Գլոբալիստները կրկին զգուշացնում են. մոդեռն մարգարեություն «Նռան գույնով»
ՄշակութայինԵրբ 2020 թվականին աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան ներկայացրեց իր «911» խորհրդաբանական պատկերներով լի տեսահոլովակը, շատերը պարզապես այն ընկալեցին որպես էսթետիկ փորձարկում։ Բայց մանրակրկիտ դիտողները՝ հատկապես Հայաստանում, անմիջապես նկատեցին «Նռան գույնի» ակնարկները։ Սերգեյ Փարաջանովի այս գլուխգործոցը հանկարծ վերածվեց մոդեռն մարգարեության, որից ամիսներ անց, տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը՝ մարդկային ու մշակութային ավերածությամբ։
Նման երեւույթներն այլեւս պատահականության արդյունք անվանելն անհնար է, հատկապես երբ արվեստագետները շարունակում են նույն թեմայով խոսել պարբերաբար։ Բավական է մի պահ կանգ առնել եւ դիտել վերջին ամիսներին ներկայացված ուշագրավ մի քանի տեսահոլովակ՝ իրենց խորհրդանշաններով, պատկերային լեզվով, միստիկ հղումներով, որպեսզի պատկերացնենք, թե հիմա գլոբալիստներն ինչ են մեզ զգուշացնում, իսկ հարցն այն է՝ մենք լսո՞ւմ ենք։
«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ հանրաճանաչ կանադացի երգիչ The Weeknd-ը (Աբել Մակոնեն Թեսֆայե), ում անունը հաճախ կապվում է մասոնական խորհրդաբանության եւ հոգեվերլուծական խորքերի հետ, վերջերս ներկայացրեց «Baptized In Fear» երգը։ Բառացի թարգմանությամբ՝ «Վախի մեջ մկրտված»։ Տեսահոլովակում տեսնում ենք խաչքարեր, հայկական եկեղեցու ճարտարապետություն: Ոմանք սա ընկալեցին որպես գեղարվեստական պատում, բայց խորհրդանիշների լեզուն խոսում է ավելի խորը։ Հնարավո՞ր է՝ սրանք զգուշացումներ էին այն մասին, թե ինչ վտանգներ են սպառնում հոգեւորությանը: Եվ ահա, մինչ մենք կփորձեինք այս հարցի պատասխանը գտնել, դաշտ է նետվում մեկ այլ զգուշացում: Կարծես, ռիտուալ է դարձել գլոբալիստների մոտ նախ զգուշացնելը, հետո չարիք գործելը:
Փիթեր Գեբրիելը՝ անգլիացի հանրաճանաչ երգիչ, երգահան, երաժիշտ, պրոդյուսեր եւ ակտիվիստ, եւս միանում է այս խորհրդաշատ, միստիկ շարքին։ Նրա վերջերս հրապարակած «Before Night Falls» («Մինչ գիշերը վրա կհասնի») ստեղծագործությունը առաջին հայացքից երաժշտական ստեղծագործություն է՝ հոգեւորականների մասնակցությամբ։ Բայց խորքային վերլուծությամբ պարզվում է՝ սա ավելին է, քան երաժշտություն։
Տեսահոլովակի հեղինակը Մայք Բեննիոնն է՝ բրիտանացի քանդակագործ եւ նկարիչ, ով 2024 թվականի աշնանը սկսեց աշխատել արհեստական բանականության (AI) հետ։ Նա նկարագրում է այս աշխատանքը որպես «տեսողական պոեմ», ոգեշնչված՝ կրկին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնից»։ Անհնար է չնկատել այս տեսահոլովակի եւ մեր օրյա հայաստանյան իրականության միջեւ զուգահեռները: Այն հերթական կանխատեսումն էր կամ զգուշացումը, որոնք կարող են ընկալել միայն նրանք, ովքեր պատրաստ են կարդալ արվեստի լեզվով՝ ինչպես փարաջանովյան ժեստերը, խորհրդանիշներն ու գույները։ Տեսահոլովակում օգտագործված հայկական երաժշտական մոտիվները, հոգևորականների ներկայությունը եւ սրբության ու պարզության տարրերը հուշում են մի բանի՝ վտանգի մասին, որ կախված է սուրբի գլխավերեւում…
Կուսակրոնությունը խախտելու մեջ սին մեղադրանքների թիրախում հայտնված Հայր սուրբեր, քահանաներ, ովքեր փորձում են պաշտպանել ավելի բարձր եկեղեցական աստիճան ունեցող հոգեւորականին։ Ահա այս ամենը ներկայացված է տեսահոլովակում, որը ճիշտ վերարտադրությունն է վերջին օրերին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցածին, երբ փորձում էին քահանաները պաշտպանել Միքայել սրբազանին, սակայն ամեն ինչ ավարտվեց կալանքով՝ ինչպես Շիրակի թեմի առաջնորդի, այնպես էլ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանի դեպքում: Նկատենք նաեւ, որ տեսահոլովակում կա Ադրբեջանի դրոշի գույներով հագած-կապած կին, որն արյուն է թափում քահանայի վրա… Անգամ իրավիճակից գոհ թուրքի կերպարն է ներկայացված:
Բեննիոնը խոստովանում է, որ այս տեսահոլովակում իր գիտակցությունը համադրվել է արհեստական բանականության քմահաճույքների հետ։ Իսկ եթե այդ կոմբինացիան արդեն մարգարեություն է, այլ կերպ ասած՝ եթե արհեստական բանականությունը մեր ենթագիտակցության հայելին է, ապա այս ստեղծագործությունը գուցե կանխատեսում է մի իրողություն, որը մենք դեռ չենք ուզում ընդունել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
