ԻՆՉՈՒ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՎԱ ԲԱՆԿ ԳՆԱՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ՎերլուծությունԹե ինչո՞ւ հենց այս պահին բրիտանացիները գնացին կովկասյան հարթակում գերցնցումներ սարքելու ուղղությամբ, կարելի է կռահել: Այս հարցում մեկ հետաքրքիր ազդանշան եւս կա՝ այն, որ իրավիճակն անմիջապես հաջորդեց Իրանում պատերազմի դադարեցմանը, շատ բան է հուշում:
Վերջին ամիսներին շատ էր շրջանառվում, այսպես կոչված, «Գնդապետ Փիթերսի քարտեզը», կամ «Նոր Մեծ Մերձավոր Արեւելք» քարտեզը, որը հայտնվել է 2000-ականների սկզբին եւ ներկայացվել է ամերիկացի վետերան, հետախուզության սպա գնդապետ Ռալֆ Փիթերսի կողմից: Այդ ակտիվացումը, թերեւս, պատահական չէր, առավել եւս, երբ հաջորդեց Իրանի դեմ ուղիղ պատերազմը: Նայենք քարտեզին. Ադրբեջանին դա խոստանում էր տարածքների ընդլայնում Իրանի հաշվին: Ճիշտ է, առաջին պլանում Քուրդիստանն է, ընդ որում, նաեւ Թուրքիայի մեծ հատվածի հաշվին, սակայն երեւի անգամ այդ փաստն Ալիեւին զերծ չի պահել գայթակղությունից:
Իսկ ընդհանրական իմաստով այդ քարտեզը համարվում է ուլտրալիբերալիզմի ծրագրերի ուղեցույց, որն ունի երկու իմաստ: Նախ, սրանով առավելագույն լուծումներ են տրվում Իսրայելի ախորժակներին, այդ թվում՝ Քուրդիստանի ստեղծմամբ, որպես Իսրայելի ապագա ուժային բաղադրիչ: Երկրորդը, մաքսիմալ բարդացնում է ՌԴ-ի շարժը դեպի հարավ, որն էլ, իհարկե, Բրիտանիայի մեծագույն երազանքներից է:
Միայն թե Իրանը չպարտվեց: Ավելին, այս պահին շատ հեղինակավոր ամերիկյան փորձագետներ այն թեզն են առաջ տանում, որ ամերիկացիների հարվածները ոչ այնքան Իրանին վնասներ հասցնելու համար էին, որքան խաղաղություն պարտադրող միջոցներ, քանի որ, եթե պատերազմը մեկ-երկու շաբաթ էլ երկարեր, Իսրայելի համար չափազանց բարդ վիճակ էր առաջանալու: Արդյունքում, երբ հնարավոր չեղավ Իրանում քաղաքացիական պատերազմի, երկրի տրոհման եւ Արեւելյան Ադրբեջան կոչվածն Ալիեւին տալու ծրագիրն իրականացնել, Բրիտանիայի համար հին խնդիրները մնացին օրակարգում: Այն է՝ Ռուսաստան-Իրան կապը պահպանվում է, եւ այն «փակելու» միջոցն էլի մնում է Հարավային Կովկասով Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան «պատի կառուցումը»: Միայն թե՝ շատ արագ, հաշվի առնելով Լոնդոնի համար հիմնական խնդիրը:
Այսպես, օրերս ԱՄՆ-ն իրականացրեց մեկ քայլ, որը թույլ չտալու համար Լոնդոնը «կաշվից դուրս էր գալիս»: Այն է՝ հայտարարվեց Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին: Իմաստը պարզ է բոլորին: ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ գործնականում դուրս է գալիս պատերազմից: Կա այլընտրանք, որ եւս հասկանում են բոլորը: Օրինակ, ըստ ուկրաինական աղբյուրի. «Թրամփի վարչակազմը Կիեւից պահանջել է Ստամբուլում կայանալիք բանակցությունների ժամանակ Կրեմլի հետ հուշագիր ստորագրել, հակառակ դեպքում ԱՄՆ-ից ռազմական/ֆինանսական օգնությունը վերջնականապես կդադարեցվի: Բանկովան լավ գիտակցել է այս տարբերակը, քանի որ Երմակին ԱՄՆ-ում զգուշացրել էին, որ Ուկրաինային այլեւս չի թույլատրվի ժամանակ ձգձգել »:
Կիեւը փորձեց լուծումներ ստանալ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, սակայն հաջորդեց ֆիասկոն: Մի պահ այն հույսը կար, թե Թրամփը «բլեֆ» է անում, որին ռեալ քայլեր չեն հետեւի: Բայց կոնկրետ որոշումն արդեն փաստ է: Իսկ դա ենթադրում է՝ կա´մ Կիեւը պետք է գնա ռուսների հետ պայմանավորվածությունների, որոնց շրջանակները, ի դեպ, Մոսկվան եւ Վաշինգտոնը հստակեցրել են: Կամ, եթե չի ուզում, կարող է պատերազմը շարունակել, բայց արդեն առանց ԱՄՆ-ի ռազմաֆինանսական օգնության: Եվրոպան (Բրիտանիան), եթե ցանկանում է, կարող է օգնել Կիեւին: Միայն թե, իր գրպանի եւ զինանոցի հաշվին:
Ու որքան էլ, ըստ Bloomberg-ի, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները ապշած են Վաշինգտոնի այս քայլից, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն, ով սկսել էր Թրամփին հայրիկ անվանել, հազիվ արտաբերեց, թե՝ «լիովին հասկանում է» Միացյալ Նահանգների գործողությունները, իրավիճակը դրանից չի փոխվում: Այն է՝ Եվրոպան կա´մ փորձում է ինքնուրույն Կիեւին օգնել, եւ հետեւանքները հասկանալի են, կա´մ էլ՝ պետք է իր հերթին Կիեւին ուղղորդի դեպի խաղաղություն: Երրորդ տարբերակն էլ կա՝ Կիեւը կարող է շարունակել կռվել առանց Արեւմուտքի օգնության: Բայց այդ դեպքում, թե որտեղով կարող են անցնել Ռուսաստանի ապագա սահմանները, իհարկե, Եվրոպայի համար լուրջ հարց է դառնում: Այս ֆոնին, իհարկե, Մակրոնի զանգը Պուտինին պատահական չէր:
Այս իրավիճակում Չինաստանը նույնպես պետք է լրջորեն լարվի, քանի որ ամերիկյան «ռազմական ռեսուրսները Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան վերաուղղորդելը» հենց այն է, ինչ կարող է այս իրավիճակին հետեւել: Այսինքն, եթե Պեկինը հույս ուներ, որ ռուսները կշարունակեն կռվել, ինքն այդ ընթացքում կմեծացնի իր միջուկային զինանոցը մինչեւ հազար միավոր, կավարտի պաշտպանական համակարգերի կառուցումը, ապա այդպես չէ:
Ահա Բրիտանիային էլ մնում էր «Բ» պլանը՝ կովկասյան ուղղությամբ սրացումները, որոնց Ալիեւին մղելու միջոցներ, թերեւս, ունեին: Բայց ի՞նչ կլինի, եթե ուկրաինական պատերազմն ավարտվի, ընդ որում, ավարտվտի արդեն իսկ ծրագրվող ռուս-ուկրաինական նոր ստամբուլյան հանդիպման շրջանակներում: Կամ, եթե դրան էլ գումարվի Ստամբուլում Պուտին-Թրամփ հանդիպումը…
Մի խոսքով, դեռ հետաքրքիր զարգացումներ լինելու են: