ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼԱՅԵԹ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ Է
ՎերլուծությունԵվ այսպես, ծայրահեղորեն սրելով ներքաղաքական իրավիճակը, Նիկոլը հասցրեց «տակից» երկու առանցքային հանդիպում ունենալ՝ Էրդողանի, ու գրեթե անմիջապես էլ՝ Ալիեւի հետ: Ու ասել, թե այս ամենն իրար հետ կապված չեն, միամտություն կլիներ:
ՀԻՆ ՇՂԹԱՅԻ ՆՈՐ ՕՂԱԿԸ
Հասկանալը դժվար չէ. առանց ներքին ուշադրությունը այլ ուղղություններով շեղելու, Էրդողան-Ալիեւ զույգի հետ այդ հանդիպումները խոստանում էին այնպիսի մեծ աղմուկ առաջացնել, որ տակից դուրս գալը շատ դժվար կդառնար: Առավել եւս, երբ այդ հանդիպումներում, ինչպես երեւում է, քննարկվում են թեմաներ, որոնք, մեղմ ասած, հայաստանյան հանրության կողմից սվիններով կըդունվեին, եթե հիմնական ուշադրության կետրոնում մնային: Գումարած, ամենօրյա դարձած այս «բռնոցիները», իհարկե, իրենց հերթին են թուլացնում ընդդիմության հնարավորությունները՝ զանգվածային հակազդեցություն կազմակերպելու հարցում:
Այնուամենայնիվ, հասկանանք, թե այդ ո՞ւր է իրականում Հայաստանը տանում Նիկոլը, որ արդեն ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում: Անգամ աչքի առաջ ունենալով, որ այս ամենը կպնելու է այն բոլոր արարքներին, որոնք նա թույլ է տվել քառօրյա պատերազմի, Արցախի հայաթափման, հայաստանյան հողերը թշնամուն հանձնելու եւ նման այլ գործընթացների ժամանակ: Առավել եւս, որ օրերս դա ուղղակիորեն հաստատեց նաեւ Էրդողանը՝ հայտարարելով, թե՝ Թուրքիան հետեւում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության բանակցությունների առաջընթացին՝ սպասելով համաձայնագրի ստորագրմանը, որը «կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները»:
Իհարկե, դետալային տեսքով դեռ վերջնականապես գնահատել է պետք, թե ինչ տեղի ունեցավ Ալիեւի, ասենք նաեւ Էրդողանի հետ հանդիպումներում: Սակայն որոշակի ընդհանրական դիտարկումներ այս պահին էլ կան: Այն, որ տեեւական ժամանակ Նիկոլը հետեւողականորեն Մոսկվային հեռացնում էր հայ-ադրբեջանաակն գործընթացից, այդ թվում՝ արցախյան, նաեւ զուգահեռ թուլացնում էր Մոսկվայի դիրքերը բուն Հայաստանում՝ արեւմտյան վեկտոր խաղարկելով, հին պատմություն է: Բայց այն բանից հետո, երբ Արեւմուտքում սկսվեցին «ներքին խմորումներ», որոնց արդյունքում ԱՄՆ-ն դուրս եկավ նաեւ հայ-ադրբեջանական գործընթացն առնվազն առաջին դեմքով առաջ տանողի դերից, իսկ Մակրոնն «առաջին ջութակի» դերի համար պարզապես համապատասխան քաշային կարգը չունի, Նիկոլի համար մնում էր երկու տարբերակ՝ թուրքական կամ ռուսական ուղղությունը: Ու Էրդողանին այցելելը նաեւ Մոսկվայում այդ ընկալումն առաջացրեց՝ Նիկոլը նախապատվություն է տալիս Էրդողանի քաղաքական վերահսկողությանը: Իսկ դա, ինչպես նաեւ ռուսական փորձագիտական հանրությունն է սկսել առանց թաքցնելու խոսել, Էրդողանի կողմից հայտ է՝ ողջ հարավկովկասյան հարթակում հիմնական դերականարի ֆունկցիան ստանձնելու՝ դուրս մղելով ինչպես ռուսներին, այնպես էլ՝ ամերիկացիներին, եթե անգամ Վաշինգտոնում մտածում են, թե կարող են խաղը փոխել:
Իսկ ահա Ալիեւի հետ հանդիպումը Նիկոլի՝ Էրդողանին «խոնարհման գնալու» հետեւանքն է. կփորձեն կենտրոնանալ այն ամենի շուրջ, ինչի մասին խոսվել է Ստամբուլում:
Ահա, երբ շրջանցում ենք դետալները (միջանցքներ եւ նման բաներ), հենց սա է նիկոլյան այս յոթամյա գործունեության գլխավոր փաստը՝ Թուրքիան հնարավորություն ստացավ Հարավային Կովկասում թիվ 1 դերակատարության համար ռեալ հայտ ներկայացնելու միանգամայն ծանրակշիռ հիմքեր: Այդ իրողությունը, առանց ներհայաստանյան ներկա սրացումների, իհարկե կարող էր լուրջ պայթյուն առաջացնել՝ հարվածի տակ դնելով Նիկոլի այդ քայլերը: Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք:
ՆԻԿՈԼԸ ՏԱԼԻՍ Է, ԻՍԿ ԱԼԻԵՎԸ ԿՎԵՐՑՆԻ՞
Այս իրավիճակում ամբողջ հարցը իրականում այլ հարթությունում է: Նիկոլը նոր չէ, որ պատրաստակամություն է հայտնել հայաստանյան վեկտորը շրջել թուրքական ուղղությամբ, չնայած նախկինում այն քողարկված էր արեւմտյանի անվան տակ: Բայց այն ժամանակ էլ էր հասկանալի. «խաղաղության պայմանագիր» կոչված թղթի արեւմտյան տարբերակը, որը Նիկոլը միշտ էլ պատրաստակամ էր ստորագրել, իր տակ, իհարկե, պարունակում էր Արեւմուտքի կողմից որոշակի վերահսկողություն, ասենք, Սյունիքում: Բայց մեկ է՝ եթե, օրինակ, երկաթուղին պետք է այդ սցենարով Ադրբեջանից մտներ Մեղրի, ապա` Նախիջեւան եւ Թուրքիա, ինչ էլ գրվեր թղթի վրա, ռեալ վերահսկողությունը մնում էր Թուրքիային, թեկուզեւ` ՆԱՏՕ-ի անվան տակ: Հիմա եւս ամերիկյան վերահսկողության մասին ինչ-որ տարբերակներ փորձում են դնել շրջանառության մեջ: Թե իբր կա Թրամփի հստակ ծրագիրը, որ Մեղրիի անցման պատասխանատվությունը պետք է անցնի ինչ-որ ամերիկյան «չեզոք» ընկերության: Եթե անգամ այդպես է, մեկ է՝ դրանից իրականում բան չի փոխվում. ԱՄՆ-ն հեռու է, իսկ Թուրքիան՝ այդ ծրագրի ուղիղ շահառուն է՝ ամեն պահի այդ գիծը բացել-փակելու ռեալ հնարավորություններով հանդերձ: Ու դրանից անմիջականորեն բխում է նաեւ քաղաքական վերահսկողությունը, էլ չենք խոսում Սյունիքը ազերիներով լցնելու գաղափարի մասին, որը թուրք-ազերիական տանդեմը համառորեն առաջ է տանում: Դա թույլ չտալու միակ ռեալ հեռանկարը նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա Մեղրիի գծի գործարկումն է՝ ռուսների ներկայությամբ ու ուժային համապատասխան պոտենցիալով հանդերձ: Ու հենց դա է, որ հետեւողականորեն ձախողեց Նիկոլը:
Բայց ահա, այն ժամանակ հենց թուրք-ազերիական տանդեմն էր, որ չգնաց այդ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու ուղղությամբ, ինչքան էլ, որ այն համառորեն առաջ էր տանում Ֆրանսիան, ապա մի պահ անգամ քառակողմ հավաք կազմակերպեցին՝ Գերմանիայի մասնակցությամբ, հետո գործնթացն իր անձնական հսկողության տակ վերցրեց Բայդենի պետքարտուղար Բլինկենը: Ալիեւը համառորեն հրաժարվում էր ստորագրել, որը հազիվ թե առանց Թուրքիայի «դաբրոյի» արվեր: Իմաստը սա է. Թուրքիան հասկանում է, որ դա նշանակում է ուղիղ բախում Ռուսաստանի հետ, որին գնալ չցանկացավ:
Ուրեմն, որքանո՞վ է իրավիճակը հիմա փոխվել, երբ բանը հասավ առանց որեւէ միջնորդի մասնակցության՝ Նիկոլի եւ Ալիեւի այս առաջին հանդիպմանը: Այսինքն, ինչպես վերջերս նշելու առիթներ ունեցել ենք, Էրդողանն այս պահին պատրա՞ստ է գնալ ռուսների հետ այդ բախմանը:
Իհարկե, ռուսների հետ բախման գնալու պատրաստակամության մասին ազդակ կարելի է համարել Ալիեւի վերջին սուր հակառուսական քայլերը: Բայց նաեւ չմոռանանք, որ Էրդողանը շտապեց դրանք մեղմել: Մյուս կողմից, քանիցս նշել ենք, որ Էրդողանն այլ միանգամայն սուր խնդիրներ ունի, եւ դրանք ոչ մի տեղ չեն անհետացել:
Բայց կան նաեւ այլ հարցեր. իսկ միգուցե Անկարայում այն համոզմոնքի՞ն են, որ Մոսկվանն ինքն այս պահին չի գնա որեւէ սրացման, անգամ եթե «Զանգեզուրի միջանցք» ստեղծվի: Հետագայում միգուցե ռուսները փորձեն իրավիճակ փոխել, առավել եւս, որ Նախիջեւանից Թուքիա երկաթուղու կառուցումը տարիներ է պահանջելու, եւ այդ ժամանակ շատ բան կարող է փոխվել: Բայց դե հետո ի՞նչ կլինի, եւ Անկարան պատրա՞ստ է այդ հետոյի համար ռիսկի գնալ: Առավել եւս, որ խոսքը կոմունիկացիաների համար պայքարի մասին է, եւ պարտադիր չէ, որ դա վերածվի ռուս-թուրքական նոր ռազմական բախման:
ԻՐԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ
Մյուս կողմից, Իրանի ներկա դիրքերը եւս կարող են Էրդողանի համար «հարմար պահի» տպավորություն ստեղծել: Օրինակ, երբ Իրանի նախագահը վազում է Ստեփանակերտում Ալիեւի հետ ողջագուրվելու, այդտեղ հակահայկական ուղղվածության թղթեր է ստորագրում, ապա դա արդեն շատ բան է ակնարկում: Ճիշտ է, Իրանում նաեւ Պեզեշկիանի այդ քայլը որոշակի թեւերի կողմից բուռն քննադատության ենթարկվեց, սակայն դա Էրդողանը կարող է նաեւ բարենպաստ ազդանշան համարել: Այսինքն, երբ նախագահն ինչ-որ քայլ է անում, իշխանության թեւերից մեկը սկսում է դա ծանր քննադատության ենթարկել, մի մասն էլ՝ ինչ-որ արդարացումներ են գտնում (օրինակ` Հայաստանում Իրանի դեսպանն ինչ-որ բացատրությւուններ տվեց, թե, գիտեք, Պեզեշկիանը ստորագրել է, բայց վերապահումներով), ապա դա նշանակում է, որ Իրանի իշխանական համակարգում կա հայացքների տարբերություն, ոչ կայուն վիճակ, որից կարելի է եւ պետք է օգտվել:
Ամեն դեպքում, օրերս Բայրամովը հերթական անգամ հիշեցրեց, որ դեռ մնում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը, որը անհրաժեշտություն է «խաղաղության պայմանագրի» համար: Բանն այն է, որ ի սկզբանե, երբ Բաքուն ցանկանում է հերթական անգամ որեւէ բան չստորագրել, մեյդան է բերում Սահմանադրության թեման՝ հասկանալով, որ Նիկոլը Հայաստանում ում էլ բռնի, մեկ է, Սահմանադրություն փոխելու հարցում լրջագույն խնդիրներ ունի: Բայց նաեւ բացառել պետք չէ, որ Բայրամովի այս նոր հայտարարությունը ներքին լսարանի համար է, թե, տեսեք, պահանջեցինք, Նիկոլը որոշ խոստումներ տվեց, բայց որոշել ենք գործը չկանգնեցնել:
Կարճ ասած, սպասենք Աբու Դաբիի հանդիպման ռեալ արդյունքներին, հաշվի առնելով, որ նախնական գնահատումները, թեեւ երկակի սպասելիքներ են առաջացնում, բայց նաեւ ավելի հավանական տեսք ունի, որ «խաղաղության պայմանագիր» կոչված թուղթը, որը «կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները», տեղափոխվելու է ստորագրման փուլ: Ամեն դեպքում, Ալիեւ-Էրդողան զույգը եւս հասկանում է, որ ներկա «հնարավորության պատուհանը» երկար բաց չի մնա: Նիկոլն ամիսներ անց մտնելու է ընտրական փուլ, որի ժամանակ, անկախ այս «բռնոցիներից», վերարտադրվելու հարցում լուրջ խնդիրներ կունենա, առավել եւս՝ ներկա մոնոպոլ վիճակով: Աշխարհն էլ շատ արագ է փոխվում, եւ շատի հետեւից վազելով, կարող են նաեւ քիչը կորցնել:
Те;с наеу https://t.me/iravunk/54466