ԱԼԻԵՎԻՆ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՍՏԻՊԵԼ՝ ԳՆԱԼ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՎերլուծությունՆկատելի է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումների հարցում որոշակի պաուզային վիճակ է առաջացել: Ամեն դեպքում, եթե թեժ փուլում ամեն պահի լսվում էր սրան-նրան բռնելու, տարբեր այլ հարվածների մասին, ապա ներկա պահին դա գոնե տեսանելի չէ կամ գրեթե կանգնեցված է:
ԷՐԴՈՂԱՆԸ ՇՏԱՊԵՑ «ՍԱՌԵՑՆԵԼ» «ՓՈՔՐ ԵՂԲՈՐԸ»
Թե ինչ շրջադարձ է, տեսանելի մասով, կարծես թե հետեւյալն է: Էրդողանը շատ արագ հանդիպեց Ալիեւին, ապա հրապարակավ հայտարարեց, թե գիտեք, Հեյդարովիչը չի ուզում սրացումներ ռուսների հետ: Բայց նաեւ շատ հեռուն տանող միտք հնչեցնելով. «Մենք կշարունակենք աջակցել այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կառուցողական քայլերին (ռուս-ադրբեջանական- հեղ.): Մեր առաջնահերթությունն է խուսափել հանկարծակի սրացումներից, որոնք կխաթարեն դժվարությամբ ձեռք բերված կայունությունը այն տարածաշրջանում, որը բավականաչափ պատերազմներ եւ հակամարտություններ է տեսել: Կովկասն այլեւս համբերություն չունի եւս մեկ հակամարտության դիմանալու»:
Թե ինչ պատերազմների եւ հակամարտությունների մասին է նա խոսում՝ ռուս-ադրբեջանական հակամարտության համատեքստում, դեռ կհասնենք: Մինչ այդ, շարունակենք նախորդ միտքը. Էրդողանից հետո հանդես եկավ նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ իր հերթին հայտարարելով. «Ռուսաստանը ցանկանում է մնալ Ադրբեջանի հետ որպես մոտ գործընկեր ու դաշնակից, եւ տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով»: Ու այս ամենից հետո սրացումների մակարդակը սկսեց նվազել:
Այսպիսով, տպավորությունը սա է. Էրդողանը շատպեց հանդիպել Ալիեւին, թե այս ո՞ւր ես գնում, պետք չէ: Ալիեւն էլ, թերեւս, համաձայնեց «մեծ եղբոր» հետ, հետեւեց Էրդողանի հաշտության կամ ավելի շուտ՝ հրադադարի առաջարկը, որը Մոսկվան ընդունեց: Բայց եթե հենց այս տարբերակն է, որն ամենահավանականի տպավորություն է թողնում, այլ հարց է ծագում. իսկ ի՞նչ է, Էրդողանը տեղյակ չէ՞ր, որ «փոքր եղբայրը» նման սրացումների է պատրաստվում գնալ: Եթե պետք էր նրան կանգնեցնել, ինչո՞ւ կանխավ չէր անում: Առավել եւս, որ սկսած անցած տարեվերջին Ալիեւը պարբերաբար սրում է Մոսկվայի հետ հարաբերությունները, այսինքն, Էրդողանը պետք է պատրաստ լիներ, որ նման մի բան էլի է լինելու, եւ եթե իր համար անցանկալի են նման զարգացումները, էն գլխից նրա գլխին «խելք ու խրատ» կարդար: Այս հարցադրումն ունի սահմանափակ հնարավոր պատասխաններ: Նախ, որ Ալիեւը հարկ չի համարում Էրդողանին նախապես իր ծրագրերը պատմել եւ նրան պարզապես փաստի առաջ է կանգնեցնում: Բայց այստեղ տրամաբանությունը թույլ է. Ալիեւը հանդգնում է ռուսների հետ «քյալլա տալ»` բացառապես թիկունքին զգալով Թուրքիայի դերը: Էլ չասած, որ Էրդողանը շատ ծանրակշիռ ներկայացվածություն ունի Ադրբեջանում, այդ թվում՝ բանակային ստորին եւ ամենավերին կառույցներում: Այսինքն, քիչ հավանական է, որ Ալիեւը կարող էր Էրդողանի աչքից հեռու տարաբնույթ ավանտյուրաների գնալ, ավելին, անգամ դրա իմաստը չուներ, եթե գիտեր, որ Էրդողանը կգա եւ կկանգնեցնի:
Երկրորդ տարբերակը, որ Էրդողանը ամեն անգամ Ալիեւին թույլ է տալիս նման սրացումների գնալ, որ հետո «խաղաղության աղավնու» դիմակ հագնի եւ Մոսկվայից ինչ-որ օգուտ փորձի ստանալ: Այս վարկածը եւս դժվար է շատ լուրջ համարելը:
Վերջապես, որ Ալիեւը կարող է գործել այլ ազդեցությունների ներքո, միգուցե նույնիսկ «ուզած-չուզած» տարբերակով՝ իմանալով, որ Էրդողանը դա լավ չի ընդունի: Այ, այս վարկածի վրա արդեն կարելի է կենտրոնանալ:
ԻՆՉՔԱՆՈ՞Վ Է ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Իրականում կա նաեւ այն հարցը, թե արդյոք Ալիեւին պե՞տք է պարբերաբար այսչափ սրել Մոսկվայի հետ հարաբերությունները: Ինչ-որ առանձնակի օգուտ նա կարծես թե դրանից դեռ չի ստացել: Մինչդեռ առկա, առավել եւս՝ հնարավոր խնդիրների ցանկը շատ մեծ է: Սկսած նրանից, որ ռուսները ուղիղ հարվածներ են հասցնում Ռուսաստանում ազերիական բիզնեսին եւ շատ ավելի մեծ ուժգնության կարող են դրանք հասցնել: Մինչդեռ խոսքը շատ մեծ բիզնեսների մասին է, հսկայածավալ հոսքերի, որոնց զգալի մասը, ի դեպ, հանգրվանում է անձամբ Ալիեւի, նրա մերձավորների, մերձակա կլանի գրպաններում: Վերջապես, եթե բանը հասնի ծայրահեղ թեժացումների, ո՞րն է երաշխիքը, որ մի գեղեցիկ լուսաբացի Ալիեւը հենց իր պատուհանների տակ չի տեսնի ռուսների կասպյան նավատորմը: Այն դեպքում, երբ, հիշեցնենք, այդ նավատորմն ու ռուսների մերձկասպյան տեղակայման ավիացիան ի զորու են գերճշգրիտ հարվածներ հասցնել ընդհուպ՝ Ուկրաինայի արեւմտյան հատվածներին: Իհարկե, կարելի է խոսել տարբեր «թյուրքական» ու նման այլ մեգածրագրերից, որոնք, միգուցե, Հեյդարովիչի համար շահագրգռող գործոններ են: Բայց մեկ է, այդ ամենից աշխարհագրությունը չի փոխվում. Ադրբեջանի ամեն մի կետ, այդ թվում՝ նավթագազային ողջ համակարգը, Մոսկվայի համար միանգամայն խոցելի է:
Բայց եթե Մոսկվայի հետ թշնամությունն Ալիեւին ձեռնտու չէ, ապա կմնա այն տարբերակը, որ նա նման սրացումների գնում է այլ ազդեցություններով, կրկնենք, հնարավոր է ակամա: Եվ այս դեպքում առաջ է գալիս այլ հարց. իսկ Ալիեւը որքանո՞վ է վերահսկում սեփական երկիրը: Սա մերկապարանոց հարց չէ, հաշվի առնելով, որ Ադրբեջանում պարզ տեսանելի են մի շարք արտաքին ուժեր, որոնք ունեն բավականին լուրջ վերահսկողություն: Բրիտանիայի վերահսկողությունը տարածվում է ադրբեջանական նավթագազային համակարգում, այն է՝ տնտեսությունում եւ ֆինանսական համակարգում: Ընդ որում, Ալիեւի եւ նրա կլանի արտաքին ֆինանսական միջոցների մի հսկայական մասը եւս վերահսկելի են, այն է՝ բրիտանացիները ցանկացած պահի կարող են դրանք սառեցնել, արգելափակել, իրենցով անել եւ այլն: Գումարած գրանտակեր ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, հանրային կարծիքի որոշակի վերահսկողություն:
Ոչ պակաս ծանրակշիռ է նաեւ Իսրայելի դիրքերն Ադրբեջանում: Մի կողմից, Բրիտանիան էլ պակաս Իսրայել չէ: Մյուս կողմից, ուղիղ իսրայելական վերահսկողությունը գործում է ինչպես ադրբեջանական անվտանգային, իրավապահ համակարգերում, այնպես էլ ռազմական ուղղությամբ: Այսինքն ասել, թե, օրինակ, Ալիեւն իրականում տեղյակ էր կամ տեղյակ լինելու դեպքում կարող էր խանգարել Ադրբեջանի տարածքից Իսրայելի՝ Իրանին հասցված հարվածները, այսպես ասենք, միանշանակ չէ: Չմոռանանք, որ Իսրայելն էլ իր հերթին ունի գրանտակերների եւ լրատվամիջոցների ցանցեր, նաեւ, չբացառենք, անհրաժեշտության դեպքում զանգվածային հարվածներ հասցնելու պատրաստ լրտեսական ցանց, ինչպես որ դա տեսանելի դարձավ այլ երկրներում: Կա նաեւ հրեական ծագումնաբանությամբ (նաեւ՝ չբացահայտված) լայն համայնք եւ այլն:
Վերջապես, հսկայական է նաեւ Թուրքիայի դերը: Նախ՝ բանակում: Երկրորդը, Ալիեւին մրցակից մի շարք կլաններ ուղիղ թուրքական ազդեցության տակ են: Երրորդը, կա թյուրքական ուղղվածության կառույց-կազմակերպությունների շատ լայն ցանց, որը գործում է կյանքի բոլոր ոլորտներում: Չորրորդը, Թուրքիայի ազդեցությունը շատ մեծ է Նախիջեւանում, եւ եթե Էրդողանը ցանկանա, մեծ հարց է, թե ինչ կլինի այդ ինքնավար հանրապետության հետ:
Կան նաեւ այլ վերահսկողություններ, բայց հիմնականը այս երեքն են: Այսպիսով, թե այս իրավիճակում սեփական պետության նկատմամբ փաստացի, տեսանելի եւ շոշափելի վերահսկողության ինչ մասնաբաժին ունի Ալիեւը, ինքը կիմանա: Սակայն միանշանակ է, որ թվարկված երեք ուժերն էլ Ալիեւին իրենց կամքը թելադրելու բավականին լուրջ հնարավորություններ ունեն, առավել եւս, եթե այդ երեքից երկուսը գործեն միասնաբար:
ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԻ ԳՈՐԾՈՆԸ
Այսպիսով, այդ երեք ուժերից յուրաքանչյուրը ներկայումս ի՞նչ նպատակ է հետապնդում: Բրիտանիային պետք է Ռուսաստանի ռազմավարական զսպում Անդրկովկասում, Իսրայելին՝ Իրանի կտրումը Ռուսաստանից (ինչը թուլացնում է Իրանին՝ այն վերածելով զոհի, որի օրերը առանց Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի հաշված են): Թուրքիան շատ ավելի մեծ ախորժակ ունի՝ ռազմավարական եւ քաղաքական վերահսկողություն ողջ Ադրբեջանի նկատմամբ՝ «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» բանաձեւով։ Բայց եթե Թուրքիայի համար այդ ծրագրերը ռազմավարական իմաստով են՝ երկարաժամկետ կտրվածքի համար, ապա Բրիտանիան եւ Իսրայելը շտապելու կարիք ունեն՝ հնարավորությունների պատուհանն այս պահին է բաց եւ ամեն պահ կարող է փակվել: Բրիտանիայում դա տեսանելի է. սկսվում է նոր խորը ներքաղաքական ճգնաժամ, Սթարմերի կառավարությունը, հազիվ մեկ տարի դիմանալով, ունի վարկանիշային կտրուկ անկումներ, անգամ Mi6-ում է աշնանը փոփոխություն լինելու, եւ այս ամենն էապես ազդելու է նաեւ արտաքին ծրագրերի վրա: Նույնը Իսրայելի համար. եթե Իրանի խնդիրը չի լուծվում, պետք է լուծել Քուրդիստանի հարցը: Բայց սրա համար եւս կարճ ժամանակ է մնում: Ստացվում է, որ Ադրբեջանում գործող երեք հիմնական ուժերից առնվազն երկուսի մոտ հենց այս պահին կա համատեղ շահ՝ Ալիեւին մղել Մոսկվայի հետ ծայրահեղ սրացումների, ընդհուպ՝ ուկրաինական սցենարի:
Ի դեպ, ժամանակին Զելենսկին էլ չէր ուզում մտնել մի պատերազմի մեջ, որի արդյունքն էն գլխից էր պարզ. բայց մտավ: Ալիեւն էլ հազիվ թե ցանկանա. բայց գնում է սրացումների…
Այսինքն, առնվազն Բրիտանիայի եւ Իսրայելի համար շատ ցանկալի լուծում կլիներ Ադրբեջանը երկրորդ Ուկրաինայի վերածելը: Բայց, իհարկե, նաեւ հասկանալով, որ Ադրբեջանն այդ դերի պարզապես չի ձգում. հիշեցնենք ռուսական նավերի եւ Ալիեւի պատուհանի մասին:
Բայց Ադրբեջանը կարող է դառնալ դետոնատոր: Այն հաշվարկով, որ Էրդողանը կշտապի օգնության հասնել «փոքր եղբորը»՝ այլապես վտանգի տակ դնելով անցած տասնամյակների բոլոր ձեռքբերումները: Եվ երկրորդ Ուկրաինան այդ դեպքում պատրաստ է: Միայն թե դրա մեջ մտնելով, Էրդողանն այլ ռիսկերի է գնում. եթե Մոսկվան, այնուամենայնիվ, ստիպված լինի գնալ երկրորդ ճակատով կռվելու, ապա ո՞րն է երաշխիքը, որ առնվազն տակտիկական միջուկային զենքի չի դիմի: Ընդ որում, Էրդողանի համար քիչ մխիթարանք կլինի, որ նրաց հետ «ընկերություն» է անում միջուկային զենք ունեցող Պակիստանը: Բայց եթե անգամ բանը դրան չհասնի, ապա մեկ է, ռուսների հետ բախման գնալով եւ ծայրահեղ թուլանալով, Էրդողանը կարո՞ղ է կանխել նաեւ Թուրքիայի տարածքների հաշվին Քուրդիստանի ստեղծման ծրագիրը. վտանգը չափազանց մեծ է…
Ահա, թե ինչ կովկասյան նոր պատերազմի մասին էր խոսում Էրդողանը՝ շտապելով Ալիեւին «սառեցնել»: Բայց երկա՞ր ժամանակով, հաշվի առնելով, որ Հեյդարովիչի վրա ազդող մյուս ուժերը եւս համառորեն աշխատում են: