագետները խոսում են Նիկոլի կողմից 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու մոտալուտ ծրագրերից: Բրիտանացիների հետ համագործակցության պայմանագիր կնքած Ղազախստանի տարածքից այդ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո անօդաչուներ են թռնում՝ հարվածելով ռուսական տարածքներին: Ու որքան էլ ղազախները պատճառաբանեն, թե մեծ երկիր ենք, չենք կարող ամբողջը վերահսկել, Ռուսաստանին հարվածող անօդաչուներ թռչում են նաեւ հենց Ռուսաստանի տարածքից, բայց բոլորի համար է ակնհայտ, որ դրանք ընդամենը սովորական արդարացումներ են:
Կամ, երբ դեռ հասկանալի էլ չէ՝ Իրանում պատերազմը վերջացել է, թե՝ ոչ, եւ նույն պահին Նիկոլը ձերբակալում է ՌԴ քաղաքացու եւ ոչ անհայտ մեկին, ապա խնդիրներն իրոք շատ լուրջ են: Ամեն դեպքում, նույնիսկ ռուսական փորձագիտական աղբյուրն է այս գնահատումը տալիս. «Մինչ Մոսկվան սահմանափակվում է մեկնաբանություններով, Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցել ցանկացողների համար միտումնավոր նեղացվում է տարածքը: Եվ այս ամենը տեղի է ունենում տեղական էլիտայի լուռ համաձայնությամբ: Փաշինյանը հեռացնում է ռուսամետ առաջնորդներին, մաքրում այն ինստիտուտները, որոնք կարող են դառնալ ապագա այլընտրանքային ուժերի հենարան, եւ միեւնույն ժամանակ ձգտում է ամրապնդել իր սեփական դիրքերը Արեւմուտքի աջակցությամբ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Եթե այս միտումը շարունակվի, Մոսկվան այլեւս գործիքներ չի ունենա ազդեցություն վերադարձնելու Երեւանին, եւ Հայաստանը կշարունակի թեքվել դեպի Արեւմուտք: Այն, ինչ այսօր թվում է նպատակային ձերբակալությունների շարք, վաղը կվերածվի հակառուսական կոնսենսուսի համախմբման, որտեղ «Ռուսական աշխարհը» կարգելվի, իսկ առողջ պրագմատիզմը հոմանիշ կլինի դավաճանության: Ռուսաստանը դեռ կարող է առաջ գնալ, բայց դրա համար անհրաժեշտ է շտապ փոխել իր «մեղմ ուժի» ռազմավարությունը եւ աշխատել հասարակության այն շերտերի հետ, որոնք դեռեւս չեն թողնում ռուսամետ արժեքները»:
Այսինքն, եթե կոնկրետ եւ շատ արագ փոփոխություններ չլինեն, ինչպես եղավ Աբխազիայում, հետեւանքները կարող են դառնալ անշրջելի: Եվ այդ դեպքում որեւէ ինքնաարդարացում, թե՝ զբաղված ենք Ուկրաինայում, ընդհանրական պատկերը չի փոխելու:
Այս իրողություններով հանդերձ, մերձկրեմլյանի համարում ունեցող փորձագիտական ռեսուրսներից մեկը ներկայացնում է նման պնդում. «Մերձավոր Արեւելքի ճգնաժամը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռազմավարության թարմացման հարցն ավելի հրատապ է դարձնում։ Ակնհայտ է դառնում, որ Մերձավոր Արեւելքում արդյունքների վրա չափազանց կենտրոնացման դարաշրջանում Մոսկվան հնարավորություն չունի զուգահեռ մասնակցելու այլ մակրոհակամարտություններին։ Ներքին աղբյուրները պնդում են, որ մոտ ապագայում պետք է սպասել Կրեմլի նախագծային գործունեության վերաուղղորդման՝ հեռավորից դեպի մերձավոր արտասահման։ «Էկզոտիկ ուղղությունները դառնում են չափազանց հեռավոր, թանկ եւ անհասկանալի մի բան։ Մենք ունենք Ուկրաինան ակտիվ փուլում, Մոլդովան, Հայաստանը՝ ճգնաժամի մեջ։ Կենտրոնական Ասիան վախեցնող է իսլամացման եւ Թուրքիայի հզորացման հեռանկարներով։ Հաշվի առնելով այս երկրների մեր սահմաններին մոտ լինելը՝ դրանցում քաղաքական ճարտարապետության փոփոխությունները անմիջական ազդեցություն կունենան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման վրա։ Հետեւաբար, առաջնահերթությունները ակնհայտ են»,- վստահեցնում է կրեմլյան զրուցակիցը»:
Իրականում այդպե՞ս է, դա, թերեւս, պարզ կդառնա նրանից, թե, ասենք, Սամվել Կարապետյանը դեռ որքան ժամանակ կմնա անազատության մեջ: Բայց որ «օդում սուր էլեկտրականացում» է զգացվում, դա կարելի է նկատել: