Տոկի տված իշխանության` «խլելը նորաձեւ է» օպերացիան
ՎերլուծությունԵրբ ժողովրդավարական պետությունում խորհրդարանն իր նիստերի ժամանակ հանկարծ վերածվում է ոչ թե օրենսդրական քննարկումների հարթակի, այլ զանգվածային ինքնակամ բռնազավթման ներկայացման վայրի՝ այստեղ ակնհայտ է մի բան՝ օրինականության սահմանները վաղուց արդեն հատվել են։
Սա է պատճառը, որ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող «ՀԷՑ-ի պետականացման» անվան տակ մատուցվող գործընթացը ոչ թե տնտեսական քաղաքականության, ներդրումային միջավայրի բարելավման կամ հանրային շահի ծառայության հարց է, այլ ակնհայտ կոպիտ քաղաքական հաշվեհարդար՝ պարզունակ բովանդակությամբ։
Այո՛, առանց թաքցնելու, առանց անգամ ձեւական օրինականության տպավորություն ստեղծելու փորձի, խորհրդարանը պարզապես օգտագործվում է որպես գործիք՝ նպատակ ունենալով պատժել գործարար Սամվել Կարապետյանին։ Ոչ թե հանուն պետության, այլ հանուն Փաշինյանի անձնական նկրտումների եւ նրա թիմի մանկամիտ կոմպլեքսների։ Պատժել՝ որովհետեւ Կարապետյանը «թույլ է տվել» արտահայտել սեփական կարծիքը, այն էլ հանդես գալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից, իսկ դա այս իշխանության սրտով չէ։
Կառավարության այս քայլն այլ կերպ չի կարելի որակել, քան պետական ռեկետ։ Երբ առանց դատարանի վճռի, առանց գույքային գնահատման, առանց իրավական բանակցությունների, փորձում ես «ազգայնացնել» մի կառույց, որը ոչ թե օլիգարխիկ ժառանգություն է, այլ տարիների ներդրումների, բարեփոխումների ու մարդկային աշխատանքի արդյունք: Սա արդեն բացահայտ հարձակում է սեփականության իրավունքի վրա։ Ինչպես նկատում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը. «Իշխանության նախաձեռնած «Խլելը նորաձեւ է» օպերացիան բազմերանգ դրսեւորումներ է ստանում, որով փորձ է արվում ե՛ւ հաշվեհարդար տեսնել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, ե՛ւ իշխանությունն օգտագործել ուրիշի ստեղծածի հաշվին նեղ խմբային շահեր կարգավորելու համար»:
Ո՞վ է հաջորդը։ Այս հարցն այսօր տալիս է ոչ միայն բիզնես դաշտը, այլ նաեւ հասարակ քաղաքացին, որը տեսնում է՝ եթե իշխանության համար Սամվել Կարապետյանը կարող է լինել միանգամից «գործակալ», «դավաճան» ու «թքած ունեցող», ապա մյուսների համար նույնիսկ ընդվզման իրավունքը կարող է վերածվել առգրավման պատրվակի։ Այս ամենը ուղերձ է ոչ թե մեկ անձի, այլ բոլորին՝ խոսես՝ կկորչես հուր-հավիտյան: Իրականում իսկապես թքած վիճակ է բոլորի մոտ:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԺԻՉ ԼԾԱԿ
Այն, ինչ կատարվում է այս օրերին Ազգային ժողովում, հիշեցնում է խիստ կազմակերպված ներկայացում՝ սցենարով, դերաբաշխմամբ, ու անհնար է չնկատել ՔՊ-ական պատգամավորների կազմակերպված ճիգերը՝ մեկը մյուսից գերազանցելով փորձելով «սրտանց» ծառայել վերեւից ստացած հրահանգին։ Խոսում են բառացիորեն մեկ շնչով, նույն բառապաշարով, նույն մարտավարությամբ՝ «թքելու» քաղաքական մանիպուլյացիան ներկայացնելով որպես պատճառ, ոչ թե` հետեւանք։ Իշխանությունն այս գործին նախապես է պատրաստվել, իսկ Կարապետյանի հայտարարությունը՝ ի պաշտպանություն եկեղեցու, պարզապես պատրվակ դարձավ գործարկելու ծրագիրը, որի կոճակն արդեն սեղմված էր մայիսին։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է դեռեւս մայիսի 20-ին արված գրառումը. «…Վերջին շրջանում չի եղել մի որեւէ այցելություն, որտեղ հոսանքը կամ գնացած չլինի կամ ընթացքում չգնա։ Դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ։ Սեփական աչքով եմ տեսել։ Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ-ի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ-ի ազգայնացման։ Ամբողջական եւ կտրուկ…»:
Անցավ մի ամիս, անցան գործի… Վահագնալեքսանյանները խոսում են 2002-ի մասին, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից բերում թվեր՝ փորձելով կեղծ օրինականություն տալ այս ամբողջ գործընթացին` մոռանալով ամենակարեւորը՝ եթե հանցագործություն է եղել, թող հարցնեն դատախազությանը, ոչ թե այսօր պատժեն մի գործարարի, որը ստեղծել է կայուն աշխատող համակարգ եւ համարվել է պետության հենասյուն վերջին 20 տարում։
ԻՐԱՎԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՂԵՏ
Այս գործընթացն ունի մեկ ամբողջական հետեւանք՝ Հայաստանը հեռու է գնում իրավական պետություն լինելու գաղափարից։ Ներդրողները, որոնք տարիներ շարունակ որեւէ հույսով մտել են այս շուկա, տեսնում են, որ այսօր այստեղ սեփականության սահմաններ գոյություն չունի։ Եթե վարչապետը «թքած ունի» իրավունքի վրա, եթե ԱԺ պատգամավորն իրեն դատավոր է զգում, իսկ բիզնեսը դառնում է պատժի թիրախ՝ սա կատարյալ քաոս է։
Տարածաշրջանային փորձն էլ վկայում է. այն իշխանությունները, որոնք սկսում են պատժիչ գործելաոճով լուծել բիզնես եւ քաղաքական խնդիրները, վախենալով կորցնել իշխանությունը, վերջում հենց դրան են հասնում՝ շատ ավելի ծանր հետեւանքով։ Վանաձորի նախկին քաղաքապետ, նախկին քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը ճիշտ է ասում՝ Հայաստանում մարդն այսօր կարող է մեկ օր հերոս լինել, հաջորդ օրը՝ հակահերոս։ Իսկ նման անհուսալի անկայունությունը ոչ թե ուժի, այլ խոր ճգնաժամի նշան է։
Բայց ամենաուշագրավ կողմն այն է, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի բիզնես ներդրումների փոքր մասն է։ Մինչդեռ այսօրվա իշխանությունն ամբողջ դաշտը խփում է մեկ կենտրոնի վրա՝ պարզապես ցույց տալու համար, թե ով է տան տերը։ Սակայն այս «տան տերը» մոռանում է, որ պետությունը սեփականություն չէ, իշխանությունը հավերժ չէ, իսկ օրենքն իր քմահաճությունից վեր է։
Այլեւս հարցը ՀԷՑ-ը չէ։ Այլ՝ ինչի ենք գնում որպես պետություն։ Երբ իշխանության միակ պատասխանը կոշտ պատժիչ հարվածն է՝ փոխանակ բանակցելու, փոխանակ ներդրողին վստահություն տալու, փոխանակ քննարկում կազմակերպելու, հարձակվում են ոհմակով ու փորձում խժռել: Սա է գործում այսօր, ոչ թե պետական կառույցները՝ իրենց վերապահված գործառույթներով: Իսկ այնտեղ, որտեղ պետությունը չի գործում, սկսում է գործել պատժամեքենան։ Այսօր՝ Սամվել Կարապետյանի դեմ, վաղը՝ որեւէ մեկ ուրիշի: Եվ հենց դրա համար է, որ կապիտուլյանտի հեռացումը պետք է լինի օր առաջ։ Որքան շուտ, այնքան ի շահ՝ հանուն բիզնեսի, ներդրումների, վստահության ու Հայաստանի ապագայի։ Այլապես, ինչպես փաստում է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը. «ՀԷՑ-ը դարձնել թուրքական, Հայաստանում բացել մզկիթներ. սրան է հանգեցնելու Նիկոլի քաղաքականությունը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ