Կփորձեն թյուրքական ահաբեկիչներին Ադրբեջանից ուղղորդել Իրանի դեմ
ՎերլուծությունԱյն, որ Իրանին լրջորեն անհանգստացրել է Սիրիայի «նախագահ», ահաբեկիչ Ահմադ ալ-Շարանի (Ջուլանի) այցն Ադրբեջան, ակնհայտ է: Նաեւ տրամաբանական, հաշվի առնելով, որ այն իմաստը, որն իրանցի փորձագետները դնում են այդ այցի հիմքում, իրոք մտահոգվելու առիթ տալիս է, ընդ որում` նաեւ Հայաստանին:
ԻՆՉՈՒ ԷՐ ՋՈՒԼԱՆԻՆ ԳՆԱՑԵԼ ԲԱՔՈՒ
Ադրբեջանական ուղղությունը Թեհրանի համար ծայրահեղ մտահոգիչ դարձավ հատկապես 12-օրյա պատերազմի ֆոնին: Քիչ չեն ապացուցող փաստերը, որ նաեւ այդ երկրի տարածքից է Իսրայելը հարվածներ հասցրել Իրանին, ինչի մասին սկսել են բաց խոսել անգամ արեւմտյան աղբյուրները: Օրինակ, հեղինակավոր հրատարակություններից մեկը՝ «National Interest»-ը, նախօրեին գրեց. «Իսրայելցիները օգնեցին Ադրբեջանին 2020 թվականի Հայաստանի դեմ պատերազմում, եւ ի պատասխան Բաքուն թույլ տվեց իսրայելցիներին Ադրբեջանի տարածքից մի շարք անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել իրանական հրթիռային եւ հակաօդային համակարգերին»: Իսկ դա նշանակում է, որ Թեհրանն ամենեւին էլ չի կարող բացառել, որ Ադրբեջանի տարածքից կարող են նաեւ Իրանի դեմ ցամաքային գործողություններ իրականացվել: Ու մասնավորապես դա էլ վտանգավոր երանգներ է տալիս Ջուլանիի ադրբեջանական այցին:
Այսպես, իրանական տարբեր փորձագետներ կարծում են, որ Ալիեւ-Ջուլանի պայմանավորվածությունները կարող են վերաբերել Սիրիայում կուտակված գրոհային խմբավորումներին եւ, առաջին հերթին՝ ԱՊՀ տիրույթի, չինական ույղուրների, թյուրքական այլ ուժերի խմբավորումներին Ադրբեջանի հարավում, այդ թվում՝ Նախիջեւանում կենտրոնացնելու իմաստ: «Դատելով մի շարք նշաններից՝ կողմերը՝ արտաքին խաղացողների աջակցությամբ, նախապատրաստում են հիբրիդային էսկալացիա ամենախոցելի եւ ռազմավարական առումով կարեւոր տարածքում՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում: Դաշտային դիտարկումների հիման վրա ուրվագծվում է Իդլիբի, ալ-Բաբի եւ Սիրիայի այլ հյուսիսային շրջանների ճակատներից մնացած տարրերը Նախիջեւանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահման տեղափոխելու ծրագիր»,- գրում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրը:
Իմաստը, թերեւս, հասկանալի է. այն պահին, երբ Իսրայելը կորոշի հերթական հարձակումը սկսել (իսկ դա միանգամայն իրատեսական է մոտ երկու ամսից՝ դատելով Նեթանյահուի հայտարարություններից), այդ խմբավորումները կարող են ներխուժել Իրանի հյուսիսային գոտի՝ փորձելով այդ հատվածում ներքին ապստամբություն հրահրել՝ ակտիվացնելով նաեւ ներիրանական պանթյուրքիստական շարժումները:
Բացի սրանից, մի շարք փորձագետներ կարծում են, որ «զինաթափված» Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին եւս կարող են օգտագործել Իրանի դեմ՝ նրանց կցելով իրաքյան եւ իրանական քրդական ուժերին եւ նախանշված պահին ուղղորդելով իրանական հյուսիս-արեւմտյան հատվածի ուղղությամբ: Իհարկե, այստեղ նաեւ հասկանալ է պետք, թե դա Թուրքիայի համար լա՞վ է, թե՝ վատ, որին դեռ կհասնենք:
Ամեն դեպքում, իրանական փորձագետներն այս ամենը համարում են երկրի ազգային անվտանգությանն ուղղված ծայրահեղ լուրջ վտանգ, նաեւ կարծելով, որ իրականում խնդիրը շատ ավելի լուրջ կարող է լինել: Ու սա արդեն ուղիղ կապված է նաեւ Հայաստանի հետ: Այն, որ այս իրավիճակը համընկավ Թուրքիա-Ադրբեջան ուղղությամբ Նիկոլի վերջին խաղերի հետ, իհարկե, ոչ մի կերպ պատահական չես համարի: Առավել եւս, որ փորձագիտական աղբյուրներն արդեն միանշանակ են համարում, որ հիմնական օրակարգը վերաբերել է հենց «Զանգեզուրի միջանցքին»: Ու Թեհրանում կարծում են, որ եթե անգամ Սյունիքը չդառնա հակաիրանական գոտի, այլ թեկուզեւ այն «փակվի»՝ խզելով ռուսների հետ կապը, ապա Իրանի համար վտանգը կբազմապատկվի:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՄ Է ՊԵՏՔ ԹՅՈՒՐՔ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՍԻՐԻԱՅԻՑ ՀԱՆԵԼԸ
Թե իրականում ինչ գործընթաց է զարգանում, կարելի է հասկանալ: Մի կողմից՝ Կիեւում երկու ադրբեջանցու են գնդակահարում, իսկ Բաքվից ծպտուն անգամ չի լսվում. դա ամենատեսանելի ցուցիչն է, թե իրականում Ալիեւն ում ենթակայությամբ է խաղում: Բացի այդ, հուլիսի սկզբներին Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմը, այցելելով Դամասկոս, հայտարարեց ինչպես պաշտոնապես միջազգային ահաբեկիչ ճանաչված Ջուլանիի ղեկավարած Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, այնպես էլ, որ տվյալ դեպքում շատ ավելի ցցուն իմաստ ունի, Սիրիայի Կենտրոնական բանկի եւ 23 այլ կազմակերպությունների սառեցված ակտիվները ապասառեցնելու մասին, բնական է՝ երկրում ներդրումները խրախուսելու գեղեցիկ անվան տակ: Իսկ թե հանուն դրա ինչ պետք է անի Ջուլանին, մասամբ հասկանալի դարձավ նրա ադրբեջանական այցից:
Սակայն այդ այցը, բացի ահաբեկիչներին Իրանի դեմ նետելուց, այլ հեռանկարային իմաստ եւս ունի: Այսպես, վերջերս հայտնի դարձավ, որ Թրամփը Նեթանյահուի առաջարկով Սիրիայում ծրագրում է կառավարման իրաքյանին մոտ համակարգ: Այն է՝ իշխանության մեջ առանցքային դեր կստանան քրդերը, ապա նաեւ՝ Իսրայելի բացահայտ հովանավորյալ դրուզները: Ու սրա հետ միաժամանակ, Սիրիայից հիմնականում թուրքամետական ուժերին ուղարկում են Իրանի դեմ պատերազմելու: Ընդ որում, այդ խմբավորումները կկարողանա՞ն ինչ-որ արդյունքի հասնել, դա դեռ հարցի մի կողմն է: Նաեւ հաշվի առնելով, որ թեեւ Իրանը անհանգստություն ցույց տալիս է, սակայն դա նաեւ կպարտադրի ուշադրության բազմապատկում: Գումարած, ինչպես իրանական բանակը, այնպես էլ՝ ԻՀՊԿ-ի ուժերը (ցամաքային ուժերը) 12- օրյա պատերազմում ինչ-որ առանձնակի կորուստներ չեն կրել, եւ ասել, թե Սիրիայից ահաբեկչական խմբավորումներին նրանց դեմ տեղափոխելու դեպքում դրանք, թեկուզեւ եթե Իսրայելը օդային հարվածներ հասցնի, կունենան ինչ-որ էական շանսեր, այդքան էլ ռեալ չէ:
Այդ դեպքում, ինչո՞ւ են նրանց Իրանի դեմ ուղղորդելու, եթե իրականում Ջուլանիի ադրբեջանական այցի հիմքերից մեկը իրոք դա էր: Այսպես, անկախ այն բանից, թե այդ խմբավորումներն արդյունքի կհասնեն, թե՝ ոչ, մեկ բան հաստատ է՝ դրանք Սիրիայում չեն մնա: Ու եթե այդ երկրի կառավարման համակարգում նախատեսված հիշատակված փոփոխություններն ամրացնում են քրդական եւ դրուզական գործոնները, որոնք, ի դեպ, պահպանում են իրենց ռազմական դիրքերը, իսկ թյուրքական գործոնը, ի հաշիվ նշված խմբավորումները հանելու, թուլանում է, ապա այդտեղից մինչեւ Սիրիայի արեւելյան հատվածը Քուրդիստան դարձնելը կմնա ընդամենը կես քայլ:
Թուրքիայի համար այս խաղում կարող է շահագրգռող գործոն դառնալ, որ այնտեղից էլ քրդական PKK-ի ուժերին են զինաթափում եւ հանում, որն Անկարան կարող է ընկալել` որպես քրդական խնդրի լուծում: Եվ իրոք, այս օրերին քրդերը տեսախցիկների առաջ մի քանի հին ավտոմատներ հանձնեցին, թե, տեսեք, զինաթափվում ենք: Բայց նրանք կուղարկվեն Իրա՞ն, իրաքյան Քուրդիստա՞ն, սիրիական Քուրդիստա՞ն, ով իմանա: Էլ չասած, որ Թուրքիայի արեւելյան եւ հարավ-արեւելյան գոտիներում բնակվող միլիոնավոր քրդերը ոչ մի տեղ էլ չեն գնում: Եվ այն պահին, երբ Սիրիայում Քուրդիստան անունով միավոր ստեղծվի, հաստատ թուրքական այդ քրդերն իրենց զգացնել են տալու:
Ամեն դեպքում այն, որ ներկայումս մասշտաբային է դարձել Իսրայելի կողմից «Դավթի միջանցք» նախագծի (Քարտեզում) մասին խոսակցությունները, որի առանցքային դրվագներից մեկն էլ Քուրդիստանի գաղափարն է՝ Իսրայելից այնտեղ տանող միջանցքով հանդերձ, դա եւս պատահական լինել չի կարող:
Թե Լոնդոնի ինչին է պետք նման խաղը, դա եւս կարելի է կռահել: Թեկուզեւ ժամանակավոր խառնաշփոթը Իրանի հյուսիսում կամ Հարավային Կովկասում, արդեն իսկ կարող է որոշակի խնդիրների առաջ կանգնեցնել Մոսկվային: Թեկուզեւ կարճաժամկետ: Մյուս կողմից, եթե Լոնդոնն ինչ-որ բան է անում Իսրայելի համար, դա արդեն լուրջ շարժառիթ է:
ՆԱԵՎ ՍՐԱ ՀԱՄԱ՞Ր Է «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ՊԵՏՔ
Մեկ ուշագրավ դետալ եւս կա` «նախագահ» Ջուլանիի ադրբեջանական այցի հետ կապված: «Ալիեւը գազի ուղի է բացում սիոնիստների համար՝ ալ-Ջուլանի ռեժիմի միջոցով: Ինքնահռչակ Սիրիայի նախագահ ալ-Ջուլանիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց ադրբեջանական գազը Սիրիա արտահանելու նախագծի մեկնարկի մասին։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանից սիոնիստական ռեժիմ Թուրքիայի եւ Սիրիայի միջոցով գազատար կառուցելու հին նախագծին, որի դեմ Ասադի կառավարությունը կտրականապես դեմ էր, եւ որի համար այն հետագայում ներքաշվեց ռեժիմի փոփոխության պատերազմների մեջ»,- պնդում են մի շարք փորձագիտական աղբյուրներ:
Ահա այստեղ պարզ հարց է ծագում` իսկ ինչպե՞ս է Ալիեւը գազը հասցնելու Թուրքիա: Գոյություն ունեցող Վրաստանով անցնող գազատարն արդեն իսկ ծանրաբեռնված է եւ ուղղված է դեպի Եվրոպա մատակարարումներին: Այսինքն, Սիրիա-Իսրայել ուղղությունը պահանջում է նոր գազատար: Վրաստանով նոր խողովակաշար կառուցելը երկար է ու թանկ: Շատ ավելի կարճ, քիչ ժամանակատար եւ էժան կլիներ Մեղրիով գազը Թուրքիա հասցնելը, եւ հենց այն դիրքում, որտեղից Սիրիա հասնելն ամենահարմարն է: Ու սա իր հերթին է իմաստավորում ներկայիս գերգաղտնի գործընթացները, որոնք Նիկոլը զարգացնում է թուրք-ազերիական ուղղությամբ:
Չնայած, մեկ հանգամանք եւս միշտ պետք է հաշվի առնել. «Զանգեզուրի միջանցք» բացել հասկացությունն ամենեւին էլ մեկ շաբաթվա կամ ամսվա հարց չէ: Դա տարիներ է պահանջում, մինչեւ երկաթուղի, նավթամուղ-գազամուղ կամ նման այլ բան կկառուցես: Մինչդեռ, թե միջնաժամկետ հեռանկարում աշխարհաքաղաքական ինչ կոնֆիգուրացիա կստեղծվի Հարավային Կովկասում, որ ուժն առաջին պլանում կմնա, որը տարածաշրջանից դուրս կմղվի, մեծ հարց է: Ներքին իմաստով՝ Նիկոլ, ասենք նաեւ՝ Ալիեւ ու Էրդողան կլինեն, թե՝ ոչ, ով իմանա: Մինչդեռ միայն նման հստակեցումները կարող են տալ «Զանգեզուրի միջանցք» լինել-չլինելու հարցին, այլ ոչ թե Նիկոլը հիմա ինչ թուղթ կստորագրի:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54604